Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե, ի վերջո, ՀԷՑ-ի նկատմամբ այդ իրավունքի միջամտությունը տեղի ունենա, պատասխանատվությունը կրելու ենք բոլորս. Սամվել Կարապետյանի պաշտպան

Հուլիս 02,2025 12:38

– 2021 թվականի հունիսի 18-ին իր գործունեությամբ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի կողմից ընկալվում է մարդ, որի նկատմամբ ուզում են քրեական հետապնդում իրականացնել, չեն զլանում՝ հետախուզում են հայտարարում: 2025 թվական հունիս 18. ՀՀ իրավական ռեպրեսիվ ողջ համալիրն իրացնում է Սամվել Կարապետյանի նկատմամբ թե՛ իր անձնական ազատության իրավունքի, թե՛ սեփականության, թե՛ արդար դատաքննության իրավունքի վրա: Այս առումով արդյոք պատահականությո՞ւն է այդ ամենը, թե՞ ոչ; Փաստական տվյալ ֆիքսենք, ես դատողություն չանեմ՝ Ադրբեջանի համար Սամվել Կարապետյանը հանդիսանում է հետախուզման ենթակա անձ, Հայաստանի իրավապահների ու գործադիր իշխանության ղեկավարի խոստման արդյունքում Սամվել Կարապետյանը հանդիսանում է քրեական հետապնդման ենթարկվող, ապօրինի կալանքի մեջ գտնվող անձ,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գործարար, անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմից Արամ Վարդեւանյանը:

Արամ Վարդեւանյանը նկատեց, որ Սամվել Կարապետյանի տեսաուղերձն է հիմք դարձել քրեական հետապնդման, որտեղ իշխանությունը զավթելու կոչ չի հնչեցվել. «Մայր Աթոռի նկատմամբ միջամտություն է տեղի ունենում, որը խիստ քննադատության է արժանանում Մայր Աթոռի ամենախոշոր բարերարների կողմից: Ե՞վ, դրա համար պետք է քրեական հետապնդո՞ւմ լինի: Ես կասեմ հակառակը՝ իրենց պետք էր ամեն կերպ մեկուսացնել Սամվել Կարապետյանին, որ ՀԷՑ-ի հետ կապված անեն այն գործողությունները, որ անում են: Ես մեծ հույս ունեմ, որ իրենց գործողությունների պատասխանատվությունը քաղաքական պատասխանատուները գիտակցում են: Տեսա, որ նախագիծը (ՀԷՑ-ի պետականացման) ներկայացնում էր Վլադիմիր Վարդանյանը՝ մասնագիտությամբ իրավաբան, գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի ոլորտում առավել քան մասնագիտացած: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը գիտակցում է ՝ այս գործողությունների արդյունքում, եթե ի վերջո, այդ իրավունքի միջամտությունը տեղի ունենա, պատասխանատվությունը կրելու ենք բոլորս: Որովհետեւ ՀՀ-ն է պատասխանատվության ենթարկվելու»:

Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին քննչական մարմին ներկայանալուց առաջ լրագրողներին ասել էր՝ թքած ունի ՀԷՑ-ի վրա: Լրագրողներից մեկը Վարդեւանյանից հետաքրքրվեց՝ հիմա ի վերջո Կարապետյանը թքած ունե՞ր ՀԷՑ-ի վրա, թե՞ ոչ: Փաստաբանը պատասխանեց՝ առաջիկայում այդ հարցադրումը լրագրողը հնարավորություն կունենա փոխանցելու հենց Սամվել Կարապետյանին:

Վարդեւանյանը նաեւ պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ Սամվել Կարապետյանը՝ «մեր ձեւով մասնակցել» ասելով. « Մայր Աթոռի կողքին կանգնելը, ՀՀ ու Արցախի կողքին լինելը»: Իսկ ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով «իմ ձեւով կմիջամտեմ ձեզ» այս հարցին պարոն Վարդեւանյանն այսպես արձագանքեց՝ հիշեցնելով, որ այդ գրառումից ժամեր անց եղավ ձերբակալություն, կալանքի միջնորդություն, կալանք, ՔԿՀ, տեսակցությունների սահմանափակում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031