Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր ձայնը կարեւոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում: Կոչ եմ անում հանդես գալ հայ ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին. Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Հուլիս 02,2025 13:21

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում:

ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է.

«Իմ փոփոխության առաջարկը 52-րդ պարբերությունում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանությանը:

Տարբեր հավաստի զեկույցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները եւ հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում: Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից: Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են:

Ապացուցված փաստ է, որ Ադրբեջանն անտեսում է մարդու իրավունքների հիմնարար ստանդարտները:

Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդես գալ հայ ռազմագերիների եւ կալանավորված անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին: Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թվում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողությունը՝ մինչեւ նրանց անվերապահ ազատ արձակումը:

Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահավաք առաքելություն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար, որն այսօր շարունակաբար ենթարկվում է ոչնչացման՝ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայկական հետքերի ջնջման քաղաքականության արդյունքում:

Հարգելի՛ գործընկերներ,

Ես բարձրացնում եմ այն հազարավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից:

Իմ առաջարկները որեւէ կերպ չեն խաթարում խաղաղության գործընթացը եւ միայն հնարավորություն կտան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը՝ դրականորեն ազդելու խաղաղ կարգավորման վրա: Ձեր ձայնը կարեւոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում»:

Ավելի վաղ Լիլիթ Գալստյանը հայտնել էր, որ նախաձեռնությանը հայ պատվիրակների չմիանալը հարուցել էր տարբեր երկրներից խորհրդարանականների զարմանքը:

Լիլիթ Գալստյանը մասնավորապես գրել էր. «Հայաստանի պատվիրակության անդամ ՔՊ-ականները դեռ Երևանից չմիացան նախաձեռնությանս, փոխարենը նախաձեռնությանս միացան՝ Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը ներկայացնող պատգամավորներ։ Իսկ հետո քննարկման ժամանակ առաջարկս մերժելու համար ձայն վերցրած Լիտվացի պատգամավորն ասաց, որ կողմերի հետ քննարկել են և եկել եզրակացության, որ առաջարկս պիտի մերժել, որովհետև կողմերի համար զեկուցողի ներկայացված տեքստն է ընդունելի։

Լիլիթ Գալստյանի ելույթից հետո ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի նախագահողի հարցին, թե որևէ մեկը ցանկանո՞ւմ է դեմ արտահայտվել 14-րդ փոփոխությանը, լիտվացի պատգամավոր Ռուսլանաս Բարանովասն ասել է.

– Տիկին նախագահող, ինչպես ես հասկանում եմ, հարգելի Կարինա [Օդեբրինկը] հիանալի աշխատանք է կատարել այս զեկույցը ներկայացնելու հարցում, և մենք շատ քննարկումներ ենք ունեցել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ, և ուշադիր աշխատանքից և քննարկումից հետո սկզբնական տեքստը ընդունելի էր երկու կողմերի համար։

Հիմա մենք տեսնում ենք այս փոփոխությունը, որին հաջորդել են մյուս կողմից ներկայացված հակափոփոխությունները, և ես իսկապես կոչ եմ անում ձեզ, սիրելի գործընկերներ, մերժել այս և հաջորդող փոփոխությունները և պարզապես մնալ Կարինայի պատրաստած սկզբնական տեքստի վրա։

Նախագահող. Ի՞նչ կարծիք ունի տիկին Կարինա Օդեբրինկը փոփոխության վերաբերյալ։

Կարինա Օդեբրինկ (Շվեդիա). Կցանկանայի ընդգծել այն, ինչ պարոն Բարանովասն ասաց հենց նոր։ Կարծում եմ, կարևոր է, որ իմ զեկույցում լինի ինչ-որ բան Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի մասին. դա շատ կարևոր է։

Բայց ես փորձել եմ լինել որքան հնարավոր է պարզ և հավասարակշռված, և քննարկումներ եմ ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Եվ մենք երկար քննարկում ենք ունեցել ապրիլին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ, ուստի ես աջակցում եմ պարոն Բարանովասի ասածին։

Ես մերժում եմ այս փոփոխությունը և կցանկանայի լսել հանձնաժողովին որոշում կայացնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031