Լրահոս
Օրվա լրահոսը

2025թ. հունիսի 27-ին դատապարտյալների` 2016 թ. գործով Վճռաբեկը որոշում կայացրեց

Հուլիս 02,2025 14:00

ՀՀ ԱՆ ՔԿՎ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 6 խցի դատապարտյալ Արմեն Ծառուկյանը, 2016 թ. հուլիսի 27-ին դանակով ուժգնությամբ եւ շեշտակի մեկ հարված հասցնելով խցում գտնված դատապարտյալ Աշոտ Միքայելյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային շրջանի՝ հետին անութային գծով 4-րդ միջկողի հատվածում՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող ծակած-կտրած մարմնական վնասվածքի ձեւով: Մեջբերվածը դատարան ուղարկված քրեական գործի նյութերից է, մեղադրական հաստատված եզրակացությունից:

Դատաքննության ժամանակ տուժող Աշոտ Միքայելյանը պնդել էր սակայն, որ իրեն ոչ ոք չի վնասել, Ա. Ծառուկյանն անմեղ է, վնասվածքն ստացել է վայր ընկնելու եւ ինքն իրեն վնասելու հետեւանքով, իսկ Արմենն օգնություն է ցույց տվել իրեն:

Նա պնդել էր, որ զբոսանքի գնալուց հետո, խցում մնացել են ինքն ու Արմեն Ծառուկյանը, որը մինչ այդ ստացել է մեթադոն, խցի դուռը եղել է փակ, որեւէ այլ անձ խուց մուտք չի գործել, վայր է ընկել երկաթի վրա, ենթադրում է, որ վնասվածքը ստացել է պտուտակահանի կամ այլ գործիքի վրա վայր ընկնելու հետեւանքով, դրանից հետո ինքն այն գցել է զուգարանի խողովակի մեջ, ինքն ու Ա. Ծառուկյանը մաքրել են արյունը:

Վերաքննիչ դատարանը նկատել էր, որ տուժողը իր յուրաքանչյուր ցուցմունքում տարբեր կերպ է նկարագրել դեպքի հանգամանքները, այսինքն, կան բազում հակասություններ: Ըստ դատարանի` պետք է հաշվի առնել սակայն, որ տուժողը գտնվել է քրեակատարողական հիմնարկում, իսկ նման պայմաններում ցուցմունքներ տալը բոլորիս հայտնի պատճառներով ձեռք կբերեր «գործ տվողի» անուն, ինչն էլ ՔԿՀ-ում կառաջացներ անդառնալի հետեւանք։

Ամբաստանյալ Ա. Ծառուկյանը, 21.12.2016թ. որպես կասկածյալ հարցաքննվելիս, ցուցմունք է տվել այն մասին, որ տուժող Աշոտ Միքայելյանի հետ վաղեմի ընկերներ են, իրենց պատիժը կրել են միեւնույն՝ թիվ 6 խցում, որում պատիժ են կրել նաեւ Ա. Պապյանը, Ս. Թադեւոսյանը եւ Հ. Մարգարյանը: Դեպքի օրը՝ ժամը 15-ի սահմաններում, ինքն ու Աշոտը մնացել են խցում, իսկ երեք խցակիցները գնացել են զբոսանքի: Մինչ այդ՝ խցում որեւէ վիճաբանություն, կռիվ չի եղել: Ժամը 15:30-ի սահմաններում, երբ գտնվել է զուգարանում, «դխկ, շխկ» է լսել եւ դուրս գալով՝ տեսել է, որ Աշոտն ընկած է հեռուստացույցի եւ մահճակալի միջեւ: Մոտեցել եւ նրան բարձրացրել ու նստեցրել է մահճակալին: Այդ ժամանակ նրա վրա արյուն չի եղել, եթե լիներ, կտեսներ: Այնուհետեւ վերադարձել է զուգարան: Րոպեներ անց լսել է Աշոտի՝ «Արա ճղվեց» բացականչությունը ու անմիջապես գլուխը հանելով զուգարանից՝ տեսել է, որ Աշոտը, աջ ձեռքով ձախ թեւատակը բռնած, գալիս է ընդառաջ: Ըստ գործի նյութերի, Ա. Միքայելյանի թեւատակի շորի հատվածում նկատելով արյուն՝ նրան օգնել, տարել է զուգարան, հանել է շապիկն ու լվացել արյունոտ մարմինը: Աշոտը չի ցանկացել, որ ինքը կանչի հսկիչներին, սակայն անհանգստանալով՝ ձայն է տվել հսկիչին: Հսկիչն անմիջապես չի բացել դուռը, այլ կարճ ժամանակ անց խցի դուռը բացել են մի քանի աշխատակիցներ եւ Աշոտին տարել են բուժմաս:

Արմենը պնդել է, որ ինքն Աշոտին չի հարվածել, իրենք չեն վիճել, ինքն անմեղ է, այլ անձ խցում չի եղել: Նույնը պնդել է դատարանում:

Դեպքին նախորդող ժամանակ ամբաստանյալ Աշոտ Միքայելյանն այցելել է բուժկետ եւ օգտագործել «Մեթադոն» հոգեմետ դեղ, որից հետո վերադարձել է խուց եւ դեպքի պահին նրանք խցում գտնվել են բացառապես երկուսով, այլ անձ խուց մուտք չի գործել: Որպես վկա հարցաքննվել էր նաեւ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Տիգրան Դարբինյանը 2016 թ. հուլիսի 27-ին տեղի ունեցածի կապակցությամբ, նաեւ` դատապարտյալները: Առաջին ատյանը արդարացրել էր, վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողել դատավճիռը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թ. հունվարի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր բերել դատախազը` Գ. Բաղդասարյանը: Այն ընդունվել էր երեք օր հետո վարույթ: Այսինքն, 2023 թ. հունվարի 23-ից գործը Վճռաբեկ դատարանում էր:

Երեկ տեղեկացանք, որ հունիսի 27-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, գործը բեկանելու, նոր քննության ուղարկելու մասին: Ասել է, թե դեռ նոր գործընթացներ են սկսվում 2016թ. տեղի ունեցած պատիժը կրողների նոր գործի դատական ելքը որոշելու համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031