Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը ներկա չէ իր գործով դատական նիստին, ոստիկանները չեն ապահովել նրա տեղափոխումը դատարան

Հուլիս 02,2025 15:32

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ 

Արմեն Աշոտյանն այսօրվա նիստին ներկա չէ, քանի որ նիստի սկզբում հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան չէին ներկայացրել դատարան՝ պատճառաբանելով ռեսուրսների անբավարարությունը։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանը, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ԵՊԲՀ նախկին գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանը, ՍՊԸ տնօրեն Ռոլան Դավթյանը։ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս ամբաստանյալները մեղադրվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով։ Աշոտյանը մեղադրվում է «պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։

Այսօրվա նիստում ԵՊԲՀ նախկին գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանի պաշտպանը հերթական միջնորդությունը ներկայացրեց՝ Պարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ պաշտոնավորման կասեցումը վերացնելու մասին։

«Իր մեղադրանքը բացառապես ձեւակերպված է քննարկվող ժամանակահատվածում հաշվապահական փաստաթղթերի ուսումնասիրությանը։ Հիմնավոր չէ դատարանի այն մտավախությունը, որ նա պետք է չաշխատի, որպեսզի հաշվապահական փաստաթղթերը նրան հասանելի չդառնան։ Եթե դատարանն այսօր մեր միջնորդությունը բավարարի եւ խափանման միջոցը վերացնի, իմ պաշտպանյալը շարունակելու է աշխատել՝ հենց այդ ժամանակահատվածից սկսած հաշվապահական փաստաթղթերի հետ առնչություն ունենալով։ Իսկ նման դեպքում իմաստազրկվում է որեւէ վտանգ առաջ քաշել կամ մտավախություն, որ ինքը կարող է այս գործով խոչընդոտ հանդիսանալ՝ ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր ոչնչացնելով։ Նախաքննությունն ավարտվել է, բոլոր ապացույցները, հաշվապահական փաստաթղթերը առգրավվել են»,- ասաց պաշտպանը։

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը եւ վերացնել Լարիսա Պարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված պաշտոնավարման կասեցումը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031