Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի քաղաքապետարանն իր աշխատանքի կենտրոնում տեսնում է երևանցուն». Տիգրան Ավինյան

Հուլիս 01,2025 20:55

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով է պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով երևանյան խնդիրները բարձրաձայնած ամենաակտիվ քաղաքացիներին ու քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են այդ խնդիրների լուծմանը:

««Ակտիվ քաղաքացի» հարթակը մեզ համար պարզապես տեխնոլոգիական գործիք չէ։ Դրա միջոցով մենք համատեղ փոխում ենք քաղաքային կառավարման ձևը՝ դարձնելով այն առավել հասանելի, բաց և քաղաքացիների կարիքներին արձագանքող։ Երևանը կառուցում է նոր՝ վստահության մշակույթ, որը ձևավորվում է թե՛ ձեր՝ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրումով և թե՛ ակտիվ երևանցիների ներգրավվածությամբ, ովքեր իրենց դիտարկումներով օգնում են տեսնել, ախտորոշել և լուծել խնդիրները։շ

Ամեն բարձրաձայնված հարց, պատասխան, արձագանք և լուծում այն հիմքն է, որի վրա ձևավորվում է մեր քաղաքի նոր կերպարը։ Քաղաքապետարանի ամենաակտիվ աշխատակիցները մեր թիմի առաջապահ ուժն են՝ այս նոր մշակույթի կրողն ու ձևավորողը։ Ձեր օրինակի շնորհիվ հանրային վստահությունը մեր աշխատանքի հանդեպ ամրապնդվում է։ Միևնույն ժամանակ, այս մշակույթի իրական շարժիչ ուժը քաղաքացին է, նա, ով նկատում ու բարձրաձայնում է խնդիրները։ Մեր յուրաքանչյուր քայլ չափվում է մեկ կարևոր չափանիշով՝ արդյո՞ք բարելավվում է երևանցու առօրյան։ Եվ հենց այս փոխադարձ կապի շնորհիվ ենք կարողանում շարունակել կայուն և վստահ ընթացքը։ Քաղաքացիական մասնակցությունը մեզ համար հիմնարար արժեք է։ Այս միջոցառմամբ գնահատում ենք ոչ միայն արձագանքի մշակույթը, այլև՝ հիմնավորված քննադատության և խնդիրները բարձրաձայնելու կառուցողական մոտեցումը։ Այսօր մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակում ամենաակտիվ ներգրավվածություն ցուցաբերած յոթ երևանցիների, ում հետևողականությունն ու հոգատարությունը դարձել են քաղաքի բարեկեցության համար իրական ներդրում։

Նրանց օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է յուրաքանչյուր երևանցի մասնակցել իր քաղաքի բարելավմանը։ Սա այն Երևանն է, որին ձգտում ենք՝ բաց, հասանելի, ժողովրդավար ու պատասխանատու։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ նվիրման և ամենօրյա կարևոր աշխատանքի համար»,- նշել է քաղաքապետը։

«Ակտիվ քաղաքացի» հարթակը քաղաքացուն հնարավորություն է տալիս հենց գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային ու ձայնային հաղորդագրություններ, ինչպես նաև կցել տեսանյութեր և լուսանկարներ: 2024թ. ապրիլից մինչ օրս քաղաքային խնդիրների վերաբերյալ 44345 հայտ է ստացվել, որից 20000-ը՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով: Այդ խնդիրներից 42 854-ն արդեն լուծված է, մնացածն ընթացքում են:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031