Արդեն երկար տարիներ են, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն ԱՄՆ-ի հետ ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ է, որի հիմնական պատճառն այն է, որ Իրանն ուրան է արդյունահանում, որն ԱՄՆ-ի կարծիքով ոչ այլ ինչ է, քան միջուկային զենքի ստեղծում, որին կտրականապես դեմ է ԱՄՆ-ը, Իսրայելն ու որոշ այլ տերություններ, որի հետ, իհարկե, Իրանը բացարձակապես համաձայն չէ եւ մշտապես պնդում է, որ այն արդյունահանում է ոչ թե միջուկային զենքի, այլեւ զուտ խաղաղ նպատակների համար՝ զուտ տնտեսական նպատակների՝ դրանց պոտենցիալը զարգացնելու համար: Փաստացի, այդ երկրների միջեւ խուլ հակամարտություն է գնում ուրանի արդյունահանումը կտրուկ դադարեցնելու համար, քանզի կրկնում եմ, ԱՄՆ-ը պնդում է, որ դա միջուկային զենքի արտադրության համար է, իսկ Իրանը պնդում է, որ այն օգտագործվելու է զուտ խաղաղ նպատակների համար եւ միջուկային զենքի ստեղծման մասին խոսք լինել չի կարող: Նրանց միջեւ այդ խոսակցությունները մեկ ակտիվանում են, մեկ պասիվանում, ԱՄՆ-ը բավարարվում է Իրանի նկատմամբ հաճախակի պատժիչ սանկցիաներ կիրառելով, փաստացի, էլ ավելի սրում նրանց լարված հարաբերությունները եւ դեռեւս առանց պատերազմի, շարունակում այդ լուռ հակամարտությունը եւ փաստացի, նրանք ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն գալիս:
Եթե խոսենք Թուրքիայի պահվածքի մասին, ապա Թուրքիան՝ սկսած Իսրայելի կողմից Սիրիայի նկատմամբ իրականացված ավերածությունների գործողությունների պահից, խստորեն դատապարտում էր Իսրայելի գործողությունները, սակայն այժմ, ինչպես նաեւ Ռուսաստանը, խստորեն դատապարտում են Իսրայելի հարձակումն Իրանի վրա: Մեծ կասկածներ կան, որ Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել նաեւ Ադրբեջանի տարածքից՝ ավելի կոնկրետ, Արցախի Հանրապետության նախկին տարածքից ու մեծ աբսուրդ է առաջանում այն իմաստով, որ Թուրքիան բարձրաձայնում է, որ մեղադրում է Իսրայելին՝ Իրանի վրա հարձակման համար, իսկ նրա փոքր եղբայր Ադրբեջանը ոչ միայն օգնում, այլեւ տարածք է տրամադրում Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար: Սա պատահական իրողություն չէ, որ այս կարեւոր հարցում Թուրքիան եւ Ադրբեջանն իրականացնում են տրամագծորեն հակառակ մոտեցումներ: Ես համոզված եմ, որ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-ինչ նպատակներ հետապնդող պայմանավորվածություն է, որն այս իրավիճակում երկուսին էլ ձեռնտու է:
Կարծում եմ, որ իրականում դա այդպես չէ եւ երկուսն էլ կողմ են Իսրայելի հարձակմանն Իրանի վրա:
Եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այս պահին նպատակահարմար չգտնի՝ ուժային մեթոդներով չփորձի բացել «Սյունիքի միջանցքը, ապա այդ տանդեմն ամեն ինչ կանի, որ գոնե այդտեղ բացի նոր ճակատ՝ Իրանի վրա Իսրայելի հարձակման համար, միաժամանակ ետ չի կանգնի՝ կփորձի իրականություն դարձնել իր ստրատեգիական մեծ երազանքը՝ ընթացքում ձեռի հետ փորձելով բացել նաեւ «Սյունիքի միջանցքը». «իրականացնելով իր ամենացանկալի երազանքներից մեկը՝ իրականություն դարձնել Թուրանական մեծ ծրագրի իրականացման մեկնարկը»:
Կարդացեք նաև
Այն, որ այդ տանդեմը վաղ թե ուշ փորձելու էր բացել այդ միջանցքը, դա աքսիոմա է, սակայն իսրայելա-իրանական պատերազմի հետեւանքով հանգամանքներն այնպես են զարգանում, որ հնարավոր է արագացվի «Սյունիքի միջանցքի» բացումը, որը չկանխարգելելու դեպքում, անվերապահորեն կդառնա Հայաստանի կործանման սկիզբը … Մոտ 10 եւ ավելի օրեր տեւած այս պատերազմը ԱՄՆ-ի հորդորով կարծես ավարտվեց եռակողմ հրադադարով ու թվում է, թե երեք երկրներն էլ գոհ մնացին դրա ավարտից, քանզի երեքին էլ թվում է, որ բոլորն էլ յուրովի հաղթեցին, սակայն ես կարծում եմ, որ հանգամանքների փոփոխության պատճառով այն միշտ կարող է վերածնունդ ապրել՝ վերսկսվել, նույն կամ մեկ ավելի ուրիշ սցենարով, քանզի նրանք ամեն մեկն իր հերթին նոր լրացուցիչ ուսումնասիրություններով կարող են համոզվել, որ նրանցից մեկնումեկը կամ բոլորը միասին համոզվեն նրանում, որ բնավ չեն հասել իրենց ուզած նպատակին, որի հետեւանքով այդ պատերազմը կարող է նորից սկիզբ առնել, որն էլ իր հերթին Ադրբեջանին անխուսափելիորեն կարող է բերել վերը նշված իր նպատակի իրականացմանը:
Ցավոք սրտի, կարծես՝ այս պահի դրությամբ, հանգամանքների զարգացումն ավելի շատ ընթանում է անհայտ սցենարով, այնպես որ, գոնե մենք հանգստանալու իրավունք չունենք:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ
«Առավոտ» օրաթերթ
02.07.2025