Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Եվրոպան չտեսնի հակամարտության եւ ցեղասպանության տարբերությունը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը, մենք իրականությունից շատ հեռու կգնանք». Լարիսա Ալավերդյան

Հուլիս 02,2025 23:13

ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հարավային Կովկաս. առճակատո՞ւմ, թե համագործակցություն» թեմայով քննարկմանը լեհ դիվանագետ Անջեյ Կլիմչիկին որպես Ադրբեջանում ծնված մարդ տեղեկացրեց, որ Լեհաստանում ադրբեջանցիները ցուցահանդես են կազմակերպել եւ փորձել են ապացուցել, իբրեւ առաջին քրիստոնեական երկիրը Ադրբեջանն է: «Դուք պարզապես պետք է հասկանաք, որ իրականության մեջ շատ տեսանելի պատկեր է ստեղծվում, թե ինչպես է Եվրոպան պատկերացում կազմում, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում: Ձեր հոդվածը ինձ շատ դուր եկավ: Այն գրված է ակադեմիական լեզվով, եւ ես կփորձեմ մի քանի տերմիններ մեկնաբանել: Դուք գրում եք, որ տարածաշրջանը կորցրել է հնարավորությունը: Իսկ այն, այդ շանսը, եղե՞լ է: Երկրորդը. Ի հայտ են եկել բաժանարար գծեր: Ինչ է, դրանք չե՞ն եղել: Այնուհետեւ գրում եք, որ եթե հակամարտություններին ուշադրություն չդարձվեն: Գիտե՞ք, գիտնականներից մեկը գրել է, որ խոսել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության մասին խոսել նույնն է, ինչ խոսելը հրեաների եւ նացիստական Գերմանիայի միջեւ հակամարտության մասին:

Լեհ դիվանագետ Անջեյ Կլիմչիկը

Եթե մենք չփոխենք, եթե Եվրոպան չտեսնի հակամարտության եւ ցեղասպանության միջեւ այս իրական տարբերությունը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը, ինչը կյանքի է կոչվում, այն էլ մեծ հաջողությամբ, մենք իրականությունից շատ հեռու կգնանք: Կրկնում եմ, ես, որպես Բաքվում ծնված մարդ, մարդկանց կամ ժողովուրդների նկատմամբ էթնիկ մոտեցում չունեմ: Ես շատ հստակ տարբերակում ունեմ քաղաքականության եւ այսպես կոչված ժողովրդական զանգվածների մասին:

Ադրբեջանի քաղաքականությունը, որ ծնել է Թուրքիան՝ շարունակելու եւ ավարտելու հայերի ցեղասպանությունը Արեւելյան Հայաստանում, շատ հստակ սահմանվում է: Ես ենթադրում եմ, որ բոլոր հիանալի մտքերը, որ արտահայտվել են ապագայի ու հեռանկարների մասին, այնուամենայնիվ պետք է հենված լինեն այլ տերմինաբանության եւ ժողովուրդներից մեկի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության վրա: Մոռանանք, որ մենք հայ ենք: Պարզապես, ժողովուրդներից մեկի նկատմամբ:

Հստակ քաղաքականություն է վարվում: Եվրոպան ոչ միայն պարզապես փալասի նման լռում է՝ կներեք, նա ուղղակի աջակցում է: 2020 թվականից անմիջապես հետո Ֆոն դեր Լայենը գնաց սեղմելու դրան անարժան Ալիեւի ձեռքը եւ նրա հետ պայմանագիր կնքեց: Այսինքն, իրական իրավիճակը հետեւյալն է. հավանաբար, մեզ պետք չէ հենվել կեցությունն է որոշում գիտակցությունը մարքսիստական տեսության վրա: Չկա նման բան: Կա գիտակցված քաղաքականություն՝ ոչնչացնել եւ տարածքներ ազատել առավելության համար:

Կարո՞ղ ենք ձեր գաղափարը տարբեր համաժողովներում օգտագործել դիվանագիտական նպատակներով: Իհարկե, կասկած չկա: Միայն այն նպատակով, որպեսզի ցույց տրվի, թե որքան է Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը հակասում քաղաքակրթական մոտեցումներին: անձամբ ես կարող եմ մի քանի մարդու անուն տալ, որոնք հաճույքով ձեր այս նախաձեռնությունը կբարձրաձայնեն տարբեր միջազգային համաժողովներում: Բայց մի նպատակով. Քանի դեռ հանցագործությունը չի պատժվել, ներեք ինձ, ի՞նչ շահերի մասին կարելի է խոսել:

Կրկնում եմ, որպես Ադրբեջանում ծնված, ես հիմա մեջբերեմ Թուրքիայի ԱԳ նախկին փոխնախարարին, որը 19 թվականին ասել էր. «Շարունակելով հայերին եւ մյուս եվրոպացիներին խաբել խաղաղասիրության ու խաղաղության մասին խոսակցություններով՝ մենք չպետք է քայլ անգամ նահանջենք մեր գլխավոր նպատակից՝ ոչնչացնել հայերին ոչ միայն որպես ազգային պետություն, այլեւ ֆիզիկապես: Սա, ի դեպ, ասվել է 1919 թվականին: Եվ եթե որեւէ մեկը ցույց կտա այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության տարբերությունը, ես շնորհակալ կլինեմ:

Ես փաստացի 30 տարի մասնակցել եմ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների, Միլլի մեջլիսի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տարբեր հանդիպումների, 4 անգամ եղել եմ Բաքվում ուղիղ հեռուստաելույթների բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել: Էական է, որ այնտեղ համոզմունք կա, թե հայերը ամբողջ մարդկության համար վնասաբեր տարր են: Ես տիրապետում եմ ադրբեջաներենին, մտնում եմ իրենց կայքեր: Շատ կարեւոր, որ այնտեղ չկա հեռանկար ոչ առաջիկա 100, ոչ 500 տարվա համար:

Հայ գիտնականներից մեկն ասել է, որ Ադրբեջանն աշխատում է քաղաքակրթությունից դուրս: Ադրբեջանին հաջողվել է այն, ինչ չի հաջողվել Թուրքիային: Թուրքիայում հայկական դպրոց, եկեղեցի, անգամ հայկական սփյուռք կա: Ադրբեջանում չկա»,- ասաց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031