Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոյ եւ Վաղարշապատ համայնքների ընդդիմադիր շրջանակը աղմկում է, հասկանում են, որ պարոն Մեխակյանի հետ մրցելն իրենց բանը չէ»․ Դավիթ Խուդաթյան

Հուլիս 01,2025 17:00

Կառավարությունը միավորում է Վաղարշապատ եւ Խոյ խոշորացված համայնքները։ Օրենքի նախագիծը քննարկվեց ԱԺ արտահերթ նստաշրջանում։

Ավելի վաղ տեղեկացրել, էինք, որ Վաղարշապատ համայնքում նոյեմբերին անցկացվելու են ավագանու ընտրություններ։ Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն մտադիր է այս պաշտոնի համար առաջադրել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։

Արման Ղազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը դիմեց ՏԿԵ նախարար Դավից Խուդաթյանին․ «Դուք քաղաքական նպատակներով խոշորացնում եք եւ ասում եք՝ ավագանու ընտրություններ նշանակենք։ Բերեք հստակ հիմնավորում՝ ո՞րն է նպատակը, որպեսզի մենք հասկանանք։ Ձեր հիմնավորման մեջ ես ոչինչ չհասկացա՝ նպատակն ի՞նչ է»։

Դավիթ Խուդաթյանն ասաց, որ ՀՀ-ում, բացի Վաղարշապատ համայնքից, չկա այլ համայնք, որը բաղկացած կլինի քաղաքային եւ մեկ գյուղական բնակավայրից։ Համայնքն այդ տեսքով, ըստ նրա, դոտացիաների տրամադրման տեսանկյունից տուժում է։ Վերամիավորման գործընթաց է տեղի ունենում, որի տրամաբանությունն այն է, որ համայնքը բնակիչների թվով կդառնա ավելի մեծ, ավելի էֆեկտիվ կառավարում կիրականացվի այնտեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ ՏԿե նախարարը խաբեց բոլորին՝ հայտարարելով, որ համայնքներում հանրային լսումներ են եղել։ Հղում անելով Վաղարշապատի համայնքապետարանի կայքին՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ խոշորացման թեմայով հանրային լսումների մասին որեւէ հայտարարություն չկա։ «Իրականում ի՞նչ է կատարվել, Վաղարշապատում ՔՊ-ական համայնքապետի հրաժարականից հետո թեկնածու չունեն, Խոյ համայնքից Արգիշտի Մեխակյանն ընդունելի թեկնածու է։ Ի՞նչ անել, որոշել են երկու համայնքը միավորեն, որ նորից իրենց քաղաքապետն ունենան»,- ասաց Մանուկյանը։

Դավիթ Խուդաթյանն ի պատասխան ասաց, որ ընդդիմադիրները ստում են՝ ասելով, թե հանրային քննարկում չի իրականացվել։ «Ուզում եմ պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում իրականում։ ՔՊ կուսակցությունը հայտարարել է, որ վարչությունն ունի որոշում՝ ընտրություններում հանդես գալ Արմավիրի գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանի թեկնածությամբ։ Խոյ եւ Վաղարշապատ համայնքների ընդդիմադիր շրջանակը հասկանում է, որ պարոն Մեխակյանի հետ մրցելն իրենց բանը չէ եւ դրա համար նրանք աղմկում են։ Այլ բացատրություն չկա, ընդդիմությունը սարսափում է ընտրությունների մտքից»,- ասաց Խուդաթյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031