Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ». Արման Գրիգորյան

Հուլիս 02,2025 23:23

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրում է.

«Ես տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ, ինչն ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու հետևյալ սցենարով.

  1. Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը ու նշում են ժամկետը։
  2. Թուրքիան հայտարարում է, որ նրանք պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն Հայաստանի հետ ու կբացեն սահմանը։
  3. Հայաստանը հայտարարում է, որ պայմանագրից զատ համաձայնություն է կայացվել նաև «խաղաղության խաչմերուկի» շուրջ, որը վերահսկելու է ինչ-որ ամերիկյան ընկերություն (տես մեկնաբանությունների բաժնում զետեղված նյութը)։
  4. Մինչ այդ մտադրությունների լիակատար բացահայտումը կամ դրան զուգահեռ, Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են լինում հնարավոր դիմադրության բոլոր օջախների չեզոքացմանը։ Այդ գործընթացի մաս է կազմում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը (կուսակրոնության ուխտին հավատարմության մասին Փաշինյանի մտահոգությունները կամ վերջին օրերի աղմուկը, թե ՀԱԵ-ն ինչ-որ հեղաշրջման պլանի մաս է, վիրավորում են իմ ինտելեկտը)։
  5. Հայաստանը հայտարարում է, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու պահանջում է Ռուսաստանից դուրս բերել 102-րդ բազան Հայաստանից, որովհետև նախ դրանք, ըստ ներկա վարչակազմի` չեն ծառայել իրենց նպատակին, իսկ հիմա էլ դրանց կարիքը Հայաստանը չունի, քանի որ խաղաղություն է հաստատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Այս ամենից հետո իրադարձությունները կարող են զարգանալ  երկու տարբերակով։ Կամ ռուսները սուսուփուս հեռանում են ու դրանից հետո Ադրբեջանում ու Թուրքիայում սկսում են ակտիվորեն քննարկել, թե հայերի ինչի՞ն է պետք բանակը, թե ե՞րբ են հայերը ներողություն խնդրելու Վանի ու Խոջալուի ցեղասպանությունների համար, թե որքա՞ն ժամանակում են վճարելու 30-ամյա օկուպացիայի հատուցումը, թե արդյո՞ք բավական է, որ հայերը համաձայնեն հետ ընդունել 1988-ին Հայաստանից արտաքսված ադրբեջանցիներին, թե՞ նաև պիտի նրանց ինքնավարության կարգավիճակ տան, և այլն։

Երկրորդ տարբերակով ռուսները սուսուփուս չեն հեռանում ու որոշում են դիմադրել։ Ես էս երկու տարբերակից էլ սարսափում եմ ու շատ ուզում եմ, որ էս անգամ իմ ինտուիցիան ու իմ վերլուծական կարողություններն ինձ դավաճանած լինեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031