«Ես ուզում եմ իմ ընկերներից մեկի հուշը մեջբերել այստեղ. Ամերիկայում ապրող մի նյույորքաբնակ հայ, որ իր գործընկերոջ հետ խոսում է Հայաստանի Հանրապետության անկախության վերաբերյալ, որ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ անկախությունը ստեղծվեց, ու այդ օտարազգի անձնավորությունն ասում է՝ բայց հայերի ինչի՞ն է պետք անկախությունը:
Այս մարդը՝ ընկերս, շատ սրամիտ պատասխան է տալիս, ասում է՝ գիտեք ինչ, հայերը հիմա չէ, որ անկախ են, հայերն անկախ են իրենց գրով, որը նման չէ լատինական գրին կամ մյուս գրերին , հայերն անկախ են իրենց հոգեւոր երաժշտությամբ, որը նման չէ բյուզանդական կամ այլ հոգեւոր երգեցողությանը, հայերն անկախ են իրենց ճարտարապետությամբ, որը նման չէ ռոմանական, բարոկկո կամ բյուզանդական ճարտարապետությանը: Հայերը վաղուց անկախ են, եւ մշակույթը հայ մարդու ուղեղի մեջ միշտ պարբերաբար ստեղծում է անկախության գաղափարը, վերաստեղծում եւ շարունակում»,- «Եկեղեցին պետականության ակունքներում» խորագրով համաժողովի ժամանակ նշեց ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը:
«Մեր ամբողջ մշակույթը, ամեն ինչ ստեղծվել է հայ հոգեւորականության ձեռքով՝ եւ գիրը, եւ շարականները, եւ ճարտարապետությունը… Եկեղեցական ճարտարապետությունն ո՞վ է ստեղծել… եպիսկոպոսից ցածր որեւէ ուրիշ հոգեւորական չէր կարող ստեղծել այդ կառույցները, դրանք ամբողջը հաշվարկների վրա են, որ չեն քանդվել դարերի ընթացքում, դրանք այն հաշվարկներն են, որ հեթանոսությունից ժառանգել է մեր քրիստոնյա հոգևորական մտավորականությունը… Ինչպես չհիշել, որ մեր ամբողջ ձեռագրական գրավոր մշակույթը ստեղծողները, գրիչները հոգեւորականներ են եղել, ինչպես չհիշել, որ հոգևորականությունն է, որ պատվիրել է այդ ձեռագրերը, բացի իշխաններից, թագավորներից, առեւտրականներից եւ այլն, բայց հիմնականում ովքե՞ր են նկարազարդել այդ ձեռագրերը, մեր տաճարները, բոլորը մեր հոգեւորական մտավորականությունն է արել:
Բացառիկ դեմքեր են եղել մեր հոգեւորական մտավորականության մեջ, լուսավորյալ՝ Ներսես Շնորհալին: Նրա ժամանակից սկսում է մեր արվեստի Ոսկեդարը, եւ մեր ամենաընտիր կաթողիկոսներից մեկը՝ Կոստանդին Ա. Բարձրաբերդցին, եթե նա չլիներ, ինչպե՞ս կարող էր լինել Թորոս Ռոսլինը, նրա ուսուցիչները, նրանց հետեւորդները եւ Ոսկեդարը: Այս կաթողիկոսն այնքան պատրաստված անձնավորություն էր, որ թագավորի առաջարկելով կարող էր գնալ Կիպրոս եւ հանդիպել ֆրանսիական թագավորի՝ Լյուդովիկոսի՝ Սեն Լուիի հետ եւ բանակցություններ վարել… Կամ Աղթամարի կաթողիկոսությունում փորձում էին վերաստեղծել հայոց թագավորությունը, թագավոր օծել: Մենք մոռանում են, թե ինչ նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար մեր եկեղեցին, որովհետեւ մենք չենք ուսումնասիրում մեր արվեստն, ինչպես հարկն է:
Կարդացեք նաև
Ինչքան շատ իմանանք մենք արվեստի պատմությունը, կտեսնենք, թե ինչ է արել մեր եկեղեցին, եւ ինչպես է հայ մարդուն հայ պահել: Հայի ինքնությունն ինչպե՞ս կարող է ամբողջական լինել, եթե նա չգիտի իր արվեստի պատմությունը»,-հավելեց Լեւոն Չուգասզյանը:
Համաժողովն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ