«Մենք պետք է պայքարենք հանուն խաղաղության, կասեցնենք նեոֆաշիզմի յուրաքանչյուր դրսևորում». ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյան
– Տիկին Ասատրյան, օրերս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» թեմայով գիտական կոնֆերանսը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին: Գիտական կոնֆերանսը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում):
Խնդրում եմ ներկայացրեք կոնֆերանսի նպատակն ու առաքելությունը:
Կարդացեք նաև
– Նախքան Ձեր հարցին պատասխանելն ավելորդ չեմ համարում նկատել, որ թեև Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Հայաստանը գտնվում էր թիկունքում, և մեր հանրապետության տարածքում, բարեբախտաբար, պատերազմական գործողություններ չեն ծավալվել, սակայն, դժվար է գտնել որևէ հայ ընտանիք, ուր «մուտք գործած» չլինի պատերազմի ողբերգությունը: Բացառություն չէր նաև մեր ընտանիքը: Մայրս ընդամենը երկու տարեկան էր, երբ 1939 թ. նոյեմբերին վերջին անգամ նրան գրկեց ու համբուրեց հայրը՝ Ստեփանավանի «Սոցիալիստական անասնապահություն» շրջանային թերթի խմբագիր, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտ Հայկ Ճշմարիտյանն ու կամավոր մեկնեց Կարմիր Բանակ՝ զինվորական ծառայության, մասնակցեց Սովետա-Ֆինլանդական, ապա՝ Հայրենական Մեծ պատերազմներին: 30-ամյա գնդացրորդ-լեյտենանտ Հայկ Ճշմարիտյանը զոհվեց 1942թ. փետրվարին՝ Բելոռուսիայում:
Ես ծնվել եմ պապիս զոհվելուց 26 տարի անց, ճանաչել եմ նրան լուսանկարներով ու նամակներով: Եվ ես ուզում եմ, ո՛չ՝ պահանջում եմ, որ պատերազմների պատճառով աշխարհում այլևս ոչ մի մանուկ չորբանա, ոչ մի թոռնիկ առանց պապիկ չմեծանա…
Դժբախտաբար, այսօր էր մոլորակի տարբեր կետերում տեղի են ունենում ավերիչ ռազմական գործողություններ, զոհվում են մարդիկ, մարդկությունը կանգնած է նոր հազարամյակի մարտահրավերներին դեմ հանդիման, հումանիզմի այնպիսի հակոտնյաների սպառնալիքի առջև, ինչպիսիք են պատերազմներն ու միջազգային ահաբեկչությունը:
Ուստի մենք պետք է պայքարենք հանուն խաղաղության, կասեցնենք նեոֆաշիզմի յուրաքանչյուր դրսևորում: Մենք պետք է ձգտենք ապահովել մարդկության խաղաղ ու ստեղծագործ զարգացումը:
Բոլորիս է հայտնի «երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են» թևավոր խոսքը։ Արդյոք այդպե՞ս էր Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Կարծում եմ՝ ոչ։ Ընդհակառակը, արվեստը, մասնավորապես երաժշտությունը, օգնել է մարդկանց ոչ միայն ռազմաճակատում, այլև թիկունքում։
Ինչպես գիտենք՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝ 1943 թվականի նոյեմբերի 10-ին, հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան։ Մի քանի ամիս անց՝ 1944 թվականի գարնանը, Հայաստանի ԳԱ համակարգում կազմակերպվեց Երաժշտության պատմության և տեսության սեկտորը, որի հիման վրա 1948 թվականին ստեղծվեց Արվեստների պատմության և տեսության բաժինը, որը հիմք հանդիսացավ 1958 թվականին Հայաստանի ԳԱ Արվեստի ինստիտուտի ստեղծման համար։ Այսպիսով, հայ ակադեմիական արվեստագիտությունը ծնվեց հենց Հայրենական Մեծ պատերազմի տարիներին:
Խորհրդանշական է, որ հենց Մեծ Հայրենականի տարիներին հիմնադրվեց Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, որն այսօր Հայաստանի առաջատար թատրոններից է, իսկ 1942թ. հուլիսի 11-ին, 12-ին և 14-ին Պետական օպերային թատրոնում Օպերային թատրոնի և Հայֆիլհարմոնիայի միացյալ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Միքայել Թավրիզյանի ղեկավարությամբ Երևանում առաջին անգամ հնչեց Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան, ինչը դարձավ պատերազմական տարիների Հայաստանի ու Խորհրդային Միության մշակութային կյանքի առավել կարևոր երևույթներից մեկը:
Այդ դժվարին տարիներին ստեղծվեցին հայ արվեստի գլուխգործոցներ: Դրանցից առանձնացնեմ Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան, որի երրորդ մասում՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված Ռեքվիեմում, կոմպոզիտորն օգտագործեց հայ ժողովրդական «Որսկան ախպեր» երգի մեղեդին: Իսկ Գեղամ Սարյանի խոսքերով Աշոտ Սաթյանի գրած «Մարտիկի երգը», անցնելով տասնամյակների միջով, հասավ մինչև մեր օրերը:
Իսկ այժմ՝ գիտական կոնֆերանսի մասին:
Հայ ակադեմիական արվեստագիտության պատմության մեջ նման գիտական կոնֆերանս կազմակերպվեց առաջին անգամ: Այն բացառիկ էր նաև նրանով, որ Կոնֆերանսի աշխատանքներին զեկուցումներով հանդես եկան բացառապես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աշխատակիցները՝ վաստակաշատ գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները:
Կոնֆերանսը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի խոնարհումն էր Հայրենական Մեծ պատերազմի հերոսների անթառամ հիշատակի հանդեպ, միևնույն ժամանակ՝ մեր համեստ նվերը Մեծ Հաղթանակի փառապանծ հոբելյանի կապակցությամբ:
Գիտական կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ արվեստի ընդհանուր համայնապատկերը՝ հընթացս բացահայտելով հայ երաժշտության, կերպարվեստի, թատրոնի և կինոյի, ճարտարապետության և գրականության զարգացման հիմնական միտումները, արժևորելով պատերազմական Հայաստանի արվեստում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, անդրադառնալով հայ արվեստի երևելի դեմքերի՝ այդ տարիների ստեղծագործությանը ևն:
Գիտական կոնֆերանսի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, առանձնահատուկ շեշտելով գիտության և գիտնականների նշանակալի դերը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի կերտման գործում, նշեց. «Հայրենական Մեծ պատերազմը մեր ժողովրդի պատմության տխուր, բայց կարևոր էջերից է։ 500․000 հայ մասնակցել է պատերազմին, 68 հայ գեներալ ենք ունեցել։ Ցավոք, ունեցել ենք մեծ թվով զոհեր։ Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ոչ միայն պատերազմի դաշտում, այլև թիկունքում՝ գիտության և տնտեսության մեջ, նշանակալի ներդրում է ունեցել, ինչն իր հերթին մեծ դեր է խաղացել հաղթանակի հասնելու գործում։ Հայաստանի տնտեսությունը ևս փոխադրվել է ռազմական ռելսերի վրա։ Այստեղ մեծ է եղել մեր գիտնականների դերը։ Օրինակ, անվանի հայ աստղագետ Վիկտոր Համբարձումյանն առաջարկել է պղտոր միջավայրերում լույսի ցրման նոր տեսությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել հայտնաբերել և խոցել ստորջրյա օբյեկտները։ Անշուշտ, մեծ է եղել նաև արվեստագետների, գրողների դերը»։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի գնահատմամբ՝ գիտական կոնֆերանսը հիշողության, հարգանքի և երախտագիտության դրսևորում է։ «Մենք հավաքվել ենք այստեղ՝ հասկանալու և քննարկելու արվեստի կարևոր դերն ամենադժվարին փորձությունների տարիներին։ Երբ ազգերը պայքարում էին գոյատևման համար, հենց մշակույթն էր, հենց արվեստն էր, որ դարձավ հոգևոր ուժի աղբյուր։ Նկարիչներ, կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ՝ նրանք շարունակեցին ստեղծագործել, ոգեշնչել, աջակցել ժողովրդի մարտական ոգուն և ամրապնդել նրանց հավատը հաղթանակի նկատմամբ։ Հայ մշակութային գործիչները մի կողմ չմնացին։ Նրանք գտնվում էին ռազմաճակատի մոտ, հիվանդանոցներում, գործարաններում և թատրոններում։ Նրանց աշխատանքները հեռարձակվում էին ռադիոյով, հրատարակվում ամսագրերում, ցուցադրվում թանգարաններում և նույնիսկ խրամատներում։ Նրանք ստեղծեցին ոչ միայն արվեստ, այլև պատմություն՝ կենդանի, իրական, լի ցավով և քաջությամբ»։
Առավոտյան նիստը (համանախագահներ՝ Աննա Ասատրյան, Արարատ Աղասյան) սկսվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի «Հայրենական Մեծ պատերազմը և անձի ինքնահաստատման ռոմանտիկան» բանախոսությամբ:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարիաննա Տիգրանյանի զեկուցումը նվիրված էր Թամանյան դիվիզիայի մասին ստեղծված հայ ժողովրդական երգերին:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Սարյանը հանդես եկավ «Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» զեկուցումով:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արսեն Համբարձումովը բացահայտեց Համո Բեկ-Նազարյանի «Դավիթ Բեկ» ֆիլմի ոճական առանձնահատկությունները:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանը ներկայացրեց «Հայրենական Մեծ պատերազմը հայ երգային ֆոլկլորում. Կերչ», իսկ արվեստագիտության թեկնածու Նաիրա Մելիքյանը՝ «Երաժշտությամբ փրկվածը. Կոնստանտին Օրբելյանը և Հայրենական Մեծ պատերազմի փորձությունները» զեկուցումները:
Առավոտյան նիստը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանի «Արա Սարգսյանի ստեղծագործությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» բանախոսությամբ:
Երեկոյան նիստում (համանախագահներ՝ Լիլիթ Արզումանյան, Գոռ Վանյան) ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանը ներկայացրեց դրվագներ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայ արվեստագետների զինվորական կյանքից:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը համառոտ ակնարկի ձևով ուրվագծեց հայ գրականության համայնապատկերը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մերի Կիրակոսյանը քննության առավ հայ գեղանկարչության հարցերը «Սովետական գրականություն և արվեստ» հանդեսում Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1943-1945 թթ.):
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանը հանդես եկավ «Հայ թատրոնը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» բանախոսությամբ:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Արտեմյանն անդրադարձավ նշանավոր արտիստների երևանյան հյուրախաղերին:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի կրտսեր գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Ռուզաննա Միքայելյանի զեկուցումը նվիրված էր Երևանի «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի ճարտարապետության և ինտերիերի առանձնահատկությունների բացահայտմանը:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի կրտսեր գիտաշխատող Լիլիթ Ամիրջանյանն անդրադարձավ Ռուբեն Շահվերդյանի ստեղծագործությանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին:
Կոնֆերանսը եզրափակվեց տողերիս հեղինակի «Հայ երաժշտությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» բանախոսությամբ:
«Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» թեմայով գիտական կոնֆերանսի արդյունքները դարձան կարևոր քայլ հայ արվեստագիտության զարգացման գործում:
Սամվել Դանիելյան