«Մեզ համար զարմանալի է, թե ինչո՞ւ ոստիկանությունն իր կարեւոր պարտականությունը չի կատարել եւ Արմեն Աշոտյանի ներկայությունը չի կարողացել ապահովել, որովհետեւ ծանրաբեռնված են»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո ասաց Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Արդեն տեղեկացրել ենք, որ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստին ներկա չէր, քանի որ ոստիկանության աշխատակիցներն ասել են, թե ռեսուրս չունեն եւ չեն կարողացել Աշոտյանին ուղեկցել դատարան։
«Ամեն դեպքում խստորեն քննադատելով սա՝ նշենք, որ սա էական ազդեցություն չունեցավ վարույթի ընթացքի վրա, որովհետեւ միաժամանակ չէին ներկայացել նաեւ ծանուցված վկաները։ Դատարանը քննեց այլ միջնորդություններ, որոնք կապված չէին Արման Աշոտյանի հետ»։
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ եթե վկաները ներկայացած լինեին, իրավիճակն այլ կլիներ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանը, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ԵՊԲՀ նախկին գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանը, ՍՊԸ տնօրեն Ռոլան Դավթյանը։ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս ամբաստանյալները մեղադրվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով։ Աշոտյանը մեղադրվում է «պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։
Այսօրվա դատական նիստում դատարանը որոշեց բավարարել պաշտպանների միջնորդությունը եւ վերացնել մեղադրյալներ Լարիսա Պարսեղյանի ու Մարթա Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված պաշտոնավարման կասեցումը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ