Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանը հակված չէ սրել հարաբերությունները Բաքվի հետ

Հուլիս 02,2025 12:00

Իրանական կողմը Ադրբեջանին փոխանցել է տվյալներ առ այն, որ իսրայելական ԱԹՍ-ները եւ ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք ներխուժած լինել Ադրբեջանից

Իրան-Ադրբեջան հարաբերությունները թեժ պարզաբանումների, մեղադրանքների փուլում են գտնվում: Այն զուգորդվում է Ադրբեջանի կողմից բավական կոշտ հակադարձումներով ու քննադատությամբ:

Հունիսի 27-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Մամուլի ազգային ակումբում չբացառեց, որ Իսրայելը Իրանին հարվածներ հասցնելիս օգտվել է Ադրբեջանի տարածքից: Դեսպանը շեշտեց՝ հետախուզական տվյալների հիման վրա Թեհրանը դիմել է Բաքվին: «Մենք տեղեկություն ստացանք, ըստ որի, փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ հարեւան երկրների կողմից մեր տարածք են մտել: Այդ պատճառով Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիեւից, որպեսզի լուրջ հետաքննություն անցկացվի այդ ուղղությամբ: Կսպասենք՝ տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքներն ինչպիսին կլինեն, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչպես արձագանքել», – հայտնեց դեսպան Սոբհանին: Նա ընդգծեց՝ «հնարավոր է եւ հավանական է, որ թշնամի սիոնիստական ռեժիմը այդ հարեւան երկրի տարածքից օգտված լինի»: Միաժամանակ հիշեցրեց՝ ադրբեջանական կողմը վստահեցրել էր, թե թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի այդ ուղղությամբ:

Դիտարկմանը, թե Իրանը շատ ուժեղ հետախուզություն ունի տարածաշրջանում, եւ հետեւաբար հնարավո՞ր է, որ նկատած չլիներ, որ հարձակումը Ադրբեջանից է եղել, դեսպանը պատասխանեց. «Հենց մեր հետախուզական համակարգի կողմից է եղել, որպեսզի իրանական կողմը դիմի Ադրբեջանին այդ հետաքննությունը իրականացնելու համար: Մենք կսպասենք պաշտոնական աղբյուրների հայտարարությանը»:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում հորդորել էր Իլհամ Ալիեւին մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը եւ ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք ներխուժած լինել Ադրբեջանի տարածքից։ Ալիեւը հերքել էր այդ պնդումները, նշելով, թե` Ադրբեջանը թույլ չէր տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ:

Պաշտոնական Բաքուն անմիջապես «կտրականապես» հերքեց Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները՝ Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման մասին, դրանք որակելով «անհիմն եւ սադրիչ»։ «Այդ մեղադրանքները վնաս են հասցնում ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու վրա»,- նշեց Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն:

Նա պնդել էր, թե Ադրբեջանի նախագահը իրանցի գործընկերոջ հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ «պատշաճ բացատրություններ է տվել, նույնն է արել նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։ «Մենք Իրանի դեսպանի մեղադրանքները համարում ենք բացահայտ սադրանք»,-ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը միաժամանակ նշել է, թե Բաքուն ակնկալում է, որ իրանական կողմը «կկանխի այնպիսի քայլերը, որոնք չեն համապատասխանում մեր հարաբերությունների ոգուն, ինչպես նաեւ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ դեսպանի հայտարարությունների վերաբերյալ, ով իր երկիրը ներկայացնելու փոխարեն պարբերաբար ցուցաբերում է հայամետ դիրքորոշում»։

Չնայած Ադրբեջանից հնչող հավաստիացումներին, իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանության ոլորտի անանուն մի պաշտոնյայի, ավելի վաղ հաղորդել էին, որ իսրայելական զինված ուժերը պատերազմի ընթացքում գործել են Իրանին «մոտ» մի երկրում՝ առանց հստակեցնելու, թե որ երկրի մասին է խոսքը։

Պաշտոնական Բաքուն, նույն օրը շտապել էր հերքել, թե իսրայելական անօդաչու թռչող սարքերը Իրանի օդային տարածք էին մտել Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերն ընդունելու ընթացքում Ալիեւն անհեթեթություն էր որակել այդ պնդումները. «Որոշ շրջանակներ կեղծ լուրերի եւ ստի վրա հիմնված տեղեկատվություն են տարածում՝ վնասելով Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններին: Սակայն դա լիակատար անհեթեթություն է»:

Նկատենք, որ Բաքուն եւ Թել Ավիվը սերտացրել են իրենց համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ միայն 2016-ից 2020թթ. Ադրբեջան ներմուծված զենքի շուրջ 70 տոկոսը իսրայելական արտադրության է:

Այսպիսով, Իրանը Ադրբեջանին էր փոխանցել տվյալներ, որոնք պարունակում են ապացույցներ առ այն, որ իսրայելական ինքնաթիռները օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը՝ Իրանի տարածքին հարվածելու համար: Արդյոք Ադրբեջանի տրամադրած տվյալները արժանահավատ կլինե՞ն Թեհրանի համար. Հայաստանում Իրանի դեսպանն ուղիղ պատասխան չէր տվել՝ ասելով, թե` պետք է սպասել:

Հունիսի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին հայտարարել է. «Առանց բացառության, բոլոր հարեւան երկրները մեզ վստահեցրել են, որ որեւէ դեպքում թույլ չեն տա, որ սիոնիստական ռեժիմն իրենց երկրի օդային կամ ցամաքային տարածքն օգտագործի Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար։ Դեպքերը, որոնք զեկույցներում նշվել են, մենք այդ երկրներին տեղեկացրել ենք, եւ նրանց բացատրությունները լսել։ Ես այստեղ հստակ հայտարարում եմ՝ բոլոր այն դեպքերը, որ մեր կողմից ներկայացվել են, դրա հասցեատեր երկրների կողմից հստակ եւ վճռականորեն հերքվել են, եւ մեզ վստահեցրել են, որ ոչ միայն նման բան թույլ չեն տվել, այլեւ ապագայում եւս թույլ չեն տալու»։

Ի դեպ, ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել էր նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքը «Արեւմտյան Ադրբեջան» որակող Բաքվից հնչող հայտարարություններին՝ հակադարձելով. «Արեւմտյան Ադրբեջան» անվանումը, որն օգտագործվում է, Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անունն է եւ այն չի կարող օգտագործվել որեւէ այլ աշխարհագրական տարածքի համար, հատկապես եթե այն ենթադրում է տարածքային պահանջ, հատկապես Հայաստանի նկատմամբ»: Դեսպան Սոբհանին դարձյալ վերահաստատեց Իրանի դիրքորոշումը. Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:

Այստեղ, սակայն, հարկ է նկատել, որ հունիսի 21-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մասնակցել էր Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին, որի արդյունքներով, ինչպես հայտնի է, ընդունվել էր հակահայկական հայտարարություն:

Փաշինյանի՝ Ստամբուլ կատարած այցից հետո Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարները Ստամբուլում կայացած հավաքի ավարտին ընդունված եզրափակիչ հայտարարության մեջ անդրադարձել էին Հայաստանին ու Ադրբեջանին։ Նրանք ողջունելով «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ իսլամական երկրները կոչ էին արել Հայաստանին «հաղթահարել դրա ստորագրմանը խոչընդոտող մնացած իրավական եւ քաղաքական խոչընդոտները եւ դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սասանումը»։ Կազմակերպությունը, որին անդամակցում է 57 պետություն, վերահաստատել էին իրենց լիակատար համերաշխությունը Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ «հայկական ագրեսիայից տուժած, ազատագրված տարածքները վերականգնելու եւ վերակառուցելու ջանքերում»։ Այսինքն, նշյալ հայտարարության մեջ ամրագրվել էր «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» Հայաստան (փաստաթղթում որպես «Արեւմտյան Ադրբեջան» է ներկայացվել): Ավելին, Հայաստանին կոչ էին արել` «վերացնել այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել»:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին օրերս անդրադարձավ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանին, որի արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն` Բաքվի բոլոր պահանջներին համահունչ: «Համատեղ փաստաթղթում կազմակերպության անդամ երկրները կարող են հարցեր առաջ քաշել, որոնք պարտադիր չէ, որ արտահայտեն բոլոր անդամների դիրքորոշումը։ Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ կողմերին խրախուսել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը», նշել է Բաղաին։

Դատելով Իրանի իշխանությունների վերջին օրերի հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ Թեհրանը հակված չէ սրել հարաբերությունները Բաքվի հետ: Ի դեպ, նախօրեին ադրբեջանական լրատվականները հաղորդեցին, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Փեզեշքիանն այնտեղ մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը։

Հակաիրանական կոշտ քարոզչությունն Ադրբեջանում նոր «բարձունքներ» է գրավում

ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները հակաիրանական բուռն քարոզչության առիթ դարձան Ադրբեջանում: Ադրբեջանի պետական «Բաքու TV» հեռուստաալիքի հաղորդավարն, օրինակ, հայտարարել է, թե ադրբեջանական բանակը «շուտով կարող է մտնել Թավրիզ»։ ԶԼՄ-ներից մյուսն էլ գրել էր. «Ադրբեջանը կարիք չունի Իրանը հրթիռակոծելու, ռեժիմի ներսում 40-միլիոնանոց ռումբ ունենք», ըստ ամենայնի, հասկացնել տալով, թե Ադրբեջանը կարող է ապակայունացնել Իրանը «40 միլիոն ադրբեջանցիներով»։

Հակաիրանական քարոզչության գագաթնակետն էր ադրբեջանական իշխանական «Caliber»-ի ծավալուն հոդվածը` «Խամենեին եւ նրա պատերազմը Ադրբեջանի հետ» վերնագրով, որն այսպես էր սկսվում. «Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում ոչ թե առանձին պաշտոնյա է, ոչ էլ դիվանագիտական փաթեթավորմամբ մեկ այլ մանկուրտ։ Դա հենց ինքը՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է՝ մարդ, որը տարիներ շարունակ հետեւողականորեն թշնամական եւ դիվերսիոն քաղաքականություն է կառուցում Բաքվի նկատմամբ։ Նա է կանգնած հակաադրբեջանական յուրաքանչյուր սադրանքի, յուրաքանչյուր տեղեկատվական արտահոսքի, մեր երկրի դեմ ուղղված յուրաքանչյուր արշավի հետեւում։ Սրանք մեկուսացված դրվագներ չեն, եւ սա ցածրաստիճան դիվանագետների նախաձեռնություն չէ, սա գաղափարախոսություն է, որի աղբյուրը մեկ գրասենյակում է։ Այդ գրասենյակի սեփականատիրոջ անունը` Ալի Խամենեի է»։

Ըստ Caliber.Az-ի հոդվածի հեղինակի` «Իրանում դժվար է գտնել մեկ այլ գործիչ, որի անձնական հակակրանքը Ադրբեջանի նկատմամբ այդքան հետեւողականորեն եւ համառորեն արտացոլվի պետության քաղաքական որոշումներում: Ավելին, որոշ տեղեկությունների համաձայն, որոնց մասին Իրանը նախընտրում է լռել, Ալի Խամենեիի հայրը պարսիկ էր, իսկ մայրը՝ էթնիկ հայ: Եվ սա կարող է բացատրել այն տարօրինակ կապվածությունը, որով Իրանը, նրա ղեկավարությամբ, նախանձելի կանոնավորությամբ կառուցում է հատուկ հարաբերություններ Հայաստանի հետ: Նույնիսկ այն ժամանակ, երբ վերջիններս օկուպացրել են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները, երբ հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ են վտարվել, երբ ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը ավերվել են, հենց Իրանն էր, Խամենեիի նախաձեռնությամբ, որը պահպանել է կայուն կապերը Հայաստանի հետ, ապահովել է լոգիստիկան եւ առեւտուրը, եւ այս ամբողջ ընթացքում Խամենեին ինքը երբեք չի արտահայտել համակրանք կամ համերաշխություն ադրբեջանական ժողովրդի հետ»։

Այնուհետեւ հոդվածում դժգոհում են, թե Իրանն Ադրբեջանին ներկայացրել է որպես` «իսլամի թշնամիներ, «սիոնիստների գործիք», տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգ» եւ այլն: Ապա մատնանշում են Հայաստանում Իրանի դեսպանի վերջին ասուլիսում հնչեցրած գնահատականները ու շարունակում. «Դա պարզապես սուտ չէ, այլ անամոթ սադրանք, որը նպատակ ունի Ադրբեջանին ներքաշել ուրիշի պատերազմի մեջ, վարկաբեկել իր գործընկերների աչքերում եւ անվստահություն սերմանել»: Ահա ըստ հոդվածագրի` Իրանում հակաադրբեջանական քաղաքական գծի հետեւում «կանգնած է նույն անձը՝ Ալի Խամենեին»։

Բաքվի առեղծվածային պայթյունը

Հունիսի 26-ին երեկոյան տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության «Ալով» գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Համացանցում անմիջապես տեսանյութեր հայտնվեցին, որոնցում երեւում էին պայթյունի հետեւանքով առաջացած ուժգին հրդեհի կադրերը: Սակայն շատ արագ ադրբեջանական լրատվականները խմբագրեցին տեղեկությունը: Հաղորդում էին, որ հզոր պայթյուն է որոտացել Բաքվի` «Ադրբեջանֆիլմ» ստուդիայի տարածքում, եւ «112» թեժ գծին ստացվել է տեղեկություն` կինոստուդիայի հին տեխնիկական հատվածում տեղի ունեցած պայթյունի մասին։

Այս իրադարձությունը պատեհ առիթ էր դարձել ուշագրավ մեկնաբանությունների համար: «Хроника Кавказа» կայքը հրապարակել էր իրանական KhatEnergy տեղեկատվական-վերլուծական պորտալի մի հոդված հետեւյալ վերնագրով. «Բաքվի սաբոտաժը` Իրանի պատասխանն է դավաճանության համար»։

Հոդվածում հիշատակում են Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության «Ալով» գործարանում տեղի ունեցած պայթյունը, նշում են, թե դեպքը դիտարկվել է որպես հնարավոր դիվերսիոն գործողություն եւ տեսանյութ էին հրապարակել։ X-ում հրապարակվել է մեջբերում, որը ներառված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող ոչ պաշտոնական հաշվից. «Մենք երբեք դավաճաններին հեշտությամբ չենք թողնի…»։

Այնուհետեւ հոդվածում նշվում է, որ այս հայտարարությունը կարելի է համարել Բաքվի իշխանությունների հասցեին ուղղված ակնարկ, այն կարող է ընկալվել որպես ազդանշան, որ տեղի ունեցած պայթյունը Իրանի պատասխանի մի մասն է. «Հատկապես այն տեղեկությունների լույսի ներքո, որ վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի օդային տարածքը, այդ թվում՝ Թավրիզի շրջանում, օգտագործվել է իսրայելական անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների կողմից՝ Իրանին հարվածելու համար»։

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031