Տ. Օշական քհն. Խաչատրյան. Արձագանք ՀՀ վարչապետի պնդումներին
Երեկ դուք հայտարարեցիք և այսօր էլ շարունակում եք պնդել, թե «ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են»։ Իբրև ամուսնացյալ քահանա թույլ տվեք հարցնել՝ այդ ո՞ր եղբայրն է իր եղբորը հալածում, զրպարտում ու կալանավորում, ասեմ ավելին՝ դիմակավորված հարձակում գործում այն սրբազան հաստատության վրա, որի զավակն է համարում ինքն իրեն։ Քրիստոսի խոսքն այստեղ հստակ է. «Եթե մեկն ասում է՝ սիրում եմ Աստծուն, բայց իր եղբորն ատում է, նա ստախոս է» (Ա Հովհաննես 4, 20)։
Եղբայրությունը միայն խոսք չէ։ Այն գործ է։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը հուշում է. «Միայն խոսքով չասենք՝ եղբայր ենք, այլ սիրով ու ճշմարտությամբ եղբայրանանք»։ Մենք՝ բոլոր օծյալ հոգևորականներս՝ ամուսնացյալ կամ կուսակրոն, եղբայրներ ենք ի Քրիստոս՝ իբրև հոգևոր հայր ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որի Հայրական հոգածության ու խնամքի ներքո ենք ամենքս: Որևէ զավակ չի հարվածում իր ծնողին, ճշմարիտ եղբայրը չի զրպարտում ու չի չարախոսում իր եղբոր մասին: Եթե դուք իսկապես եղբայր եք Հայ Եկեղեցու սպասավորներին, ապա ինչո՞ւ եք կալանավորում նրանց, ինչու՞ եք փորձում սևացնել ու պախարակել հիմնազուրկ պնդումներով, եթե դուք իսկապես եղբայր եք, ապա եղբայրության ճանապարհը միմիայն սեր է և խաղաղություն, այլ ոչ թե զրպարտություն, շինծու մեղադրանքներ և ճնշում։ Եվ ի վերջո տեղին է հիշել մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը՝ ուղղված Պողոս առաքյալին, որը սկզբնական շրջանում հալածում էր քրիստոնյաներին․ «Սավուղ, Սավուղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում» (Գործք 9, 4)։ Այսինքն՝ երբ հալածում եք Եկեղեցու օծյալ սպասավորին՝ իմացեք, որ հալածում եք Քրիստոսին։
Հիմա դատեք ինքներդ՝ մենք կարո՞ղ ենք եղբայրներ լինել։ Քավ լիցի։
Տ. Օշական քհն. Խաչատրյան