Անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը միանշանակ Վերաքննիչ դատարանում բեկանվելու էր, եթե այդ բողոքի քննությունը չմակագրվեր դատավոր Արմեն Դանիելյանին: Այսօր լրագրողների հետ զրույցում այսօր այսպիսի պնդում արեց Կարապետյանի պաշտպանական թիմից փաստաբան Արամ Վարդեւանյանը:
-Միջին ծանրության ենթադրյալ արարքի համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելը միանշանակ բեկանվելու էր: Այս պնդումը հաստատապես եմ անում՝ ելնելով թե՛ մեր փորձից, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, որոնք հնչում են խափանման միջոց կալանք եւ միջին ծանրության ենթադրյալ հանցանքների դեպքերով:
Կար մի դատավոր, որի վերաբերյալ ունեինք վերապահում, կարծում եմ՝ ամբողջ մասնագիտական հանրույթն ունի այդ վերապահումը, դատավոր Արմեն Դանիելյանն էր: Իհարկե, Սամվել Կարապետյանի գործով բողոքը պետք է մակագրվեր հենց նրան, քանի որ խոսում ենք քաղաքական հետապնդման մասին: Այն բողոքը, որ ներկայացնում ենք՝ մեր կողմից հետ է վերցվում: Քրեադատավարական օրենսգիրքը նման դեպքերում ակնկալում է՝ դատավորն անհապաղ կարճի վարույթը: Իսկ այս դեպքում ի՞նչ է լինում. Արմեն Դանիելյանը անհապաղ չի կարճում, սպասում է, հետո ենք իմանում՝ ինչու, որ դատախազությունը ամբողջական բավարարված միջնորդության պայմաններում ներկայացնի վերաքննիչ բողոք՝ այդ պայմաններում Արմեն Դանիելյանին ընձեռի հնարավորություն չհեռանալ այս վարույթից: Դանիելյանը որոշում է վարույթ ընդունել թե՛ դատախազության փաստացի առանց առարկայի բողոքը, թե՛ մեր կողմից հրաժարված բողոքը: Այս դատավորը կարողացավ փաստացի հրաժարված բողոքը ընդունել վարույթ ու մի հատ էլ դատական ակտի հրապարակման օր նշանակել հուլիսի 4-ին,- ասաց Վարդեւանյանը:
Կարդացեք նաև
Փաստաբանը նաեւ հայտնեց, որ այս ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը սկիզբ է առել գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա. «Ես նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազն ինքն անձամբ հաղորդում ներկայացնի քննչական կոմիտեին: Դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորելու տեսանկյունից էական նշանակություն ունի հենց գլխավոր դատախազի հաղորդումը, ավելին` այդ հաղորդումը մեզ չի տրամադրվել»:
Փաստաբանը նկատեց, որ մի հետաքրքիր հանգամանք էլ կա, որը հետագայում ուսումնասիրման առարկա կդառնա, թե կոնկրետ ժամանակագրային առումով ե՞րբ է եղել այդ հաղորդումը, facebook-յան արդարադատության մեկնարկից առա՞ջ, թե՞ հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ