Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիայի կանցլերը ցեղասպանության համար ծնկաչոք ներողություն է խնդրել լեհ ժողովրդից եւ միայն դրանից հետո է համագործակցություն ստեղծվել». Էդգար Ղազարյանը՝ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության մասին

Հուլիս 02,2025 21:00

Հայ փորձագետների, հասարակական գործիչների եւ հետխորհրդային երկրներում ավելի քան 25 տարի աշխատած լեհ դիվանագետ Անջեյ Կլիմչիկի մասնակցությամբ «Հարավային Կովկաս. առճակատո՞ւմ, թե համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ հյուրը ներկայացրեց տարածաշրջանում իրավիճակի իր ընկալումները, Հարավային Կովկասում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչու չէ, նաեւ՝ Թուրքիայի ու հարեւան մյուս երկրների միջեւ խաղաղ համակեցության ու միասնական ապագայի շուրջ իր պատկերացումները, որոնք ըստ նրա, թերեւս, կարող են ձեւավորվել առաջին հերթին տնտեսական համագործակցության հիմքի վրա:

Նշելով, որ Եվրամիությունը պատրաստ է այս հարցում աջակցել, Կլիմչիկը անդրադարձավ Հայաստանի այսօրվա իշխանության վարած անհասկանալի արտաքին քաղաքականությանը եւ արձանագրեց, որ Եվրամիությունը արդեն մի քանի տարի չի կարողանում հասկանալ, թե Հայաստանն ինչ է ակնկալում եվրոպայից եւ Հայաստանը ինչ կարող է տալ Եվրոպային, եթե հանկարծ ցանկանա դառնալ Եվրամիության անդամ:

Ծավալված քննարկման ժամանակ եղան տարբեր ելույթներ: Մասնավորապես, արտակարգ եւ լիազոր դեսպանորդ, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը անդրադառնալով ընդհանրապես Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ իրական ու տեւական խաղաղության, տնտեսական համագործակցության հաստատման խնդրին՝ նշեց. «Եթե հարց է դրված, թե հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցություն, դրան պատասխանելու համար պետք է ճշտել, թե այդ երկրների ղեկավարությունները պատրա՞ստ են, համաձայ՞ն են գնալ համերաշխության եւ համագործակցության:

Հիմա Լեհաստանը եւ Գերմանիան Եվրասիական միության անդամ են, Լեհաստանը եւ Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են: 80 տարի առաջ նման բան պատկերացնել անգամ հնարավոր չէր, որովհետեւ այդ երկրները պատերազմում էին միմյանց դեմ, եւ Գերմանիան զավթել էր Լեհաստանն ու հենց Լեհաստանի տարածքում կազմակերպել հրեաների, լեհերի եւ այլ ազգությունների ցեղասպանություն:

Հետեւաբար, ինչպե՞ս պատահեց, որ այդ երկու երկրները սկսեցին համագործակցել, անդամակցել միասնական տնտեսական, քաղաքական ու անվտանգային միավորումներին: Որովհետեւ ժամանակակից Գերմանիան փոխել է իր դիրքորոշումները: Լեհաստան ժամանած Գերմանիայի կանցլերը ծնկաչոք ներողություն է խնդրել լեհ ժողովրդից: Միայն դրանից հետո միմյանց հետ համագործակցելու հնարավորություն ստեղծվեց: Եթե Գերմանիայի կառավարությունը իր դիմագիծը, իր ընկալումները չփոխեր, Գերմանիայի համագործակցություն հնարավոր չէր լինի Եվրոպայի ոչ մի երկրի հետ:

Հնարավո՞ր է, արդյոք, համագործակցություն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ: Այո, եթե Թուրքիայի նախագահը գա Հայաստան, այցելի Ծիծեռնակաբերդ եւ ծնկաչոք ներողություն խնդրի հայ ժողովրդից ու համայն մարդկությունից: Եթե դա չլինի, ապա դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը, երկիր, որը 21-րդ դարում կազմակերպել է նոր ցեղասպանություն, լինելով Եվրախորհրդի անդամ՝ ինքն է սանձազերծել պատերազմը ու դա ընդունում է, այն պարագայում, որ Ադրբեջանը եւ Հայաստանը լինելով Եվրախորհրդի անդամ երկիր, պարտավորություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել միայն խաղաղ ճանապարհով:

Եվ եթե նրանք դրան պատրաստ չեն, դժվար է պատկերացնել, որ նրանց հետ հիմա հնարավոր է տնտեսական համագործակցություն: Տնտեսական համագործակցության բաղադրիչներ կան: Խորհրդային տարիներին կար անդրկովկասյան միասնական երկաթուղային ցանց, միասնական էներգացանց, միասնական ճանապարհներ: Եվ խորհրդային հանրապետությունների տնտեսությունն էլ այնպես էր կառուցված, որ այս հանրապետությունների միջեւ լինեին տնտեսական կապեր: Անգամ անեկդոտները ընդհանուր էին. «մի անգամ հայը, վրացին եւ ադրբեջանցին…»:

Բայց սրան հասնելու համար, կարծում եմ, առաջին հերթին պետք է փոխել այդ երեք երկրների քաղաքական կուրսը: Այսինքն, Ադրբեջանում՝ Ալիեւի, Հայաստանում՝ Փաշինյանի իշխանության օրոք, դա գործնականում անհնար է դառնում: Երբ Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում լինի ժողովրդավարական ղեկավարություն, լինի ազատություն, որտեղ որոշումները կընդունի ոչ թե իշխանությունը, այլ ժողովուրդը, այդ ժամանակ այս հարցերը քննարկել հնարավոր կդառնա: Իսկ հիմա, կարծում եմ, դա լավ գաղափար է, սակայն տվյալ պահին այն իրականացնել հնարավոր չէ»,-ասաց Էդգար Ղազարյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031