Լրահոս
Օրվա լրահոսը

36 ստորագրություն պատրաստ է, որ հարցը մտնի օրակարգ․ Միքայել սրբազանն ունի անառարկելի հեղինակություն, հուսանք՝ Կաթողիկոսը կտա իր օրհնությունը․ Աղազարյան

Հուլիս 02,2025 14:50

«Այդ նախաձեռնությունը, որը մենք ունեցանք պարոն Մարուքյանի առաջարկով, բոլորդ էլ վկա եք, որ շատ կարճ ժամանակում կոնսենսուս առաջացավ երկու ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության։ 36 ստորագրություն պատրաստ է, որ հարցը մտնի օրակարգ։ Միքայել սրբազանն այն անձն է, որն անառարկելի հեղինակություն է հոգևոր աշխարհում, նաև ավելի լայն շրջանակում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ դա չի՞ նշանակում իշխանության ջրաղացին ջուր լցնել, քանի որ Միքայել սրբազանն էլ է ասել, որ չի ցանկանում վարչապետի թեկնածու լինել, Հովիկ Աղազարյանն արձագանքեց․ «Հոգևորականը քաղաքացի է։ Եթե հոգևորականը՝ բոլորի կողմից ընդունված ու հարգված, գա վեց-յոթ ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը, և բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին ու գնան 2026-ի ընտրություններին, նշանակում է, որ օգնում են այս ճգնաժամից դուրս գալ»։

Լրագրողների հարցին՝ Դուք բանակցո՞ւմ եք այդ ուղղությամբ, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Իմ հարաբերությունները եկեղեցու հետ միշտ էլ զուսպ են եղել, այդ հնարավորությունը չունեմ, որ բանակցեմ։ Մենք ու նրանք, ովքեր գտնում են, որ սա ճիշտ գաղափար է, պետք է խնդրենք Գարեգին կաթողիկոսին, որ նա օրհնի, որ Միքայել սրբազանը գա ու վեց-յոթ ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Մի քանի առանցքային նախարարների կարելի է փոխել, և վեց-յոթ ամսվա ընթացքում պատրաստվել ընտրություններին»։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացները, Նիկոլ Փաշինյանի գրառումներն ու սպառնալիքները, պատգամավորն այսպես պատասխանեց․ «Ես դա շատ վատ եմ գնահատում՝ որպես երևույթ ընդհանրապես տնտեսական իմաստով։ Եթե ՀԷՑ-ը պետականացվի, ապա կարճ ժամանակ հետո մենք ունենալու ենք պրոբլեմներ թանկացման և հոսանքի մատակարարման իմաստով։ Այն, ինչ կատարվում է, կոչվում է ռեկետ․․․Եթե «Վեոլիա ջրի» մասնաբաժինը մասնավորինը չլիներ, այսօր Երևանում լինելու էր ջրի մատակարարման ամենախորը պրոբլեմը։ Եթե ժամանակին Կոնյակի գործարանը չսեփականաշնորհվեր, այսօր խաղաղագործությունը ՀՀ-ում զրո մակարդակի վրա կլիներ։ Սրանք այն ոլորտներն են, որ պետք է մասնավորը ղեկավարի և պետությունը վերահսկի»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, Հովիկ Աղազարյանն ասաց․ «Ցանկացած անձ իր աշխատանքային պարտականությունները կատարելուց հետո իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնել այս կամ այն հարցի հետ կապված։ Այն հռետորաբանությունը, որ վարչապետը ներկայացնում է, ինձ համար անընդունելի է»։

Հարցին՝ կմասնակցե՞ք ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթին, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Չեմ մասնակցի, որովհետև կարծում եմ՝ Սամվել Կարապետյանն այն արտահայտությունը, որ արեց, չպետք է դա աներ՝ մեծագույն հարգանք ունենալով նրա հանդեպ։ Ոնց որ հակառակորդին հնարավորություն տաս ինքն արդարացնի իր քայլերը։ Նա խոշորագույն բիզնեսմեն է, բայց երևում է՝ քաղաքական փորձության պակաս ունի։ Այդ նույն միտքն այլ ձևով են ասում»։

Ըստ Հովիկ Աղազարյանի՝ այն դեպքից հետո, երբ վարչապետն ասաց, որ ԲԴԽ նախագահին ինքն է հրահանգել, որ պաշտոնից հրաժարվի, այդ պահից սկսած մեզ մոտ արդարադատությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա․ «Ունենք ավտորիտար ղեկավար, որ որոշումները միայն ինքն է կայացնում։ Բա ինչի՞ ենք ասում իմպիչմենտ»։

Պատգամավորի կարծիքով՝ եթե կան դեպքեր, որ ռուսական հեռուստաալիքները սխալ են իրենց դրսևորում , դրա վրա ազդելու համար կա գործիքակազմ․ «Բայց ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը փակելուն դեմ եմ։ Երեք միլիոն հայ է ապրում այնտեղ։ Պետք է կապ ու շփումներ ունենանք»։

Լրագրողների հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջարկված վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հեղինակություն վայելո՞ւմ է, նրա շուրջ կա՞ կոնսենսուս, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Դավիթ Համբարձումյանն այն շրջանակներում, որ իրեն ճանաչում են, ինքն անառարկելի հեղինակություն է։ Ընտրությունների ժամանակ ես իմ հարազատներին չկարողացա համոզել, որ իրենց ձայնը տան ՔՊ-ին, որովհետև Դավիթին շատ սիրում ու հարգում էին»։

Հարցին, եթե Միքայել սրբազանի թեկնածությունը չհաջողվի ստանալ, Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը կողմ կքվեարկե՞ք, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Բոլոր դեպքերում պետք է հուսանք, որ Կաթողիկոսը կտա այդ թույլտվությունը, եթե ոչ, Միքայել սրբազանի շուրջ համախմբման իմաստով հույս է ներշնչում, որ ճանապարհ կգտնի միգուցե Դավիթ Համբարձումյանի դեմքով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031