Բռնի անհետացումներ, անհայտ ճակատագրեր․ բողոք ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբին
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը ընդհանուր բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբին՝ Ադրբեջանում հայերի հարկադրված անհետացումների վերաբերյալ։ Էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական քաղաքականության պատմությունը, ինչպես նաև վերադարձված ռազմագերիների ցուցմունքները վկայում են, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների կողմից կատարված գործողությունները պայմանավորված են խորապես արմատացած ռասայական և էթնիկ նախապաշարմունքներով։ Բաղոքը ներկայացվել է 2024 թ․ մայիսին, այն մատնանշում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ արձագանքել։
Բողոքի մեջ մանրամասն ներկայացվում է 2020թ․ 44-օրյա պատերազմից, 2022թ․ և 2023 թ․ սեպտեմբերյան ագրեսիաներից հետո բռնի անհետացած հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների ճակատագրերը։ Բողոքում հատուկ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ «Ադրբեջանը ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբին չի տրամադրում համապատասխան տեղեկատվություն հարկադիր անհետացած հայ քայաքացիական անձանց և զինծառայողների ճակատագրի ու գտնվելու վայրի վերաբերյալ»։ Սա միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներ են։
Բողոքում ընդգծվում է նաև, որ անհետացած անձանց վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը և նրանց անորոշ ճակատագիրը «խորը տառապանք են պատճառում անհետացածների հարազատներին»։
Կարդացեք նաև
Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի 2019թ․ զեկույցում նշվում է, որ 1980-2019 թթ․ Ադրբեջանում արձանագրվել է բռնի անհետացման միայն մեկ դեպք, 2022թ զեկույցում՝ 1980-2022թթ․ համար, 19 նման դեպք, իսկ 2024թ․ զեկույցում նշվում է, որ 1980-2024 թթ․ Ադրբեջանում գրանցված բռնի անհետացումների ընդհանուր թիվը հասել է 34-ի։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ Ադրբեջանում բռնի անհետացումների դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել 2019 թ․ հետո: Վերջին զեկույցի համաձայն՝ գրանցված դեպքերից միայն 3-ն են բացահայտվել։ Բռնի անհետացումների բոլոր դեպքերը, որոնց մասին Աշխատանքային խումբը հայտնել է, վերաբերել են հայկական ծագում ունեցող անձանց: Այս փաստը, հայրենադարձված ռազմագերիների վկայությունների հետ մեկտեղ, վկայում է այն մասին, որ Ադրբեջանում տեղի ունեցող բռնի անհետացումներն ունեն ռասայական ծագում, և որ այդ անձինք թիրախավորվել են ազգությամբ հայ լինելու պատճառով:
Բողոքում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված է աշխատանքային խմբի կողմից Հայաստանին փոխանցված դեպքերի մանրամասները։ Յուրաքանչյուր դեպքի առնչությամբ ներկայացված են փաստական տվյալներ․ ե՞րբ են վերջին անգամ տեսել տղաններին, որտե՞ղ, ի՞նչ միջավայրում, հղում է արված ադրբեջանական Թելեգրամյան ալիքներում տարածում գտած տեսանյութերին և նկարներին։
«2020թ․ հոկտեմբերի 20-ին Ադրբեջանը գրավեց Կովսական (Զանգիլան) քաղաքը։ Ադրբեջանական YouTube-յան ալիքի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինվորական համազգեստով մոտ 25 զինված անձանցից բաղկացած խումբը կանգնած Կովսականի (Զանգիլան) դպրոցի առջև։ Նրանք պնդում են որ քաղաքը իրենց վերահսկողության տակ է: 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կապանի ռազմաբազայից Կովսական է մոբիլիզացվել 66 հայ՝ 62 զինվորական և 4 քաղաքացիական անձ։
Կովսականի ծայրամասերին մոտենալիս Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը դարանակալել է հայկական ստորաբաժանումը։ 66 հայերից 13-ը սպանվել են մարտում, 24-ը՝ կարողացել են հետ նահանջել, իսկ 29-ը գերեվարվել են։ 29 զինվորներից 5-ը հետագայում հայրենադարձվել են Հայաստան։
Հայրենադարձված զինծառայողներից երեքը (Տիգրան Խաչատրյանը, Արթուր Ստեփանյանը և Գեղամ Էլիբեկյանը) հաստատել են Էրիկ Ներսեսովի (վարորդներից մեկը) ու ևս մեկ հայ զինծառայողի գերության մեջ գտնվելու փաստը: Էրիկ Ներսեսովին վերջին անգամ տեսել են Զանգիլանի միջնակարգ դպրոցում։ Վերջինս տեղափոխվել է ռազմական ոստիկանության շենք, որտեղ վերջին անգամ նրան տեսել են 2020թ․ հոկտեմբերի վերջին։
Ալեքսանդր Եղիազարյանը գերեվարվել է հայրենադարձված երեք զինվորների (Տիգրան Խաչտրյան, Արթուր Ստեփանյան և Գեղամ Էլիբեկյան) հետ և վերջին անգամ նրան ողջ են տեսել Բաքվում՝ ռազմական ոստիկանության շենքում, 2020թ․ հոկտեմբերի 24-ին: 2021 թվականի նոյեմբերին Telegram-ում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը ապտակում Ալեքսանդր Եղիազարյանին ՝ սվինը մյուս ձեռքում պահելով։
Առանձին կադրերը հաստատում են երկու տղամարդու՝ Արսեն Կարապետյանի և Նորիկ Առաքելյանի առևանգումը։ Հետագայում վերբեռնված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Արսենն ու Նորիկը գերության մեջ, իսկ նրանց առևանգողները պահանջում են կրկնել «Ղարաբաղը Ադրբեջան է» արտահայտությունը», -նշված է բողոքի մեջ:
Հայերի հարկադիր անհետացումների առնվազն 80 փաստագրված դեպք կա։ Նրանց վերջին անգամ կենդանի են տեսել ադրբեջանական գերության մեջ։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը դեռևս 2022թ․ է հայտնել փաստագրված դեպքերի մասին։ Այն հաստատվել է նաև Մարդու իրավունքների համալսարանական ցանցի կողմից։ Իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել, քանի որ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն 2020-2022 թթ․ գրանցել է 309 անհետ կորած հայի տվյալներ։
Հայ զինվորների և քաղաքացիական անձանց անհետացումների հարցը գտնվում է ՄԱԿ-ի Բռնի անհետացման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադության կենտրոնում։ 2025 թ․ հունվարին տեղի է ունեցել աշխատանքային խմբի 135-րդ նստաշրջանը, որում անդրադարձ է կատարվել նաև այս բողոքին, արդյունքում ընդունվել է փաստաթուղթ։ Փատաթղթի մեջ վկայակոչված են առանձին դեպքեր։ Աշխատանքային խումբը նիստի ընթացքում վերանայել է մի շարք երկրներում, այդ թվում Ադրբեջանում, բռնի անհետացումների վերաբերյալ տեղեկությունները։
Իր ստանդարտ ընթացակարգի համաձայն՝ աշխատանքային խումբը վեց գործ է փոխանցել Ադրբեջանին, որոնք վերաբերում են հայ քաղաքացիներ Մաքսիմ Գրիգորյանին, Արսեն Հայրապետյանին, Հայկ Խաչատուրովին, Միքայել Մկրտումյանին, Կարեն Պետրոսյանին և Յուրիկ Պողոսյանին։ Նրանք անհետացել են 2020 թ․ հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերի ընկնելուց հետո։
Աշխատանքային խումբը քննարկել է նոր և թարմացված տեղեկատվությունը Երվանդ Գեղամյանի, Բորիս Հայրումյանի, Արթուր Հարությունյանի և Հրանտ Վերդյանի գործերի վերաբերյալ։ Բողոքի նամակին իր պատասխանում Ադրբեջանի կառավարությունը տեղեկատվություն է տրամադրել աշխատանքային խմբում գրանցված 15 չլուծված դեպքերի վերաբերյալ։ Ստացված պարզաբանումները չեն գոհացրել Աշխատանքային խմբին և աշխատանքային խումբը որոշել է լրացուցիչ պարզաբանումներ խնդրել Ադրբեջանի կառավարությունից։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի հետ համատեղ հետևողականորեն շարունակում է աշխատանքն այս ուղղությամբ։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն