Տեռորի ու բռնաճնշումների շարունակություն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համարում «Տաշիր» ընկերության գլխավոր գրասենյակում այսօր իրավապահների սկսած խուզարկությունները:
«Բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորդում է իրավապահ մարմիններին, որ էլ ավելի մեծացնեն բռնաճնշումները: Սա քաղաքական գործի շրջանակում է, այն շրջանակներում, որ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասում էր՝ բոլորին կտանեմ, ԱԱԾ պադվալները կլցնեմ: Սա դրա տրամաբանական շարունակությունն է: Հստակ ուղղորդված, ցուցումներով, sms հաղորդագրություններով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով, իրենք շարունակելու են ամեն ինչ անել, որ «այն անձը, որը օկուպացրել է ՀՀ կառավարությունը, օր առաջ վռնդվի իր պաշտոնից». «Որովհետեւ ամեն օրը հայ ժողովրդի համար ավելի թանկ վճարման գին է արժենում: Ով որ Մայր Աթոռին սատարում է, գալիս են իրենց մոտ, իրենց հիմնարկները: Մեկին ասեք իր կողմնակիցներից փորձ անի՝ իբր սատարում է Մայր Աթոռին, հաստատ իրենց հետեւից էլ կգնան: Երկու հոգի ՔՊ-ից ինչ-որ բան արեցին, չէ՞, sms-ը գնաց, ո՞ւր են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, չկան»:
Կարդացեք նաև
Պատգամավորը նկատեց, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթ պետք է լինի հուլիսի 4-ին, իշխանությունները սարսափել են նույնիսկ դրանից. «Էս մարդիկ սարսափում են: Մարդը, երբ որ ուզում է ինչ-որ բողոք անհամաձայնություն հայտնի, սկսվում է այս ռեպրեսիաների շղթան»:
Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ նաեւ այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ՀԷՑ-ը պետականացնելու նախագծի ընդունմանը եւ ասաց. «Սա օրինագիծ չէ, սա խլելու, բոլշեւիզմին բնորոշ մի ձեւ է: Աշխարհում նմանատիպ բան չգիտեմ՝ եղե՞լ է, թե՞ ոչ: Սա բռնապետական իշխանություններին բնորոշ վարքագիծ է: ՀԷՑ-ը այս տարիներին բավականին լուրջ ներդրումներ է արել: Այս տասը տարիների ընթացքում, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի սեփականատերն է, ընդամենը 4,5 դրամով է գինը ավելացել: Այն էլ ՀԷՑ-ի բաժինը չի, ատոմակայանինն է, ԲԷՑ-ինն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ