Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հուլիս 02,2025 18:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան հանրային հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության երկրներում վարկային գործառնությունների հարցերով բաժնի ղեկավար Մաթեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան։

Կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընթացքը, ապագա նախաձեռնությունները, ինչպես նաև առկա ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ԵՆԲ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են նաև Սյունիքի մարզում ԵՆԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը։

Մաթեո Ռիվելլինին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կրթությունը ԵՄ-Հայաստան գործընկերության առանցքային ուղղություններից մեկն է։ Նա վստահություն է հայտնել Սյունիքում իրականացվող ծրագրերի հաջողության հարցում՝ կարևորելով նաև համագործակցության իրավական հիմքերի ամրապնդումը երկկողմ համաձայնագրի կնքման միջոցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված բարեփոխումներին, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտի արդիականացման առաջնահերթություններին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը 2024 թվականին ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը մշակվել է ԵՄ և այլ միջազգային գործընկերների աջակցությամբ՝ երկարատև համագործակցության արդյունքում։

«Մենք վերաձևում ենք ամբողջ կրթական գործընթացը՝ փոխելով մասնագիտությունների ցանկը, ուսուցման մեթոդները և ծրագրերը»,– նշել է նախարարը։

Այս համատեքստում նա նաև կարևորել է մասնավոր հատվածի ու տնտեսության հետ կապն առավել ամուր դարձնելու հանձնառությունը՝ մասնագիտական կրթության համակարգի զարգացման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031