Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց պետականությունը եւ Հայ Առաքելական Եկեղեցին նույն հարթության վրա են. Աշոտ Մելքոնյան

Հուլիս 01,2025 18:45

«Երբ փորձում ես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու 1700-ամյա պատմությունն ուսումնասիրել, հասկանում ես, որ այս պատմությունը զուգահեռաբար հայոց պետականության պատմության հետ է ընթանում»,- եկեղեցի-պետություն հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Ընդգծեց, որ դարերի ընթացքում, երբ պետականությունը բացակայել է, պետականությանը փոխարինել է Հայոց եկեղեցին:

«Երբ 301թ մեզանում ընդունվեց Քրիստոնեությունը, տարակուսանք է առաջացնում այն, թե ինչու էր սկզբում Տրդատ Մեծը դիմադրում էր, հեթանոսների հետ միասին պայքարում քրիստոնյաների դեմ: Հետո եկավ պահը, երբ դարձավ պայքարի առաջամարտիկ՝ Գրիգոր Լուսավորչի հետ միասին եւ Քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց: Կար այն խորին համոզումը, որ Քրիստոնեական գաղափարախոսությունը կամրապնդի հայոց պետականությունը եւ իրոք դա այդպես է»,-ասաց պատմաբանը:

Աշոտ Մելքոնյանը հիշեցրեց, որ Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության ընթացքում թերեւս կարելի է հիշել միայն Տիրան թագավորի ու Հուսիկ կաթողիկոսի հակամարտության շրջանը, որն ավարտվեց կաթողիկոսի ողբերգական սպանությամբ, եւ նման իրավիճակ մենք չենք ունեցել Օսմանյան կայսրության, եւ պարսկական ու բյուզանդական տիրապետության շրջանում, անգամ ռուսական տիրապետության ժամանակ ռուսական իշխանությունները ցարիզմի պայմաններում որոշակի կարգավիճակ են տվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Հայոց պատմությունը նշանակում է հայերի պատմություն, իսկ Ողբը վերաբերվում է Հայոց պետականության անկմանը:

Գիտնականի ձեւակերպմամբ, 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում Հայոց եկեղեցին միանշանակ եղել է հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդ , եւ մասնագետների մոտ կասկած չկա, որ հայոց պետականության ակունքներում պետք է տեսնել Հայաստանյայց առաքելական եկեղեցին. «Այսօր եւս մեր եկեղեցին այդպիսին է, մեր սրբություններին կպչել չի կարելի:

Ես որպես ԳԱԱ ներկայացուցիչ՝ ասեմ, որ այդ սրբությունների մեջ ես դասում եմ Գիտությունների ազգային ակադեմիան, Մատենադարանը, ԵՊՀ-ն, դրանք ազգային արժեքներ են, որոնց կպչել չի կարելի, կան խնդիրներ, որոնք անպայմանորեն լուծելի են, խնդիրներ կան ամենուր՝ ակադեմիայում, համալսարանում, եկեղեցում, բայց նման վերաբերմունքն անհանդուրժելի է մեր եկեղեցու նկատմամբ: Մենք որպես հավատավոր Հայ Առաքելական եկեղեցու զավակներ եւ գիտնականներ՝ պարտավոր ենք մեր խոսքն ասել մասնագիտորեն, եւ հանրությանը հիշեցնել, որ Հայոց պետականությունը եւ Հայ առաքելական եկեղեցին նույն հարթության վրա են: Մեր ազգի կարեւորագույն խնդիրների հարցում մեր եկեղեցին ունի իր խոսքի իրավունքը»:

Տեսանյութն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031