Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի մասնագիտական թիմը՝ համագործակցելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Շրջակա միջավայրի նախարարության հետ, օրերս հաջողությամբ իրականացրել է Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գտնվող «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում տարիներ շարունակ բանտարկված գորշ արջի փրկարար գործողությունը։
11-ամյա արու արջը, որը դեռևս շատ փոքր քոթոթ տարիքից անհայտ պայմաններում հայտնվել էր հյուրանոցի տարածքում, ապա՝ նեղ վանդակում, այժմ FPWC-ի փրկարար կենտրոնում է։ Արջի պահման անբարենպաստ պայմանների մասին հանրությունը պարբերաբար ահազանգում էր դեռևս 2017 թվականից։ Ութ տարվա անդադար ջանքերից հետո միայն այժմ հնարավոր դարձավ փրկել կենդանուն։
Փրկարար գործողությունն իրականացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում։ Տեսչական մարմինը հայտնել է, որ հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, իսկ կենդանուն պահող անձը չի ունեցել լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։
Կարդացեք նաև
«Արջի փրկությունը Հանքավանից ոչ միայն առանձին կենդանու կյանքը փրկելու կարևոր իրադարձություն է, այլև ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանում վայրի կենդանիների անօրինական պահման խնդրի շարունակական արդիականությունը և համակարգային լուծումների անհրաժեշտությունը։ Մենք ուրախ ենք, որ մեր երկարատև ջանքերը և պետական մարմինների հետ համագործակցությունը կրկին պտուղներ տվեցին։ Այս արջն այսուհետ կապրի բարեկեցիկ պայմաններում՝ մեր մասնագետների հոգատար խնամքի ներքո», – նշել է FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ներկայումս արջը FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում անցնում է կարանտինացման շրջան, ինչից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։ Արջը կստանա լիարժեք մասնագիտական խնամք ու հոգատարություն, ինչպես նաև անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։ Կենտրոնում նա կանցնի վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները՝ ապահովելով նրա կյանքի մնացյալ տարիներն արժանապատիվ և բարեկեցիկ պայմաններում։
Հիշեցնենք, որ այս տարի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ՀՀ ՆԳՆ-ի և մի շարք այլ կառույցների հետ համատեղ, փրկել է 4 գորշ արջի, որոնք տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում՝ շրջապատված բնակելի շենքերով, մանկապարտեզներով և դպրոցներով։
Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, որը մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում: Հայաստանում IAR-ը FPWC-ի ռազմավարական գործընկերն է՝ համատեղ իրականացնելով Արջերի փրկության ծրագիրը:
Ընդգծենք նաև, որ վերջերս կարևոր հանդիպում է տեղի ունեցել Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ՇՄ նախարարության, ԲԸՏՄ-ի, ՀՀ ԳԱԱ, WWF Հայաստան և այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս հավաքի նպատակն էր համատեղ լուծումներ գտնել մասնավոր տարածքներում և ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրների համար: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ստանձնեց կոնկրետ պարտավորություն՝ խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները։ Բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ պետք է վերացնել այն արատավոր պրակտիկան, երբ վայրի կենդանիները պահվում են իրենց բնական միջավայրին խորթ պայմաններում, առանց պահանջվող փաստաթղթերի և պատշաճ խնամքի:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ