Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը՝ Գյումրին, որը, ցավոք սրտի, համարվում է հանրապետության ամենաաղքատ տեղանքը, կարելի է դասել մահացող քաղաքների շարքին, քանի որ առկա բնակչության թվի 22 տոկոսից ավելին 60 և ավել տարիքի մարդիկ են։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, որը վերջերս զեկույց է պատրաստել «Շիրակի մարզի բնակչության աղքատության մակարդակը և միտումները՝ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին» թեմայով։
Նրա տեղեկացմամբ, վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ 2020 թվականից հետո մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին։ Իսկ այդ հարցում դերակատարություն է ունեցել նաև քովիդ համավարակը։ Եվ այդ միտումը, ըստ ազգագրագետի, շարունակվելու է․ մինչև 15 տարեկանների թիվը կազմում է քաղաքի բնակչության 16-17 տոկոսը, և սա այն դեպքում, երբ 60 և ավելի տարիքի բնակչության տեսակարար կշիռը 22 տոկոս է։
Իսկ թե ինչ կարելի է անել, որ Գյումրին չդառնա մահացող քաղաք, ազգագրագետն ասաց․ «Այստեղ կա երկու կողմ՝ արտաքին և ներքին, արտաքինը դա աշխարհաքաղաքական կայունությունն է։ Երկրորդ կողմը դա ներքին քաղաքական կայունությունն է, այս հարցում պիտի հաշվի առնել նաև աշխատանքի արտադրողականության բարձրացումը, այսինքն՝ պիտի աշխատավարձի աճ տեղի ունենա, բայց էդ աշխատավարձի աճը պիտի ուղեկցվի աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ։ Հարուստները պիտի շատ մուծեն պետական բյուջե, քան միջին խավը և աղքատները։Երկրորդը արդար հասարակություն ստեղծելն է»։
Կարդացեք նաև
Ազգագրագետի ուսումնասիրությունների համաձայն, Խորհրդային տարիներին Շիրակի մարզում, մասնավորապես Լենինական քաղաքում աղքատությունը դիտարկվել է որպես ամոթալի երևույթ։ Աղքատներ այդ ժամանակահատվածում չեն եղել։
Հայաստանի անկախացումից հետո առաջին հարվածը հասցրել է 1988 թվականի աղետալի երկրաշարժը՝ մեծ վնաս տալով Շիրակի մարզին՝ թե ՛մարդկային, թե՛ նյութական։
Երկրորդը, ըստ ազգագրագետի, ԽՍՀՄ-ի փլուզումն էր, որը պատճառ դարձավ տնտեսական կապերի խզվելուն։ Մյուս գործոնը հասարակարգի փոփոխությունն էր․ սոցիալիստական հասարակարգից անցումը դեպի կապիտալիստական հասարակարգի, արդյունքում արդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին, բնակչության կյանքի որակն անկում ապրեց։
Արտաշես Բոյաջյանի փաստարկմամբ՝ 90-ականների պատերազմը, էներգետիկ ճգնաժամն էապես ազդել են բնակչության աղքատության մակարդակի վրա․ աշխատուժի ավելցուկ է գրանցվել և զանգվածային արտագաղթ, աղքատության մակարդակը շեշտակի բարձրացրել է։ Բնակչությանը 70 տոկոսն աղքատ էր։
1998-2008 թվականներին եղել է աղքատության մասնակի նվազման փուլ , երբ փոքր-ինչ աշխուժացել է տնտեսությունը, տեղի է ունեցել բնակարանաշինություն, արդյունաբերական ձեռնարկությունների վերաշահագործում։
Նրա ներկայացմամբ՝ 2008 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել տնտեսության 14 տոկոսի անկում ու նկատվել է աղքատության աճ։
2015 թվականից նորից աղքատության մակարդակի անկում տեղի ունեցավ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ