Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր խմբի անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 107 դրվագով

Հուլիս 02,2025 12:26

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների և կեղծ փողերի իրացման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավոր փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ինչպես միայնակ, այնպես էլ խմբի կազմում ընդգրկված Վ.Ղ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմներ:

Մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները տաքսի ծառայություն մատուցող և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին գրավիչ գներով պատվերներ են կատարել, նրանց խնդրել են որոշ ապրանքներ գնել և իրենց հետ փոխադրել պատվիրված վայր, սակայն գումարը չեն փոխանցել: Այնուհետև, խնդրել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իբր իրենց պատկանող, սակայն իրականում տաքսի ծառայություն մատուցող այլ վարորդների բանկային հաշիվներին՝ այդպիսով հափշտակելով քաղաքացիների կողմից փոխանցված գումարները:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամները զանգահարել են տարբեր քաղաքացիների և ներկայացել իբր մսի մատակարարներ, այնուհետև կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են վերջիններիս պատկանող մորթված անասունները:

Մեկ այլ դեպքում, հանցավոր խմբի անդամները ծանոթանալով քաղաքացիների կողմից «List.am» կայքում բջջային հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններին, զանգահարել են նրանց, պայմանավորվել և գումարի փոխարեն վերջիններիս տրամադրել հուշանվեր թղթադրամներ համարվող և վճարային միջոց չհանդիսացող թղթադրամներ՝ արդյունքում խաբեությամբ հափշտակելով բջջային հեռախոսները:

Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափը կազմել է 20.000-ից մինչև 1 մլն 200 հզր ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (5 դրվագ), իսկ Ն.Պ.-ի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (100 դրվագ), 457-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) (1 դրվագ) և 267-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը) (1 դրվագ):

Վ.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, իսկ Ն.Պ.-ի նկատմամբ՝ կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031