Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Եթե հետևելու լինենք դատախազության տրամաբանությանը, ապա 1998-2001թթ. պետական ծառայողները աշխատավարձով չէին կարող անգամ գոյատևել, ուստի պետք է սովամահ լինեին»

Հուլիս 01,2025 22:11

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը, որի ընթացքում քննարկվեց արագացված դատաքննություն կիրառելու միջնորդությունը, ինչն այս պահին դատարանը մերժեց:

Այնուհետեւ կողմերն սկսեցին պարզել հայցի առարկայի հիմքը: Նիստն ընդհանուր առմամբ անցավ ինչ-որ տեղ նյարդային, ինչ-որ տեղ հումորային մթնոլորտում:

Դավիթ Հարությունյանը եւ նրա փաստաբանական թիմը շարունակեցին հարցեր ուղղել դատախազությանը։ Մասնավորապես, պարոն Հարությունյանը ներկայացրեց, որ թեև դատախազությունը տեղյակ է եղել իր աշխատանքային գործունեության մասին, սկսած 198 դպրոցում մանկավարժական գործունեության տարիներից մինչև Ազգային ժողով, սակայն անգամ փորձ չի արել այդ աշխատավայրերից ստացված եկամուտները պարզելու ուղղությամբ։

Փոխարենը դատախազությունը օգտագործել է Վիճակագրական կոմիտեի կողմից տրամադրված պետական սեկտորի միջին աշխատավարձի ցուցանիշները։

Հղում անելով գործող օրենսդրությանը՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատախազությունը չի կատարել օրենքով նախատեսված իր պարտավորությունը` հավաքել տեղեկություններ հայտնի եկամուտների վերաբերյալ, և դա հատկապես անընդունելի է, քանի որ բոլոր նշված դեպքերում իր գործատուն եղել է Հայաստանի Հանրապետությունը։

Հայցվոր Նելլի Տեր-Թորոսյանը պատասխանեց, որ դատախազությունում ձևավորված պրակտիկայի համաձայն իրենք ղեկավարվում են Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ինչին Հարությունյանը արձագանքեց, որ երբ հայտնի է աշխատավայրը, միջին տվյալով ղեկավարվելը անհեթեթ է, և որ այդ մոտեցումը հորինվել է, որպեսզի արհեստականորեն նվազեցնեն օրինական եկամուտները և հայց ներկայացնելով դիտավորյալ վնաս տան իրեն։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ընտանիքի յուրաքանչյուր անդամի ապրուստի միջին ամսական ծախսերին։ Դատախազությունը նշեց, որ ծախսերի համար հիմք է ընդունել Վիճակագրական կոմիտեի հաշվարկած նվազագույն սպառողական զամբյուղը։

Հարությունյանը պնդեց, որ դրանք «օդից վերցված», «նկարված» թվեր են, և եթե հետևելու լինեն դատախազության տրամաբանությանը, ապա քանի որ 1998-2001 թվականներին պետական սեկտորի միջին աշխատավարձն ավելի ցածր է եղել, քան դատախազության կողմից ներկայացված նվազագույն սպառողական զամբյուղը, ապա կարելի է հանգել այն անհեթեթ եզրակացությանը, որ պետական ծառայողները ստացած աշխատավարձով չէին կարող անգամ գոյատևել, ուստի պետք է սովամահ լինեին, իսկ եթե սովամահ չեն եղել` ուրեմն օրենք են խախտել: Իսկ երեխաներ կամ խնամքին այլ անձ ունենալու մասին անգամ խոսելն ավելորդ է: Դատախազությունը այս հարցադրմանը որևէ պատասխան չկարողացավ տալ։

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված, այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031