Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, ընդհատելով նիստի ժամանակ քննարկվող թեման, հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու փաստը։
«Ի՞նչ եք ուզում քննարկել և ինչո՞ւ եք ընտրել հենց այս օրը, քան դեռ կալանավորված է մեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։ Ովքեր են մեղավոր դրանում, ընթացքը ցույց կտա, կամ բոլորս մեր մեջ գիտենք։
Տևական ժամանակ է, ինչ օրվա իշխանությունների կողմից հարձակման է ենթարկվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, իրականացվում է քաղաքական և ապօրինի հետապնդում հարգարժան հոգևորականների, մասնավորապես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Կալանավորված են մեծ հարգանք ունեցող հանրային դեմքեր։
«Մայր Հայաստան» խմբակցությունը դատապարտում է նման գործելաոճը և կոչ անում օր առաջ կանգ առնել, մեր զորակցությունն ենք հայտնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազատություն ենք ցանկանում աշխարհիկ և հոգևոր դասին պատկանող բոլոր ապօրինի կալանավորվածներին»,-ասաց Կարեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Նա ՔՊ-ականներին հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժը հոգևորականների դեմ կազմակերպած արշավի պատասխանատվություն կրողն է։
«ՔՊ-ի գյումրեցի ներկայացուցիչները կամ ծպտուն չեն հանել կամ օժանդակել են նման արարքները։ Ես բազմիցս շփվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ, դուք լավ եք ճանաչում ինձ, ես ունեմ ընկերներ, և ներքին խոսակցությունների ժամանակ իրենք արտահայտվում են, որ «մենք էլ դեմ նման բաներ, բայց դե գիտեք․․․»
Ես կոչ եմ անում այսօր նրանց ևս, և այստեղ գտնվող ՔՊ խմբակցության անդամներին ևս քաջություն և համարձակություն դրսևորել, եթե իրենք էլ իրենց մեջ մտածում են, որ չէր կարելի ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդին, ապա արտահայտվեն նաև հրապարակային դաշտում։
Բազմիցս, անգամ ներքին խոսակցություններում Միքայել Սրբազանն անձամբ ինձ ասել է, կան մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավորություն չունեն և ՔՊ-ից են։ Ես հորդորում եմ՝ որպես ձեր քաղաքի տղա, որպես հայ տղա՝ դուք ևս ձեր միջնորդությունը ունենաք, որպեսզի մեր Միքայել Աջապահյանը օր առաջ ազատվի բանտարկությունից և մյուս հոգևորականները՝ Բագրատ Սրբազանը և աշխարհիկ այն մարդիկ, ովքեր ապօրինի են կալանավորված։
Եվ այսօրվա նիստը՝ բոյկոտելով՝ մեր բողոքի ձայն ենք բարձրացնում, չենք մասնակցի այսօրվա նիստին, հուսով եմ բոլորս հետևություններ կանենք»,-հայտարարեց Կարեն Սիմոնյանը։
Նա ի նշան բողոքի՝ բոյկոտեց նիստը ու դուրս եկավ դահլիճից։
Վարդան Ղուկասյանը հիշեցրեց, որ չորս քաղաքական ուժեր հայտնել են իրենց բողոքի ձայնը, դառնալով դեպի ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ Վարդան Ղուկասյանը հորդորախառն առաջարկով դիմեց նրան․ ««Կուզենայինք, որ Սարիկն անպայման դեմ քվեարկեր Միքայել Սրբազանի բանտարկմանը, բարձաձայներ, Գյումրիից սկսվեր։ Ազատությո՜ւն Միքայել Սրբազանին»։ Կարեն Սիմոնյանն ասաց՝ նախ լինենք մարդ, հետո հայ, գյումրեցի և հետո նոր կուսակցական։ Սարիկ Մինասյանը բնականաբար արձագանքեց։
Այն կհրապարակենք քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ