Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ընտրվել է Եվրոպական Միության LIVEMX ծրագրի դրամաշնորհային շահառու

Հուլիս 01,2025 17:40

Եվրոպական Միության LIVEMX ծրագրի դրամաշնորհի միջոցով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կիրականացնի «ՌԵԶՈՆԱՆՍ վերափոխելով Հայաստանում կենդանի երաժշտության համերգների և համերգասրահների սպասարկման մասին պատկերացումները» նախագիծը, որը նշանակալի քայլ է Հայաստանում կենդանի երաժշտության ոլորտում նոր մասնագետների ներգրավման, ժամանակակից ստանդարտների ներդրման և տեխնիկական անձնակազմերի վերապատրաստման գործում։ Ծրագրի նպատակն է խթանել հայ և եվրոպացի մասնագետների համագործակցությունը, ներդնել կայուն մեթոդներ և ամրապնդել տեխնիկական անձնակազմերի մասնագիտական կարողությունները։

Նախագիծը կիրականացվի 6 ամիսների ընթացքում՝ 2025-ի հուլիսից 2026-ի հունվար:

Ծրագրի առանցքում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, որը կծառայի որպես ինքնատիպ «արվեստանոց»՝ մասնագիտական վերապատրաստումների և մասնագիտական նորարարությունների համար։

Նախագծի շրջանակում նախատեսվում են հետևյալ հիմնական վերապատրաստումները՝

  • Հմտությունների զարգացում ձայնային տեխնոլոգիայում, լուսային լուծումների նախագծում, լսարանի ներգրավման և համերգասրահների կառավարման ոլորտներում
  • Փորձի փոխանակում եվրոպացի փորձագետների և ոլորտի հայ մասնագետների հետ
  • Երաժշտական ռեզիդենտություններ և շոու-ծրագրեր, որոնք համատեղ ստեղծագործելու հարթակ կձևավորեն ու կնպաստեն միջազգային ճանաչելիությանը
  • Կայուն մեթոդների ներդրում, ներառյալ էկոլոգիապես մաքուր միջոցառումների անցկացում և «կանաչ տեխնոլոգիաներ»-ի օգտագործում
  • Թվայնացում և բաց հասանելիությամբ թվային կրթական հարթակի ստեղծում

Նախագիծն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ներառականությանը և գենդերային հավասարությանը՝ ապահովելով կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը։

Եվրոպական գործընկերների՝ INOVA+ և Live DMA մշակութային հաստատությունների հետ համագործակցությամբ ՌԵԶՈՆԱՆՍ նախագիծը միտված է հայաստանյան համերգասրահները լիարժեքորեն ինտեգրել եվրոպական երաժշտական համակարգին՝ Հայաստանը դիրքավորելով որպես վստահելի և առաջադեմ մշակութային գործընկեր։

«Այս նախագիծը ոչ միայն կարևոր միջոցառումների շարք է, այլև հստակ ուղերձ։
Մենք շեշտը դնում ենք մարդկանց մասնագիտական կարողությունների զարգացման վրա, արդիականացնում ենթակառուցվածքները՝ ձգտելով կենդանի երաժշտության ոլորտում Հայաստանը համապատասխանեցնել համաշխարհային չափանիշներին», – նշել է նախագծի ղեկավար Վարդգես Սայադյանը։ «Մենք հպարտ ենք, որ եվրոպական փորձը բերում ենք Հայաստան՝ միաժամանակ շեշտելով մեր մշակութային ինքնատիպությունը», – ընդգծել է Վ․Սայադյանը։

Նախագծի ավարտին հետքրքրված շրջանակներին հասանելի կլինեն մասնագիտական գործիքակազմերը, վերլուծություններն ու թվային ուսուցողական ռեսուրսները։ Շնորհիվ նախագծի՝ կզարգանան Հայաստանի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի մշակույթի և տեխնիկական ոլորտների մասնագետների կարողությունները։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031