Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ բիզնես ցանցերի կենտրոնում․ մեկնարկեց Mantashyants Global Business Forum 2025-ը

Հուլիս 01,2025 21:35

Երևանում հունիսի 30-ին տրվեց բիզնես ոլորտի այս տարվա ամենասպասված և լայնամասշտաբ իրադարձություններից մեկին՝ Mantashyants Global Business Forum 2025-ի մեկնարկը։ Միջոցառումը հյուրընկալեց շուրջ 400 գործարարի՝ ժամանած աշխարհի 20 երկրից և 27 քաղաքից։ Այս ֆորումն արդեն չորրորդ տարին է անցկացվում «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնությամբ և տարեցտարի վերածվում է միջազգային համագործակցության խոշոր հարթակի։

Բացման արարողությունը կայացավ Մատենադարանի հյուրընկալ դահլիճում։ Միջոցառման մասնակիցների թվում կային ոչ միայն ակումբի անդամներ ու բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, այլև պետական պաշտոնյաներ, հյուրեր, լրատվական գործակալությունների ղեկավարներ և այլն։ Բոլորին միավորում էր մեկ կարևոր գաղափար՝ հայկական բիզնես ներուժի համախմբումը և միջազգային ցանցերի ամրապնդումը։

Ֆորումի օրակարգը կառուցված է մի քանի առանցքային ուղղությունների շուրջ։ Մասնակիցները հնարավորություն կունենան հետևելու նորագույն բիզնես միտումների շուրջ պանելային քննարկումներին, մասնակցել մենթորինգի սեսիաների, գործնական աշխատարանների, ինչպես նաև ցանցային միջոցառումների, որոնք միտված են նոր գործնական կապերի ստեղծմանն ու խորացմանը։

Հատուկ ուշադրություն է դարձվել պետական և մասնավոր հատվածների երկխոսությանը։ Ֆորումի շրջանակում նախատեսված են քննարկումներ ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, ՊԵԿ-ի, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի և սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Ֆորումի կարևոր բաղադրիչներից են բիզնես տուրերը դեպի հաջողված ձեռնարկություններ Երևանում, Լոռիում և Կապանում։ Մասնակիցները կծանոթանան այն բիզնես մոդելներին, որոնք ոչ միայն կայուն են, այլև ընդլայնման մեծ ներուժ ունեն։ Օրինակ՝ ներկայացվելու են Royal Armenia, Beer Academy և մի շարք այլ ընկերությունների փորձը։

Հուլիսի 1-ին մասնակիցների ուշադրության կենտրոնում էր Ալեքսանդր Վիսոցկին՝ միջազգային ճանաչում ունեցող բիզնես խորհրդատու, ով ներկայացրեց մաստեր-քլաս «Զրոյից մինչև մասշտաբային բիզնես» խորագրով։ Նա անդրադարձավ բիզնեսի աճի հինգ հիմնական փուլերին՝ մատուցելով գործնական խորհուրդներ և մարտավարություններ՝ իրական օրինակների հիման վրա։

Mantashyants Global Business Forum 2025-ը կշարունակվի մինչև հուլիսի 6-ը։ Ֆորումը կեզրափակվի գալա ընթրիքով և մշակութային ծրագրով՝ ամփոփելով մեկշաբաթյա հանդիպումների, քննարկումների և համագործակցության նոր էջ բացող այս նախաձեռնությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031