«Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է Սամվել Կարապետյանից ու բոլոր հայրենասերներից»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Ըստ նրա՝ այն, ինչ կատարվում է, ՀԷՑ-ը խլելու գործընթաց է։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որտեղ սպառնում է՝ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից:
Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Իհարկե, այստեղ կա սպառնալիք, ներգրավվածություն ՀԷՑ-ը խլելու գործընթացի մեջ, բայց Փաշինյանի հանցագործությունների մեջ քիչ տարբերություն է տալու իր հետագա «սռոկի» մեջ։ Իշխանությունը տեռոր է իրականացնում արդեն յոթ տարի նաև այն մարդկանց դեմ, որոնք 2018-ի ապրիլից ասում էին, որ այս շարժման ճարտարապետներն իրենց էությամբ հակաղարաբաղյան են։ Մենք տեռորից վախեցող չենք։ Յուրաքանչյուր ՀԷՑ աշխատող, քաղաքացի, որն այս իշխանություններին քննադատելու համար քաղաքական հալածանքների է ենթարկվում, պատրաստ ենք մեր ուժերի ներածի չափով նրանց աջակցություն տրամադրել»։
Հարցին՝ ՀԷՑ-ի խլման գործընթացը սպառողների վրա ի՞նչ ազդեցություն կունենա․ «Ունենք մի կառավարիչների խումբ, որոնք չեն կարողացել երեք տարի լուծել այն հարցը, որ սուպերմարկետներում տոպրակ տա՞ն, թե՞ ոչ։ Այդ տղաներն ու աղջիկները պատրաստվում են ՀԷՑ աշխատեցնել։ Աշխարհում քիչ են կառույցները, որտեղ ՀԷՑ-ի նման կառույցներն ազգայնացվել են, ու այդ բոլոր երկրներում դրանից հետո եղել է թանկացում»։
Կարդացեք նաև
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ ակնհայտ է, որ ՀԷՑ-ը խլելու գործընթացը, Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալումը հետևանք են նրա, որ Սամվել Կարապետյանն ի աջակցություն կանգնեց Հայ առաքելական եկեղեցու կողքին։
Լրագրողները հիշեցրին՝ երկրորդ նախագահի աջակիցները քննադատում են «Պատիվ ունեմ»-ին այն բանի համար, որ նա հայտարարություն տարածեց այն ժամանակ, երբ Միքայել Սրբազանն արդեն հայտարարել էր, որ հրաժարվում է վարչապետի թեկնածու լինել․ «Հրապարակման տեսանկյունից այդ հայտարարությունները տեղի են ունեցել միաժամանակ։ Միքայել սրբազանի արձագանքը հրապարակվեց այն ժամանակ, երբ ես զբաղված էի մեր հայտարարության տեքստի սրբագրմամբ ու հրապարակմամբ։ Դա ակնհայտ է։ Ժամացույց, հույս ունեմ, բոլորն ունեն։ Կան մարդիկ, որոնք իրենց անվանում են երկրորդ նախագահի աջակիցներ, բայց երկրորդ նախագահի թիմն ուզում է խուսափել այդ մարդկանցից։ Այն մարդիկ, որոնք Փաշինյանի քարոզչություն են տարածում, չեն կարող լինել ընդդիմադիր ուժի աջակիցներ»։
Հայկ Մամիջանյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը և Վեհափառը մշտական կապի մեջ են, նրանց շփումները որևէ արտառոց բան չեն պարունակում, որ դրանք առանձնացված լուսաբանենք։
Նաև հայտնեց, որ ՀՀԿ-ն աշխատում է իմպիչմենտի իրագործման համար բոլոր ուղղություններով․ «Ամենաբարդ ու ժամանակատար ուղղությունը «Հայաստան» խմբակցությունից ստորագրություններ ստանալն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ