Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենազգաց ճարտարագետի եւ իր գրքի մասին

Հուլիս 02,2025 12:30

Օգսեն Բաբախանյանը ԱՄՆ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ակտիվ հասարակական գործիչ ու բարեգործ է։ Տասը տարուց ավելի է՝ ընտանիքով ամռանը այցելում է հայրենիք, ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ իր ժողովրդի, հայրենիքի նվիրյալ զավակ եւ ձեռնամուխ է լինում քաղաքամայր Երեւանի առօրյա գործերից սկսած՝ կազմակերպչական, ղեկավարման գործընթացին վերաբերող այլեւայլ խնդիրների՝ ներկայացնելով իր առաջարկները, նախագիծ–ծրագրերն այս կամ այն բնագավառում աշխատանքի նոր, առաջավոր, արդիական մեթոդներով կազմակերպելու, լուծելու որեւէ խնդիր։

Անվանի ճարտարագետը ԱՄՆ-ում ավարտելով բարձրագույնը, հիմնադրում է սեփական շինարարական-տեղեկատվական գրասենյակը եւ ամեն անգամ հայրենիք այցելելով հանրության տարբեր խավերին, Երեւանի վարչական շրջանների մասնագետներին, ղեկավարներին հանդիպելով, իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում նրանց։ Միաժամանակ նուրբ հումորով արձանագրում տարբեր խավերի մարդկանց, երիտասարդների ծուլությունն ու անտարբերությունը եւ հորդորում, կոչ է անում այս խառը ու դաժան ժամանակներում համախմբվել, ամենուր գործել, ստեղծագործել, զարկ տալ նոր տեխնոլոգիաներին, ավանդական արհեստներին տիրապետելու հմտություններին, որպեսզի հայրենիքը հզորանա, բարեկեցիկ ապրելու հնարավորությունները բազմապատկվեն։ Շրջելով Երեւան քաղաքի այգի-պուրակներում, գետնանցումներում՝ նա իր միջոցներով նորերով փոխարինում է ջարդված, ամրացնում շարժվող սալիկները, մաքրում արձանների շրջակայքը, վերացնում նրանց տեսանելիությունը խոչընդոտող «արգելքները»։ Մեր հանրային կյանքին վերաբերող եւ ամենաբազմազան թեմաներով ուսուցողական, բացատրական աշխատանքներին զուգահեռ՝ Օգսեն Բաբախանյանը գրքի տեսքով իր օրագրային հարցերն ու խոհերը, մտահոգություններն ու հայրենիքը բարգավաճ, հզորացած տեսնելու մտորումներն է հրատարակում եւ որպես աշխատանքի, բիզնեսի փորձ, ազգային արժեքներին հասու ու հավատարիմ լինելու ուղեցույց, բաժանում է պաշտոնյաներին, երիտասարդներին։

Իր հեղինակած նախորդ գրքերի շունչ ու ոգով, ոճակառուցվածքային համակարգով «Մեր զարթոնքը» խորագրով նոր լույս տեսած 6-րդ գիրքը՝ թեմատիկ բովանդակությամբ ընդգրկում է երկու՝ «Ինչպես բազմացնել հայ բնակչության թիվը Հայաստանում» եւ «Հայաստանում բազմահարկ շենքերի սեյսմիկ ամրացման ծրագիր» հրապարակումները։ Այսինքն՝ երկու տարբեր թեմաներով շարակարգված հրապարակումներն էլ հենց գրքի վերնագրերն են, պայմանականորեն ասած, երկու գրքույկները ամփոփված են մի հարկի տակ։

Սովորական իմաստով դրանք ոչ արձակ, ոչ էլ չափածո «գործեր» են, այլ ժամանակի եւ իրականության մեջ անմիջականորեն ընկալվող տեսական եւ պրակտիկ պաթոսով բովանդակված թեզ-դրույթներ են, բանաձեւումներ մեր հանրային կյանքի բազմաթիվ խնդիրների, ոլորտների մասին, իսկը՝ գործունեության մի ուղեցույց-ձեռնարկ։ Եթե առաջինում հեղինակը պարզաբանում, վերլուծում է հայ ազգաբնակչության աճի նախադրույթը եւ նախապայմանը համարում է բազմանդամ ընտանիքների գոյության ապահովումն ու պետական աջակցության խնդրականը, շոշափված Իսրայելի օրինակով, ապա երկրորդում սնկի պես աճող բազմահարկ նորակառույցների սեյսմիկ անվտանգության եւ վթարված շենքերի վերանորոգման դիտարկումներն ու նախագծային-նախահաշվարկային թեզիս-դրույթներ են՝ շարադրված Սպիտակի երկրաշարժի ֆոնին։

Ռազմավարական նշանակության այս հիմնական երկու խնդիրների լուծման համար Օգսեն Բաբախանյանն առաջարկում է իր մոտեցումները՝ հիմնավորված փորձագիտական, այլ ազգերի բազմացման փորձի, իր իսկ ուսումնասիրությունների տեսական հիմնավորումների վրա, իսկ շինարարության մեջ՝ զարգացած երկրների շինարարական նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված եւ հաշվարկված տեխնիկական, մասնագիտական ու ֆինանսական վերլուծությունների, համապատասխան սխեմաների, դիագրամների առկայությամբ։

«Ինչպես բազմացնել հայ բնակչության թիվը Հայաստանում» հրապարակման մեջ հիմնական հորդորն ու կոչը ուղղված է հայ երիտասարդներին, նրանց ընտանիքներին եւ այն կանանց, որ եթե անգամ ամուսնացել են օտարազգի տղամարդու հետ, անպայմանորեն հայկական ոգու, արժեքների բաղադրիչները պետք է սերմանել երեխաների մեջ եւ հայեցի դաստիարակություն տալ՝ չանտեսելով հարգալից վերաբերմունքը օտարների հանդեպ, քանզի հայերս խաղաղասեր եւ արդարամիտ, մեր ավանդներին նվիրված ժողովուրդ ենք։ Նույն այդ ուսումնասիրության մեջ հեղինակը շեշտում է, որ ազգերը գոյատեւում, զարգանում են հայրենիքում, հզոր բանակներով, բռունցքված ու համերաշխ ապրելակերպով, ազգային արժեքներով, հավատքով ու տեսլականով՝ առաջնահերթություն ունենալով բազմանդամ ընտանիքների առկայությունը, արտագաղթի, «աբորտների» արգելափակումը։

Գրքի նշանակալից եւ կարեւորագույն խնդիրներից է Սփյուռքի գործոնը եւ ինչպես դա պարզաբանում ու վերլուծում է Օգսեն Բաբախանյանը, առանց Սփյուռքի հետ սերտ ու բազմաճյուղ կապերի իրավամբ դժվար է կյանքի կոչել բոլոր այն հիմնական խնդիրները, դիմագրավել մարտահրավերները, որոնք ծառացած են մեր հայրենիքի, երկրի առջեւ։ Իսկ դա նշանակում է վերականգնել Սփյուռքի նախարարությունը, հավաքագրել Սփյուռքի ներուժը, ուղղորդել նրանց հայրենիքում ներդրումներ կատարել, համապարփակ լուծում տալ ընթացիկ եւ ծագող խնդիրներին։ Եվ միայն հավաքական զորընդեղությամբ, միասնությամբ, ճիշտ եւ ողջամիտ գաղափարախոսությամբ, հավատարիմ լինելով պատմական արժեքներին, մեր արմատներին հենվելով, պետք է զարգանանք, առաջ ընթանանաք, ի սեր մեր ինքնության եւ Աստծո։

Ինչ խոսք՝ այս խնդիրների լուծմանը պետք է աջակցի պետությունը՝ ԶԼՄ-ներով պարբերաբար հաղորդումներ, հանդիպումներ կազմակեպելով անվանի մարդկանց, մասնագետների հետ։

Առանցքային վերոհիշյալ խնդիրներից զատ գրքում շոշափված են նաեւ բազում այլ հարցեր, մեկնաբանություններ, առաջադրույթներ, աֆորիստիկ մտքեր, պատկան մարմիններին հասցեագրված դիտողություններ ու կշտամբանքներ, որոնց մասին թերթի սուղ հնարավորությունների սահմաններում հնարավոր չէ հանգամանորեն անդրադառնալ։

Խնդրո առարկա գիրքը գրված է խորագիտակ, հայրենասեր, կյանքի մեծ փորձ եւ լայն մտահորիզոն ունեցող շինարար-ճարտարագետի բազմաբեղուն գրչով։

Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Հ.Գ. ԱՄՆ-ում տպագրված երեք գրքերը՝ «The Economy of Wast», «The Pilgrimage» African American’s Rebirth, and «Robotics» New age of educated Socializm.

«Առավոտ» օրաթերթ
01.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031