«Եթե դուք տեսնում եք վթար, երբ շատ մեծ քանակի տարածք է հոսանքազրկվել, ասենք Երեւանի երեք թաղամաս, դա չի կարող լինել ՀԷՑ-ի պատասխանատվության տակ, որովհետեւ ՀԷՑ-ի ենթակայանները սնուցում են փոքր թաղերը։ Մեծ վթարները՝ ԲԷՑ-երի պատասխանատվության տիրույթում են․ այդպես եղավ մի քանի օր առաջ, նաեւ մայիս ամսին։ Գիտեմ, որ շատ դժվար է տարբերել, բայց եթե ամբողջ շրջանում հոսանքազրկման խնդիր կա, ուրեմն, ԲԷՑ-ն է, եթե հոսանքազրկումը մի քանի շենքում է, ուրեմն՝ ՀԷՑ-ում է խնդիրը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց ՀԷՑ սեփականատեր, մոտ երեք շաբաթ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
«Այն լարերը, որոնք դուք փողոցում տեսնում եք, դրանք ՀԷՑ-ի լարերը չեն Երեւանի կենտրոնում։ Դրանք ինտերնետային լարեր են։ Ինչքան էլ տարօրինակ հնչի՝ ՀԷՑ-ի լարերը բոլորը հողի տակ են»,- մանրամասնում է նա։
Նարեկ Կարապետյանը ներկայացրեց նաեւ 2015 թվականից՝ «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ում կատարված ներդրումները եւ ձեռքբերումները։
«Հայաստանում ամենամեծ թվային համակարգը, որ գործում է, դա էլեկտրաէներգիայի հաշվիչների համակարգն է։ 800 հազար մարդ միացած է այդ համակարգին՝ օնլայն ռեժիմով եւ դա օգնել է գողությունների դեմ մեծ պայքար մղել»,-մանրամասնում է Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ այդպիսով բաժանորդների վճարած գումարներից տարեկան 40 միլիոն դոլար է խնայվում եւ վերադարձվում ՀԱԷԿ-ին, Երեւանի ՋԷԿ-ին, որպեսզի էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա․ «Եթե մենք սա չանեինք վերջին 8-9 տարիների ընթացքում, 40 միլիոն դոլար ավել գումար պիտի ժողովուրդը վճարեր լույսի փողը։ «Տաշիր» ընկերությունների խմբի այս քաղաքականության արդյունքում այսպիսի մեծ ազդեցություն թողնվեց սակագնի վրա»։
Կարդացեք նաև
Համեմատության համար, Նարեկ Կարապետյանն ասում է, որ օրինակ, «ՀայՓոստ» ընկերությունը մասնավորեցումից հետո համարյա երկու անգամ բարձրացրել է իր ծառայությունների արժեքը, «Վեոլիա-ջուր» ընկերությունը՝ վերջին 5-6 տարիների ընթացքում մոտ 10 տոկոսով է սակագները բարձրացրել, պետական ԲԷՑ-ը՝ 80 տոկոսով։
Մանրամասները՝ տեսանյութում
Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ատոմակայան․ այն նախատեսված է եղել Հայաստանի էլեկտրաէներգիայի սպառման պահանջը բավարարելու համար։ ՀԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ համակարգի հիմքն է, որի վրա կառուցված են մնացած ենթակառուցվածքները։
Ատոմակայաններ կառուցվում են Իրանում՝ Բուշերում, Թուրքիայում՝ Ակուլ կայանը․ երկուսն էլ դեռ անավարտ են։
Նարեկ Կարապետյանը մանրամասնեց համակարգի աշխատանքը՝ էլեկտրաէներգիայի ստեղծման, բաշխման սխեմաները։ Ըստ այդմ, ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան փոխանցվում է Բարձրավոլտ էլեկտրացանցերին՝ ԲԷՑ, որն էլ էլեկտրաէներգիան հասցնում է ՀՀ բնակավայրեր։ Բնակավայրերում արդեն էլեկտրաէներգիայի մատակարարումը կազմակերպում է Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ ՀԷՑ-ը։
Նկատենք, որ ԱԷԿ-ը եւ ԲԷՑ-ը պետական են, ՀԷՑ-ը՝ մասնավորեցված է, բայց ապամասնավորեցման՝ պետականացման նախագիծն այսօր ՀՀ ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային