«Հաշվի առնելով անտառային հրդեհների վտանգավորության աստիճանը եւ շրջակա միջավայրին պատճառվող վնասի չափերը՝ էկոպարեկային ծառայությունն իր գերակա խնդիրն է համարում անտառային հրդեհների կանխմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի, կանխարգելիչ միջոցառումների մասին խոսելիս:
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ փրկարար ծառայության գնդապետ Բագրատ Վարդազարյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2024 թվականի առաջին կիսամյակի հետ համեմատած՝ բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում, ինչպես նաեւ անտառներում առաջացած հրդեհների վերաբերյալ. «Ընդհանուր թվաքանակով ունենք հրդեհների աճ: Օրինակ, եթե Արարատի մարզում բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում այս տարի գրանցվել է 386 հրդեհ, 2024թ այդ թիվը նույն ժամանակահատվածում եղել է 192: Տավուշի մարզում այս տարի գրանցվել է 281 դեպք, մինչդեռ անցյալ տարի՝ 72, այսինքն` գրեթե 4 անգամ ավելացել է:
Ինչ վերաբերվում է անտառային հողերում առաջացած հրդեհներին, դարձյալ ընդհանուր քանակով ունենք աճ 4 անգամ: Եթե անցյալ տարի գրանցվել էր 5 հրդեհ, այս տարի՝ 20: Ի դեպ, անտառային հողերի հրդեհները չի նշանակում, որ ծառեր են այրվել, ուղղակի հրդեհը տարածվել է անտառային տարածք»:
Բագրատ Վարդազարյանն անդրադարձավ Հիդրոմեդ ծառայության հունիսի 30-ի տարածած տեղեկատվությանը, ըստ որի՝ Արարատի մարզում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ: Նա նշեց, որ փրկարար ծառայությունում անցյալ տարվանից ներդրված է մոբայլ համակարգ, որի շնորհիվ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից SMS հաղորդագրության միջոցով կարողանում են դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին, մարզպետին, մարզպետարանի աշխատակազմին տեղեկացնել, որ իրենց մոտ սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ, եւ ըստ այդմ՝ նրանք կարողանում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին կիսամյակի ընթացքում 2096 հրդեհ է գրանցվել բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը 787 է եղել, այսինքն` աճ է նկատվում 2,7 անգամ : Բագրատ Վարդազարյանի ձեւակերպմամբ, համաշխարհային վիճակագրության համաձայն՝ բուսածածկ, խոտածածկ տարածքների հրդեհների գրեթե 95 տոկոսը պայմանավորված է մարդկային գործոնով, միայն 5 տոկոսն է բնական պատճառներով՝ ամպրոպ, շոգ եղանակ, երաշտ եւ այլն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ