Ադրբեջանում պետական մակարդակով եւ համակարգված կերպով հակառուսական քարոզչության սարսափելի դոզա է
Հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների բնակարաններում ռուս իրավապահների գործողությունները՝ ավելի քան տասնամյա վաղեմության սպանության հետքերով, ռուս-ադրբեջանական աննախադեպ լարվածության պատճառ հանդիսացան:
Խոսքը 2001թ. սպանության մասին է, որին ներգրավված է եղել ադրբեջանական համայնքը։ Վերջերս գործը արխիվներից հանվել է եւ ընթացք է տրվել։ Ակտիվիստները չեն բացառում, որ ադրբեջանական համայնքը 20 տարի թաքցրել է մարդասպաններին։ «Բոլորը ամեն ինչ գիտեին՝ ով է սպանել, երբ է սպանել։ Ձերբակալվածների թիվը վկայում է դրա մասին։ Բայց ադրբեջանական համայնքն այս բոլոր տարիներին թաքցրել է հանցագործներին՝ իրավապահ մարմիններին օգնելու եւ համակարգված աշխատանք կատարելու փոխարեն։ Նրանք չպետք է թաքցնեին մարդասպաններին եւ այլ հանցագործներին, բայց դա տեղի է ունենում արդեն տարիներ շարունակ»,- նշել էր ակտիվիստ Վիդադի Մուստաֆաեւը։
ԶԼՄ-ները հայտնում էին, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, եւ ընդհանուր առմամբ, բաժին է տեղափոխվել ավելի քան 50 մարդ։ Գլխավոր կասկածյալներից մեկը մահացել է, երբ նրա մոտ են ներխուժել ոստիկանությունն ու հատուկջոկատայինները։ Հայտնի է, որ մահացածը եղբայրներից մեկն է, որոնց կասկածում են 2001-ին Եկատերինբուրգում առեւտրականի սպանության մեջ։ Նշվում էր, որ ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 10 ադրբեջանցի։
Կարդացեք նաև
Ասել, որ ռուս իրավապահների գործողություններին Բաքուն բավական բուռն արձագանքեց, կնշանակի ոչինչ չասել: Նմանօրինակ հակառուսական տրամադրությունների ալիք Ադրբեջանում վերջին տարիներին չէր արձանագրվել: Նույնիսկ ադրբեջանական օդանավի կործանումից հետո հակառուսական քարոզչությունը փոքր-ինչ մեղմ կարելի է որակել…
Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ՝ խոր անհանգստություն հայտնելով՝ հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տանն իրականացված ՌԴ ԱԴԾ շուրջկալների հետ կապված. «Ռուսական կողմից ակնկալում ենք անհապաղ հետաքննության անցկացում եւ ամենակարճ ժամկետում բռնության այս անթույլատրելի ակտի մեղավորներին պատասխանատվության ենթարկում», ասվում էր հայտարարության մեջ։
Մեկ օր անց հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Նշվում էր, որ ռուսական կողմին խիստ բողոք էր հայտնվել հունիսի 27-ին ռուսական անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների բնակարաններում կատարված շուրջկալների կապակցությամբ, որոնց ընթացքում սպանվել է երկու ադրբեջանցի, մի քանի մարդ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։
Սվերդլովսկի մարզում դադարեցվել է մի շարք սպանությունների եւ սպանության փորձերի մեջ կասկածվող էթնիկ հանցավոր խմբի գործունեությունը, ասվում էր Ռուսաստանի քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչության հայտարարության մեջ։ «Հատկապես կարեւոր գործերի (անցյալ տարիների հանցագործությունների) քննության չորրորդ վարչությունը քննում է քրեական գործ՝ հանցագործությունների հիման վրա (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ, վարձու սպանություն, վարձու սպանության փորձ)։ Այս հանցագործություններից ամենալուրջը կատարելու համար պատիժը մինչեւ ցմահ ազատազրկումն է։
Քննության տվյալներով՝ մեղադրյալները, որոնք մաս էին կազմում էթնիկ հանցավոր խմբի, ներգրավված են եղել 2001, 2010, 2011 թվականներին Եկատերինբուրգ քաղաքում կատարված մի շարք սպանությունների եւ սպանության փորձերի մեջ։ Մի քանի կասկածյալներ արդեն խոստովանել են իրենց մեղքը, համագործակցում են քննության հետ, եւ խուզարկություններ են անցկացվել նշված անձանց բնակության վայրերում։ Կալանավորվածների համար կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու հարցը որոշվում է։ Քրեական գործով շարունակվում են ապացույցներ հավաքելու եւ ապահովելու քննչական գործողությունները։ Մեղադրյալները ստուգվում են նաեւ այլ հանցագործություններին մասնակցություն ունենալու համար»,- ասվում էր հայտարարության մեջ։
Հունիսի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը: Նա նշել էր, որ իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը. «Նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստի վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալություններ եւ խուզարկություններ են իրականացրել Ռուսաստանի քաղաքացիներ, ծագումով Ադրբեջանից կասկածյալների բնակության վայրերում: ՌԴ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Վոլոկովը, որը հունիսի 28-ին հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ, անհրաժեշտ բացատրություններ է տվել ադրբեջանական կողմին եւ վստահեցրել, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Վերը նշված քրեական գործերի վերաբերյալ քննչական գործողությունները շարունակվում են»։
Հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է ադրբեջանական հանցավոր խմբավորման մի քանի անդամների, որոնք մեղադրվում են մի քանի սպանությունների եւ մահափորձերի մեջ։ Նրանց սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում։ Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների, որպես խափանման միջոց կալանավորում է ընտրվել սկանդալային հայտնի «Կասպի» սրճարանի տնօրեն Մազահիր Սաֆարովի նկատմամբ, որի հարեւանությամբ ավազակային հանդիպում էին կազմակերպել, որն ավարտվել էր հետապնդմամբ եւ հրաձգությամբ։
Բաքուն անցավ հակահարձակման: Նախ հայտնեցին, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հունիսի վերջին նախատեսված այցը Ադրբեջան չեղարկվել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններն էին։ Ինչպես նշում էին աղբյուրները, ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարում Օվերչուկի կամ որեւէ այլ ռուս պաշտոնյայի այցը երկիր։
Հունիսի 29-ին հայտնեցին, որ Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին, որը պետք է կայանար Մոսկվայում։ Ադրբեջանական լրատվամիջոցին Միլի Մեջլիսի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին. «Այցի չեղարկման պատճառն այն ցուցադրական, նպատակային սպանություններն ու ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք ՌԴ իրավապահ մարմինները Եկատերինբուրգում առանց դատի եւ քննության իրականացրել են ադրբեջանցիների դեմ, ինչպես նաեւ վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը»։
Նույն օրը APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը, հայտնեց` Ռուսաստանի հետ պետական եւ մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են: «Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաեւ բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, եւ այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները եւ այլն, չեղարկվում են»,-հայտնել էր նախարարությունը։
Թե հակառուսական տրամադրությունների ինչպիսի դոզա է ադրբեջանական ԶԼՄ-ներում, տելեգրամյան ալիքներում արդեն մի քանի օր, պարզապես, ապշեցուցիչ է… Ադրբեջանի պետական քարոզչությունը ուղղակի հատում է բոլոր կարմիր գծերը: Տպավորություն է, որ սա տեղի է ունենում երկու թշնամական պետությունների միջեւ:
Ադրբեջանի պաշտոնական հեռուստաալիքն, օրինակ, ուղղակի մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։ Ոչ ավել, ոչ պակաս նրան անվանելով շովինիզմի եւ իսլամաֆոբիայի մեղավոր, որը` ըստ նրանց` «մուսուլմանների նկատմամբ վարում է համակարգված խտրականության քաղաքականություն»։
Ահա թե ինչպիսի որակումներ են տրվել. «Պուտինն անձամբ կանգնած է բոլոր էթնիկ հակամարտությունների հետեւում», «Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայում, եւ սա բացատրում է, թե ինչու են այսպես վարվում մյուս ժողովուրդների հետ», ՌԴ-ն իրականցրել է «էթնիկ զտումներ, բռնաճնշումներ, չեչենների նկատմամբ»։ Չէին մոռացել նաեւ Ռուսաստանին մեղադրել «Խոջալուի ցեղասպանության», «ադրբեջանական հողերի օկուպացիայի», կիբեռհարձակումների ու ադրբեջանական ինքնաթիռը խոցելու մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «շովինիզմի եւ իսլամաֆոբիայի միտումնավոր քաղաքականության» մեջ մեղադրելով՝ AzTV-ի ռեպորտաժում նշել էին. «Այլեւս հնարավոր չէ դրանք ներկայացնել որպես սովորական միջադեպեր՝ էթնիկ հողի վրա»։ Ըստ նրանց` «դա համակարգված քաղաքականություն է, որի հետեւում կանգնած է Վլադիմիր Պուտինը»։ Այնուհետեւ շարունակում էին. «Ադրբեջանցիների, ղրղզների, ուզբեկների, թուրքմենների եւ այլ ժողովուրդների նկատմամբ իսլամաֆոբիայի, խտրականության, շովինիզմի ուղղությունը այլեւս թաքնված չէ, եւ ամեն ինչ տեղի է ունենում բացահայտ ձեւով»։
Ըստ ադրբեջանական քարոզչության` ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում ազգայնականությունն ու իսլամաֆոբիան հասան իրենց գագաթնակետին, եւ չեչեն ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումները դրանց ամենածանր դրսեւորումն են։ Ի դեպ, նշվում էր, որ «ՌԴ-ում ազգայնականությանն աջակցում է Ռուս ուղղափառ եկեղեցին»։ «Ստալինի բռնաճնշումները մնում են Ռուսաստանում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների ստվերում», եւ «այն, ինչ այժմ տեղի է ունենում Ռուսաստանում, ազգերի նկատմամբ ատելության կառուցման մոդել է», ասվում էր ադրբեջանական պետական հեռուստաալիքի եթերում։
Սա դեռ ամենը չէ: Հունիսի 29-ին, կիրակի օրը, ուղղակի զարմանք էր առաջացնում, թե հանգստյան օրն ինչպես է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը` AZERTAC-ը, լծվել ընդդեմ Ռուսաստանի կարծիքների հրապարակմամբ: Մեկը մյուսի հետեւից ներկայացվում էին թե ադրբեջանցիների, թե օտարերկրացիների գնահատականներ Ռուսաստանի գործողություններին ի պատասխան:
Ահա դրանցից մի քանիսը: «Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները պետք է գնահատվեն ոչ միայն որպես առանձին քրեական փաստեր, այլեւ որպես համակարգային եւ նպատակային քաղաքականության դրսեւորում: Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ադրբեջանական ծագում ունեցող մարդկանց տների վրա դաժան խուզարկությունները, նրանց խոշտանգումները եւ սպանությունը ոչ միայն իրավական նորմերի խախտում են, այլեւ էթնիկ զտումների եւս մեկ դրսեւորում: Տարիներ առաջ կատարված հանցագործության համար մարդկանց դաժան կալանավորումը եւ անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի ակնհայտ խախտում է: Նման վարքագիծը ոչ միայն Ռուսաստանի Սահմանադրության, այլեւ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բարբարոսություն է», AZERTAC-ին ասել էր պատգամավոր Պարվանա Վելիեւան։
«Անմեղ մարդկանց դաժանության, խոշտանգումների եւ դատական կարգով չենթարկվող սպանությունների ցանկացած փաստ արժանի է մերժման եւ խիստ դատապարտման: Մարդկության դեմ ուղղված հանցագործության ձեւի համար որեւէ արդարացում չի կարող լինել սպանության համար»,- AZERTAC-ի հետ զրույցում նշել էր Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը՝ մեկնաբանելով Սվերդլովսկի մարզում ադրբեջանցիների սպանությունը։
«Խստորեն դատապարտում ենք Պուտինի ֆաշիստական կառավարությունը»,- նշել էր Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության եւ համերաշխության հիմնադրամի խորհրդի նախագահ Այգյուն Աթթարը:
«Անհնար է չհասկանալ, որ Ռուսաստանում ադրբեջանցիների, ուզբեկների, ղրղզների, թուրքմենների եւ այլ ժողովուրդների դեմ շովինիստական-իսլամաֆոբ հարձակումը ուղղակի քաղաքական պատվեր է։ Այս համակարգված խտրականության հետեւում կանգնած է Կրեմլը, ինքը` Վլադիմիր Պուտինը։ Եկատերինբուրգում ադրբեջանցիների դեմ գործողությունը եւ դրան հատուկ նշանակության ուժերի մասնակցությունը շատ խորհրդավոր են եւ կասկածներ են առաջացնում։ Վերջին իրադարձություններն անընդունելի են», AZERTAC-ին ասել է քաղաքագետ Իլյաս Հուսեյնովը։
«Բազմազգ Խորհրդային Միության իրավահաջորդը՝ Ռուսաստանը, թույլ է տվել հսկայական սխալներ… Միավորելով ուկրաինացիներին, վրացիներին, ադրբեջանցիներին, ղազախներին, ուզբեկներին, ղրղզներին, թուրքմեններին եւ շատ այլ ժողովուրդների ուտոպիական սոցիալիզմի գաղափարների շուրջ եւ, ըստ էության, բոլոր իմաստներով շահագործելով այդ ժողովուրդներին՝ դառնալով համաշխարհային տերություն, Մոսկվան այժմ կրկնում է նույն սխալները…», գործակալությանը հայտնել է Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Խայալ Բաշիրովը։
«Հունիսի 27-ին Եկատերինբուրգում ռուսաստանյան ԱԴԾ-ի կողմից ադրբեջանցիների բնակության վայրերի վրա հարձակման հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են մեր հայրենակիցները։ Տրամադրված տեղեկատվությունից հետեւում է, որ անպաշտպան մարդկանց նկատմամբ ուժի կիրառումը ցուցադրական բնույթ է կրել եւ ուղեկցվել է առանձնահատուկ դաժանությամբ», AZERTAC-ին տված հարցազրույցում նշել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Գայա Մամեդովը։
«Եկատերինբուրգում իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դեմ բռնության եւ դաժանության կիրառմամբ իրականացված գործողությունը եւ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վերջին իրադարձություններն այս երկրում շովինիզմի, խտրականության եւ ազգային պատկանելության վառ օրինակներ են: ՌԴ իրավապահ մարմինների նման անողոք վարքագիծը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումների գործընթացները նպատակային են կառավարվում»,- նշել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Զաուր Շուկուրովը: «Ռուսաստանում խաղաղ մարդկանց նկատմամբ ահաբեկչությունը, իրավունքների խախտումները, բանտարկությունն ու սպանությունները դառնում են սովորական երեւույթ», AZERTAC-ի հետ զրույցում նշել է ուկրաինացի լրագրող Լեսյա Կեսարչուկը:
Ադրբեջանում պետական մակարդակով Ռուսաստանի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությունից տպավորություն է ստեղծվում, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգի իրադարձություններն ընդամենը պատրվակ են` Կրեմլի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.07.2025