Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն չպետք է «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը միջազգայնացնի

Հուլիս 01,2025 18:05

OIC-ի Ստամբուլյան հայտարարության առիթով

2025թ․ հունիսի 21-22-ը, Իրանի պահանջով, Ստամբուլում տեղի է ունեցել Իսլամական համագործակցություն կազմակերպության (OIC) ԱԳ նախարարների արտահերթ՝ 51-րդ համաժողովը, որը պետք է դատապարտեր Իսրայելի հարձակումը Իրանի վրա, որտեղ խիստ կարեւորվել է նաեւ պաղեստինյան խնդիրը։

OIC-ի՝ ե՛ւ ԱԳ նախարարների համաժողովի, ե՛ւ գագաթնաժողովների ընթացքում հաստատվում է հռչակագիր, ուստի վերջին համաժողովն էլ բացառություն չէ, որի ավարտին հրապարակվել է 33 կետից բաղկացած հռչակագիր՝ «Ստամբուլյան հռչակագիր» անվամբ։

Հատկանշական է, որ դրանց բոլոր կետերին հաճախ ոչ բոլոր անդամներն են համաձայն լինում։ Օրինակ, 2016թ․ դարձյալ Ստամբուլում տեղի ունեցած OIC-ի 13-րդ գագաթնաժողովի հռչակագրի մի շարք դրույթներին Իրանը դեմ է եղել, եւ ի նշան բողոքի, վերջին նիստին չի մասնակցել։

Անդրադառնալով խնդրո առարկա հռչակագրին, նշենք, որ 11 եւ 12-րդ կետերը վերաբերում են Իրանի վրա Իսրայելի հարձակումը դատապարտելուն եւ աշխարհի երկրներից պահանջվում է պատասխանատվության ենթարկել Թել Ավիվին։

Իսկ 20 եւ 26-րդ կետերը Հայաստան- Ադրբեջան փոխհարաբերությունների մասին են, որտեղ տեղ են գտել թուրքերի՝ Անկարայի ու Բաքվի սրտի խոսքերը։ 20-րդում նշվել է․ «Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փոխհարաբերությունների բնականոնացման գործընթացը, այդ թվում՝ խաղաղության շուրջ երկկողմ բանակցությունների բարեհաջող ավարտը։ Հայաստանից պահանջում ենք վերացնել բոլոր իրավական ու քաղաքական խոչընդոտները եւ հրաժարվել (ձեռք քաշել) Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության թուլացումից։ Մեր զորակցությունն ենք հայտնում Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի զավթողական գործողությունների հետեւանքով խստիվ տուժած ազատագրված տարածքների վերակառուցման, վերականգման առնչությամբ գործադրվող ջանքերի։ OIC-ի անդամ երկրներից պահանջում ենք ակտիվորեն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին տարածքների ականազերծման հարցում, ինչը անհրաժեշտ է անվտանգության ապահովության տեսանկյունից, որպեսզի փախստականներն արժանապատվորեն վերադառնան»։

Իսկ 26-ում կարդում ենք․ «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում հարյուր հազարավոր ադրբեջանցիներին՝ ճակատագրի առնչությամբ, որոնք հարկադրաբար ու համակարգված հեռացվել են այսօրվա Հայաստանի տարածքից։ Եվ խստիվ դատապարտում ենք իսլամական մշակութային ժառանգությունների ոչնչացումն ու յուրացումը, որպես միջազգային օրենքների խախտում։ Ադրբեջանցիների անժխտելի իրավունքն ենք համարում վտարվածների խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իրենց սկզբնական բնակավայրեր Հայաստանում, միջազգային օրենքների համաձայն։ Ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանը հրաժարվում է բանակցություններ վարել «Արեւմտյան Ադրբեջանի» հասարակության եւ ոչ պետական կազմակերպությունների հետ, ինչպես եւ այսօրվա Հայաստանի տարածքներից վտարված ադրբեջանցիների ոտնահարված մարդու իրավունքների համար»:

33-րդ հոդվածով իրականանում է նաեւ Բաքվի երբեմնի ցանկությունը, ինչին շատ է ձգտել. «Ողջունում ենք 2026թ․՝ OIC-ի գագաթնաժողովը Ադրբեջանում տեղի ունենալու որոշումը եւ մեծ ուրախությամբ սպասում ենք դրան մասնակցելուն՝ հանուն իսլամական աշխարհի միասնության, համերաշխության ու համագործակցության»:

Ադրբեջանը ԽՍՀՄ-ի փլուզմամբ անկախանալուց հետո, ընդդեմ Հայաստանի քարոզչական ոլորտում, մասնավորապես 1994-ից ի, վեր ջանք չի խնայել իր ցանկություններն աշխարհին որպես իրողություն ներկայացնել, իր արատավոր վարքագծերը Հայաստանին վերագրել, ինչպես օրինակ հայկական հուշարձանները Նախիջեւանում եւ այլուր վերացնելով ու յուրացնելով, Հայաստանին մեղադրել դրանում։ Սեփական փորձի ու տեսածի հիման վրա եմ նշում, որ այդ նպատակով Ադրբեջանը որեւէ առիթ բաց չի թողել ու չի թողնում՝ ցանկացած միջազգային, տարածաշրջանային, երկկողմ, եռակողմ հանդիպումներում, համաժողովներում ու սեմինարներում, անգամ տարբեր բնույթի ցուցահանդեսներում, լինի դա գրքի, մամուլի եւ նույնիսկ եթե կենցաղային իրերի ցուցահանդես՝ Բաքուն դրանք դիտել է որպես առիթ եւ իր խոսքն ասել Խոջալույի «ցեղասպանության» ու Հայաստանի «զավթիչ» լինելու մասին: Այսպես օրինակ․ «Եթե Հայաստանը Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը չզավթեր, մեր մշակույթի հուշարձանները չյուրացներ, մենք շատ ավելի լավ կաթսաներ կարտադրեինք»։

Եվ անշուշտ լսողներ եւ հավատացողներ լինում են տարբեր երկրներից, որոնք երբեւէ Հայաստանի մասին չեն լսել, իսկ մենք միշտ լռել կամ ասել ենք՝ ո՛վ կհավատա դրան։ Մինչդեռ Բաքվի ներկայացրած խեղաթյուրված տեսակետները ընդունելի դարձան միջազգային հանրության համար, հայկական կողմի լուրջ հակազդեցության բացակայությամբ։ Այս ոլորտում Բաքվի հաջողություններից է նաեւ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի ասպարեզ նետելը։

2011թ. հունիսի 28-30-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել OIC-ի ԱԳ նախարարների 38-րդ համաժողովը, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչ Մամեդյարովի ելույթում առաջին անգամ հնչեց նոր հորինված գաղափար, այն է՝ «գրավյալ» տարածքներում հայերը ոչնչացրել են Ադրբեջանի «Պատմական ու իսլամական մշակույթի ժառանգության հազարավոր հուշարձաններ»։ Իսկ այսօր արդեն այդ միտքն ընդունելի է OIC-ի անդամներից մեծամասնության համար եւ տեղ է գտել հռչակագրում։

Նման գործընթացով էլ, ցավոք սրտի, OIC-ի ԱԳ նախարարների «Ստամբուլյան հռչակագրում» տեղ է գտել «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որը արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ակտիվորեն շահարկվում է։ Թեեւ վաղուց արդեն այն տեղ է գտել այդ երկրի դպրոցական դասագրքերում, սակայն Հայաստանը որեւէ հանդիպման, որեւէ միջազգային կառույցի պաշտոնական բողոք չի ներկայացրել, չի դժգոհել, չի առարկել ու բարձրաձայնել։ Մինչդեռ Երեւանը առկա անթիվ-անհամար փաստերով պետք է ապացուցեր դրա կեղծ լինելը, ինչպեսեւ պատասխանել «իրենց հիմնական հայրենիք» վերադառնալ ցանկացողների չհիմնավորված պահանջներին, ինչպես արվել է հունիսի 23-ին ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ Հայտարարությունը, որը կարող էր լինել վաղուց, երբ միայն էթնիկ զտման ենթարկված Արցախը 1988թ․ 200 հազար բնակչություն է ունեցել, էլ չխոսենք Շահումյանի, Գետաշենի, Բաքվի, Գանձակի եւ այլնի մասին, իսկ այդ դեպքում եռակի-քառակի անգամ ավելի հայեր պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայեր, որոնք մազապուրծ փրկվել են։

Այլ կերպ ասած, ԱԳՆ-ի հայտարարությունը շատ լավ, ողջունելի պատասխան է, թեեւ ուշացած, քանի որ մինչ այդ եթե բողոք ներկայացվեր միջազգային տարբեր ատյաններ, տարբեր մակարդակի հանդիպումներ, այդ դեպքում, եթե անգամ տեղ գտներ այդ հռչակագրում, անշուշտ նման պախարակելի տոնայնություն չեր ունենա։ Մինչդեռ Հայաստանը որեւէ հանդիպման, որեւէ միջազգային կառույցի պաշտոնական բողոք չի ներկայացրել:

Այսուհանդերձ հայտարարությունը թեեւ ուշացած քայլ է, բայց «լավ է ուշ, քան երբեք»։ Հուսանք, որ Հայաստանը դրանով չի սահմանափակվելու, միջազգային ատյաններում Բաքվի պահանջը կներկայացվի որպես տարածքային հավակնությունների լուրջ սպառնալիք։ Անհրաժեշտ ջանք չխնայի, որպեսզի «Արեւմտյան Ադրբեջան» շինծու եզրույթը տեղ չգտնի միջազգային հանրության խոսույթում։

Խոսելով OIC-ի որոշումների ու գործունեության մասին, նշենք, որ այն, ինչպես այլ տարածաշրջանային կազմակերպությունները, իրեն իրավունք է վերապահում մասնակցել հակամարտությունների կարգավորմանը, նախքան դրանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկան դառնալը: Սակայն OIC-ի ձեռքբերումներն այս ուղղությամբ շոշափելի չեն, ինչը թերեւս պետք է պատճառաբանել նրանով, որ անդամ երկրների ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահերը ոչ միայն հաճախ համընթաց չեն, այլեւ հակասական են: Մինչդեռ OIC-ի որոշումները կայացվում են բոլոր անդամների համաձայնությամբ, ուստի դրանք հիմնականում խիստ ընդհանրական բնույթ են կրում եւ առավելապես կարեւորվում են իբրեւ քաղաքական հայտարարություն։

Այս առնչությամբ ներկայացնեք OIC-ի որոշումների հայտարարության բնույթին վերաբերող մեկ վառ օրինակ։

Իմիջիայլոց, Թուրքիան եւս OIC-ի ամբիոնը օգտագործում է իր քաղաքական նպատակների համար, առաջին հերթին որպես իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնելու՝ նեոօսմանական գաղափարների իրականացման եւ այլ նպատակներով։ Ահավասիկ, 2018թ․ մայիսի 14-ը Իսրայելի համար կրկնակի տոն էր ոչ միայն այդ երկրի ստեղծման հոբելյանական 70-ամյակի, այլ ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու առնչությամբ, որ մինչ այդ ԱՄՆ որեւէ նախագահ չէր համարձակվել այդ քայլին դիմել, անգամ եթե խոստացել էր ընտրարշավին, սակայն նախագահ Թրամփը գնաց այդ քայլին, եւ ոչ միայն իսլամական աշխարհը դա մարսեց, այլ Թրամփն արաբական մի քանի երկրների տարբեր խոստումներով համոզեց «Աբրահամի համաձայնության՞ շրջանակում Իսրայելի հետ դիվանագիտական փոխհարաբերություն հաստատել։

Բայց եւ այնպես Թուրքիան, որպես OIC-ի նախագահող երկիր, ինչպեսեւ իսլամական աշխարհի «առաջնորդ» մայիսի 18-ին Ստամբուլում OIC-ի արտահերթ գագաթնաժողով հրավիրեց՝ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու եւ զոհված ու վիրավորված պաղեստինցիների հարցերի օրակարգով: OIC-ը 57 անդամ ունի, որոնցից համաժողովին մասնակցում էր 40 երկրի ներկայացուցիչ։ Էրդողանը գագաթնաժողովն իրականացնում էր այդ երկրում առաջիկա նախագահական ընտրությունների քարոզչության նպատակով։

Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը դեռեւս 2017թ. դեկտեմբերին էր հայտարարել այդ երկրի դեսպանության տեղափոխության մասին, ինչի առիթով եւս 2017թ. դեկտեմբերի 13-ին Ստամբուլում գումարվել էր OIC-ի արտահերթ գագաթնաժողով, որին մասնակցել էին բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները, ինչի ավարտին հաստատված հռչակագրով աշխարհի բոլոր երկրներին կոչ էր արվել՝ ճանաչել Պաղեստինի անկախությունը եւ Արեւելյան Երուսաղեմը համարել դրա մայրաքաղաքը: Սակայն որեւէ երկիր, լինի իսլամական, կամ ոչ, առավել եւս Թուրքիան, պաշտոնապես ոչ Պաղեստինի անկախությունը ճանաչեց եւ ոչ էլ Արեւելյան Երուսաղեմը, որպես նորանկախ երկրի մայրաքաղաք, սակայն «լացակումած» Էրդողանը նոր գագաթնաժողով հրավիրեց Պաղեստինը «փրկելու» համար:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031