Մինչ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունում էր «ՀԷՑ-ը խլելու» նախագծերը, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը սպառնում էր հաշվեհարդար տեսնել՝ «գործից ազատել» ՀԷՑ-ի բոլոր աշխատողներին, ովքեր կմասնակցեն հանրահավաքների: Փաշինյանը սպառնացել է նաև, որ «նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»: Ասել, որ ռեյտինգազրկվող Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ապօրինություն են, կնշանակի՝ ոչինչ չասել:
Առաջինը. Փաշինյանի հայտարարությունը կոպտորեն ոտնահարում է քաղաքացիների՝ քաղաքական հայացքներ ունենալու, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու, խոսքի ու կարծիքի ազատության սահմանադրական իրավունքները ու այդ իրավունքները երաշխավորող միջազգային նորմերը: Որքան էլ իր գործը թողած՝ ամբողջ օրը ստատուս գրելով ու մեկնաբանություններին արձագանքելով անցկացնող Փաշինյանը այս ամենը փաթեթավորում է «իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով» ձևակերպմամբ, դրանից իմաստը չի փոխվում: Ի՞նչ խարդավանքների մասին տեղեկություն ունի նա: Թե՞ ակցիայի մասնակցելն արդեն «քաղաքական խարդավանք է»: Տեսնես՝ 2018 թվականի իրադարձություններն այդ տրամաբանությամբ ի՞նչ էին:
Երկրորդ. Փաշինյանը խոսում է ցույցի մասնակցել պարտադրելու մասին: Ո՞ւր են դրա ապացույցները, ո՞նց է նա (կամ ընդհանրապես) պարզելու կամ հիմնավորելու այդ «պարտադրանքը», մոտ 7000 աշխատակցի մեջ 2-3 «խոստովանող» են գտնելու և իրենց հարթակներով «ռասկրուտկա» անե՞ն: Առհասարակ, մարդիկ ազատ են, ըստ իրենց համոզմունքների, մասնակցել ցանկացած խաղաղ հանրահավաքի, ազատ են արտահայտել իրենց բողոքն ու անհամաձայնությունը:
Երրորդ. ի՞նչ է նշանակում վարչապետի միջամտությունը մասնավոր, ոչ պետական ձեռնարկության աշխատակիցների աշխատանքային հարաբերություններին, կոնկրետ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքը: Վարչապետն այդ ո՞վ դարձավ, որ իրավունք ունի մասնավոր ընկերության աշխատողներին սպառնալ, թե աշխատանքից կազատի:
Կարդացեք նաև
Հա, երևի Փաշինյանն արդեն վստահ է, որ ՀԷՑ-ն արդեն խլել է, բայց քպականներով համապատասխան օրենսդրական փոփոխությունները դեռ ոչինչ չեն նշանակում, ավելին՝ այդ «խլոցին» դեռ միջազգային դատական պրոցեսներով կարող է անցնել:
Չորրորդ. ի՞նչ է նշանակում դատվելու սպառնալիքը: Այսինքն, Փաշինյանը խոստովանական ցուցմո՞ւնք է տալիս, որ իրականում ինքն է դատում, այլ ոչ թե դատարանները: Այսինքն, նա հայտարարում է, որ դատարանները վերածել է իր կամքն արտահայտող մարմինների՞:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում