Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ Լոզանը կա, ո՛չ համալսարանը, էնպիսի անուններ են դնում, որ մարդ փշաքաղվում է»․ Վարդան Ղուկասյանը բարձրաձայնում է ապօրինությունների մասին

Հուլիս 01,2025 20:22

Այսօր Գյումրու ավագանին՝ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ էր հրավիրել՝ քվեարկելու Գյումրու քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին կայացված 24 որոշումներով՝ համայնքի խախտված իրավունքները դատարանում պաշտպանելու համար բյուջեի հաշվին ներկայացուցիչ լիազորելու հարցը։

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախապես հայտարարեց, որ թվով 24 գործերի մեջ կան այնպիսիները, որոնք անմիջական կապ ունեն իր շահերի հետ, հետևաբար և ինքը, փեսան՝ փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, և եղբոր թոռը՝ կրտսեր Գևորգ Ղուկասյանը, առաջնորդվելով ՏԻՄ օրենքով, չեն մասնակցի քվեարկությանը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց նախորդ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն հինգ անդամներին, որոնք իր դեմ դուրս չգալու․ օրակարգային այդ հարցին կողմ չքվեարկելու համար, պարզապես վայր դրեցին մանդատները։

Վարդան Ղուկասյանը հրապարակեց նրանց անուն-ազգանունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Քնարիկ Հարությունյանը ներկայացրեց օրակարգը։

«Դեռևս նախորդ տարի դատախազությունն ավագանուն միջնորդություն էր ներկայացրել․ թվով 24 գործերի մասին է խոսքը, որպեսզի մենք դատարան հայցեր ներկայացնենք, և դատարանը կարողանա վիճարկել, քննել և հասկանալ, թե այն գույքերը, որոնք պատկանել են համայնքին, ինչ ճանապարհով են օտարվել, ովքեր են դրանք ձեռք բերել և առհասարակ ինչ է տեղի ունեցել։

Եվ քանի որ ավագանին համարվում է համայնքի շահերի առաջնային պաշտպանը, մենք մեր պարտքն ենք համարել նաև քաղաքական առումով այդ հայցերը ներկայացնել դատարան, որովհետև մեզ համար՝ որպես ավագանու անդամ, որպես քաղաքական ուժ՝ շատ կարևոր է և հետաքրքիր է, թե ինչ սխեմաներ են գործել ժամանակին՝ նախորդ քաղաքապետերի պաշտոնավարման տարիների ընթացքում, ինչ հնարավոր չարաշահումների և կեղծիքների մասին է բարձրաձայնել դատախազությունը։ Իհարկե, մեղավորների, անմեղների անունները կարծում եմ դատարանը կպարզի, մենք այդ դաշտ չենք մտնում։

Հարգելով անմեղության կանխավարկածը՝ ասենք, որ դատախազության միջնորդությունը և այն փաստերը, որոնք ներկայացվել են, բավականին խոսուն են։

Եվ հիմա դատարանը շատ կարևոր է համարում, որպեսզի մենք ավագանու որոշմամբ լիազորենք փաստաբանին, որպեսզի ինքը կարողանա համայնքի ու ավագանու շահերը ներկայացնել դատարանում»։

Քնարիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարի քաղաքապետարանը փաստաբան Նինա Հակոբյանի հետ կնքել էր պայմանագիր, որպեսզ նա համայնքի շահերը ներկայացնի դատարանում, բայց հիմա դատարանը անհրաժեշտ է գտնում, որ ոչ միայն պայմանագիր պետք է լինի, այլ ավագանու որոշում։

«Ասեմ ինչ բնույթի գործերի մասին է խոսքը, մասնավորապես 2007 թվականին քաղաքապետի որոշմամբ Տիգրան Մեծ 31 հասցեի հողամասը օտարվել է Գյումրու «Հրաշամանուկներ» ՍՊԸ-ին, ուղղակի վաճառքով օտարվել է, և ստացվել է, որ հետո այդ հասցեում տեղակայված հողամասը պաշտոնական կեղծիքի կատարմամբ բաժին է հասել «Հրաշամանուկներ» ՍՊԸ-ին, հետո դարձել է այդ ՍՊԸ-ի սեփականությունը։

Մյուսը ձեզ շատ հայտնի «Օազիս»-ի գործն է․ թվով հինգ հողամասեր Վարդան Ղուկասյանի որոշումների հիման վրա օտարվել է «Ամբերդ» ՍՊԸ-ին, իսկ այդ ՍՊԸ-ն պատկանում է էլի Ղուկասյանների ընտանիքին։ Մի խոսքով, էսպես 24 գործեր, հարգելի՛ գործընկերներ, «Դատալեքսում» այդ մասին ամբողջական ինֆորմացիա կա, կարող եք ծանոթանալ», -ասաց Քնարիկ Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ բոլորը քարոզարշավի ժամանակ խոսում էին Գյումրու մասին՝ ասելով, որ քաղաքը կարևոր է, հիմա եկել է ժամանակը, որ հասկանան՝ իսկապես մտածո՞ւմ են քաղաքի բնակիչների մասին, թե՞ մերկապարանոց հայտարարություններ էին անում։

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու, սակայն իր հերթին սկսեց բարձրաձայնել կասկածելի գործարքների մասին, որոնց արդյունքում խախտվել է համայնքի շահը։

«Ճիշտն ասած, էդ 24 գույքը, որ էդպես ներկայացնում են, բոլորը ժամկետանց գործեր են, 12 գործ, ինչքան գիտեմ դատարանը հետ է ուղարկել, որովհետև դրանք ժամկետանց գործեր են։ Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու, ուղղակի մի քանի ավելացումներ եմ ուզում անել՝ ովքեր են գտել այդ 24 գործը, որը կոպիտ խախտում է, նախ հող է, գույք չէ, հողի մասով է, ոչ թե շենք-շինություն։

Ասեմ, որ մեր քաղաքապետարանում ավելի լուրջ գործեր կան, որոնք հսկայական գումարներ կբերեն քաղաքապետարան, դրանք խախտումներով, նախկինների կողմից արվել են։

Այս 24-ը, որոնց հնչեղություն է տրվում Վարդան Ղուկասյան անուն-ազգանվամբ, հետո Բալասանյան Սամվելն էլ ոնց որ կողքս է կանգնած, հավանաբար Սարիկն էլ կգա, հետո մյուսն էլ կգա, որովհետև որ քաղաքապետը գա, պիտի պատասխան տա, թեկուզ մի ամիս աշխատի։ Էսպես է էս երկրում, բոլոր քաղաքապետերը դատվում են, նախկինն էլ, ներկային էլ արդեն սկսել են», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա իր հերթին բարձրաձայնեց իր տեսած ապօրինությունները՝ առաջարկելով արտահերթ մի նիստ էլ այդ թեմայով գումարել։

Նա բարձրաձայնեց Երկաթգծի հիվանդանոցի հարցը։ Ըստ նրա՝ 17 հազար քառակուսի մետր ու մոտ 10 հազար քառակուսի մետր շենք-շինություն տրվել է ինչ-որ կազմակերպության՝ զրո դրամով, որպեսզի ներդրումներ անի մինչև 2015 թվականը, սակայն մինչև օրս ոչ մի բան արված չէ, թողել են բախտի քմահաճույքին։

«Ես առաջարկում եմ, որ Ջրմուղի 44 տոկոսը, որ տրվել է կառավարությանը, և կառավարությունը տվել է «Վեոլիա ջրին», անպայման քրեական գործ հարուցվի սրա վերաբերյալ, մենք՝ ավագանիներս, բարձրաձայնենք։ Ամենաաղքատ քաղաքն է համարվում Հայաստանի, աղքատ բառը չեմ ուզում ասել, անապահով խավը գտնվում է Գյումրի քաղաքում, և 44 տոկոսը քաղաքի ունեցվածքի վերցրել և տվել են ինչ-որ «Վեոլիա ջրին», որը հսկայական շահույթներ է տանում Գյումրի քաղաքից՝ մի կոպեկ չմուծելով Գյումրու քաղաքապետարանին, ընդհուպ գույքահարկից, հողի հարկից է ազատված, և քաղաքապետարանը ոչ մի բան չի կարող անել «Վեոլիա ջրի» նկատմամբ։

30-50 միլիոն դոլար մասին է խոսքը»։

Վարդան Ղուկասյանն անդրադարձավ նաև Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Շիրակի պետական համալսարանի շենքին, որը սեփականաշնորհվել է ինչ-որ ինկուբացիոն կառույցի կողմից։ Ըստ նրա, երևանյան այդ կառույց,ը վարձակալությամբ տալով տարածքները, հսկայական գումարներ է աշխատում։

Ըստ Վարդան Ղուկասյանի, ովքեր որ օտարել են այդ շենքը, թեկուզ դա լինի ՀՀ կառավարությունը, դատի տան ու տարածքը հետ վերցնեն։ Եթե պիտի օտարեին, ուրեմն, Վարդան Ղուկասյանի պնդմամբ, պիտի օտարեն Գյումրու քաղաքապետարանին, թող այս կառույցը լիներ գնորդը։

Քաղաքապետն անդրադարձավ նաև ՀՀ առաջին թատրոնի շենքին, որը զրո դրամով հատկացվել է «Թումոյին», զարմացավ, թե «Թումոն» ի՞նչ կապ ունի քաղաքի կենտրոնական շուկայի հետ, որը ևս հատկացրել են այս կառույցին։

«Տաս տարի է՝ վերցրել են քաղաքի զբոսայգին ու ոչ մի ներդրում չեն արել, 7 հազար հեկտար հող են վերցրել, կիսատ պայմանագրերի մեջ են՝ ինչ պիտի անեն, բայց ոչինչ էլ չեն արել, բացի էդ «Թումոյի» շենքը կառուցելուց։

Հաջորդը «Ցայգի» շենքն է, որը եղել է Լենինականի հյուրանոցը, թե ոնց է Լենինականի հյուրանոցը առանց քաղաքապետարանի, վերցրել, տվել չգիտեմ ինչ նախարարության, դրանից հետո «Ցայգը», «Շիրակը», դրանք մի քանի հոգի սեփականաշնորհել են, որոշակի հատվածներ էսօր Հ1-ին է պատկանում, թե ինչ կապ ունի Հ1-ը Լենինականի ունեցվածքի հետ։

Ես առաջարկում եմ անպայման դատի տանք, հետ վերցնենք մեր շենքերը, վերանայենք սեփականաշնորհման գործընթացը, զրո դրամով որ սեփականաշնորհել են քաղաքի ունեցվածքը, վերցնենք և նայենք՝ ով է արել, ոնց է արել, որը հսկայական լուրջ բացահայտումներ են։

Մյուսը մարզադաշտն է, որ տվել են ամիսը 90 հազար դրամի, պատկերացրեք, եթե էդ մարզադաշտը գույքահարկ մուծեր, ընդհանրապես 5 միլիոն դրամ գույքահարկ պիտի մուծեր էդ հսկայական կառույցը, էսօր տվել են 30 տարով, տարեկան մեկ միլիոն 100 հազար դրամով, որ պապիս թութունի դաշտն է եղել, մանկավարժականի շենքն էլ պապս է կառուցել։

Մյուսը Լոզանի համալսարանը, որը առաջվա Խաչատրյան Սեդրակի հիվանդանոցն էր, տվել են Լոզանի համալսարանին, էնպիսի անուններ են դնում, որ մարդ փշաքաղվում է, ո՛չ Լոզանը կա, ո՛չ համալսարանը, ո՛չ տեղը գիտենք, ո՛չ էլ դրանք կան։

Խնդրում ենք այդ հարցն էլ բարձրաձայնեք, տանք համապատասխան կառույցներին, թե ի՞նչ են անելու, ի՞նչ պայմանագիր ենք կնքել և ինչքա՞ն է կազմելու էդ գումարը, ի՞նչ պիտի անեն, ո՞նց պիտի անեն։ Թե ինչ իրավունք ունեն մեր քաղաքի ունեցվածքը կառավարությունն արագ կարգով լավ, խաս թիքեքը վերցնում է իրեն, նստած, հետները պայմանավորվում են ու չգիտեն՝ ինչ են անում», -ասաց Վարդան Ղուկասյանը։

ՔՊ-ականներն ասացին, որ համաձայն են՝ այս գործերը ևս ուղարկել քննության։

Պարզվեց՝ փաստաբանին հատկացվելիք գումարը, որը կազմում է 4 միլիոն 900 հազար դրամ, արդեն վճարված է, սակայն Վարդան Ղուկասյանը հեգնեց այն պայմանագիրը, որը կնքվել է փաստաբանի հետ։ Պարզվում է այն շինարարական ընկերության հետ նախատեսված պայմանագիր է, քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց պայմանագրի կետերից՝ նստածները սկսեցին բարձրաձայն ծիծաղել։

Ավագանին կողմ քվեարկեց լիազորել փաստաբանին՝ 24 գործով դատարանում քաղաքային շահը պաշտպանելու համար։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031