Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք. Գեւորգ սրբազան

Հուլիս 01,2025 16:30

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը անընդունելի է համարում Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված գործողությունների հարցի կուսակցականացման փորձը:

«Փորձում էին հարցին կուսակցական բնույթ hաղորդել, քաղաքականացնել: Միքայել սրբազանը ճիշտ հայտարարությամբ հանդես եկավ: Հայ եկեղեցին որեւէ ուժի, կուսակցության կամ իշխանության ձեռքին գործիք չի դառնալու: Սա պետք է բացառել: Բոլոր հարցերը, որոնք մտահոգում են մեր ազգին, առնչվում են մեր պետականությանը, այդ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ հայտնել ու շարունակելու ենք հայտնել: Բայց որեւէ մեկը մտքով չանցկացնի մեզ դարձնել գործիք այս քաղաքական զարգացումների մեջ: Ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ սրբազանը:

Ո՞վ է փորձել քաղաքականացնել` հարցին նա պատասխանեց՝ ովքեր որ փորձել են, ապա շարունակեց. «Ի՞նչ էր նշանակում այդ ժամանակ իմպիչմենտի թեկնածու: Այդ իրավիճակում այդ տեսակ հարց առաջ բերելու իմաստը ո՞րն էր»:

Շատ հարցադրումներ եղան, թե ով ի վերջո համոզեց Միքայել սրբազանին գնալ քննչական մարմին, այսօր լրագրողներն այդ հարցը ուղղեցին նաեւ Գեւորգ սրբազանին: Ի պատասխան՝ նա ասաց. «Դա Միքայել սրբազանի անձնական որոշումն է եղել, որը կայացվել է փաստաբանների հետ խորհրդակցության արդյունքում: Իսկ մենք օրենքի տիրույթից կարո՞ղ ենք դուրս գալ»:

Եթե Միքայել սրբազանը մնար ու ինքնակամ չգնար քննչական մարմին՝ ի՞նչ կլիներ հարցին, Գեւորգ սրբազանը պատասխանեց. «Բախումներ կլինեին, բախումները կխորանային, որովհետեւ արդեն հրահրողներ կային» :

Նա նաեւ վստահեցրեց, որ Մայր Աթոռում Միքայել սրբազանը չէր եկել թաքնվելու, այդ օրը սուրբ Էջմիածնում քահանայաց ժողով կար, որը մշտապես Միքայել սրբազանն է ղեկավարել:

Մասյացոտնի թեմի առաջնորդը նաեւ անընդունելի որակեց Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ Հայրապետի դեմ սկսած արշավը.

«Այն, ինչ վերագրվում է Վեհափառ Հայրապետին՝ որակում եմ որպես բամբասանք: Ավելի լավ է բացահայտեն, հայտնաբերեն այդ բամբասանքի աղբյուրին: Վեհափառի անձի հետ մի կապեք ամեն ինչ, խոսքը հայ եկեղեցուն է վերաբերվում: Վեհափառն իր գործունեությամբ ապացուցել է , որ եկեղեցականի նվիրումի օրինակ է: Մեզ համար Վեհափառ Հայրապետը միշտ եղել է ներշնչման աղբյուր, որովհետեւ նրա օրոք հայ եկեղեցին աննախադեպ զարգացում է ապրել»:

Նա նաեւ բացառեց, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցում համախոհներ կկարողանա գտնել. «Բացառում եմ: Եթե մեկը ուխտից հրաժարվեց կամ շեղվեց՝ այ նա Փաշինյանի ասած ուխտադրուժն է: Եթե մեկը դարձավ համախոհ եկեղեցու դեմ այս քարոզարշավին, այս հալածանքին, նա ինքնաբերաբար դառնում է ուխտադրուժ: Իսկ ուխտադրուժներին կարգալույծ են անում»:

Գեւորգ սրբազանը նաեւ պատահական չհամարեց ադրբեջանական մամուլի՝ Մայր Աթոռում տեղի ունեցած իրադարձություններին անդրադառնալուն. «Բնականաբար, թշնամի երկիր է, տեսնում է մեր ներազգային անհամերաշխությունը. դրանից պետք է ցնծա եւ ուրախանա ցանկացած թշնամի երկիր, ում ձեռնտու է մեր թուլանալը»:

Վերջում սրբազանը իր զարմանքը հայտնեց եկեղեցու ու կուսակրոնների դեմ սկսված հալածանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի քար լռության հետ կապված. « Ինչո՞ւ է լռել մինչեւ այսօր: Պատմության մեջ այդ կնոջը անունը ինչպե՞ս է մնալու, որպես լռո՞ղ մարդու իրավունքների պաշտպան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031