Լրահոս
Օրվա լրահոսը

Այդքան տեղ ունե՞նք կալանավայրերում, թե՞ գուցե ստադիոնն են վաղը կալանավայրի վերածելու. Թևան Պողոսյան. «Փաստ»

Հուլիս 03,2025 10:50

Մեղադրանք է հարուցվել քաղաքացիների նկատմամբ, որոնք հունիսի 27-ին Էջմիածնում էին՝ թույլ չտալու ուժային համակարգի ներկայացուցիչների գործողություններն այնտեղ։ Ինչո՞ւ իշխանությունն այս հարցում էլ հատեց բոլոր կարմիր գծերը, սեփական վախերի՞ դրսևորումն է։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն ունի իր կարծիքը՝ թշնամու պարտադրանքն է, կատարում են։

«Վախերից ենք խոսում։ Վախն իր մոտ ամեն ինչի հանդեպ է, այն ամենի, ինչը կարող է պրոբլեմ ստեղծել երկրի ներսում իշխանությունը պահելու համար։ Երկու վախը մեկ մահ է։ Հիմա երկու անգամ վախեցած են։ Հայկական ամեն ինչն իրենց մեջ վաղուց վերացել է, մահացել։ Դրանից հետո իրենց ամեն գործողություն հենվում է պարզ պարտադրանքների վրա։ Ո՞ւմ դեմ են Ալիևն ու Էրդողանը միշտ խոսում։ Իրենց ձևակերպմամբ՝ «ռևանշիստների»։ Իսկ ովքե՞ր են նրանք։ Հայերը, որոնք միշտ հիշում են։ Ո՞րն է այն ինստիտուտը, որն ունի հիշողություն, ո՞րն է այն ինստիտուտը, որը պահպանել է հայության ինքնությունը 1915 թվականից հետո ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։ Այդ ինստիտուտը եղել է Եկեղեցին։ Յոթ միլիոն հայությանը պահպանողը, այս ձևակերպումը տանք, եղել է Եկեղեցին։ Դրա համար Եկեղեցու դեմ գործողությունների պարտադրանք է դրված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Հետաքրքիր զուգահեռներ է տանում Փաշինյանի գրառումների բովանդակության և գործողությունների միջև։ «Ամուսնացյալ քահանաներին եղբայր է կոչում, փորձում է ինչ-որ քայլեր անել։ Բայց չէ՞ որ դու ինքդ ամուսնացած չես։ Ինչո՞ւ նրանց օրինակին չես հետևել, եթե նրանք քո եղբայրներն են։ Ասում է՝ այս հոտի հետևորդն եմ և այլն, և այլն։ Ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ես պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու։ Այստեղ այլ խնդիր կա, թե ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել։ Լուսանկարներ տեսա՝ ոստիկանների ձեռքերին խաչեր կային դաջված։ Դաջվածքը պետք է քո ինքնության մի փոքրիկ նկարագիրը լինի։ Եթե ձեռքիդ վրա խաչ ես դաջել կամ մեքենայումդ խաչ ես կախել, ուրեմն դա քո ինքնության մի մասնիկն է։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես գնալ և Խաչի վրա ձեռք բարձրացնել։ Հիշեք Արցախյան մեր առաջին պատերազմը։ Մարդիկ զենքով եկեղեցի չէին մտնում, զենքը թողնում էին եկեղեցու դռան մոտ, նոր ներս էին մտնում։ Հիմա ասում են՝ ոստիկաններն ամաչել են, նկարներ են հրապարակում, բայց գնացել էին, չէ՞, Խաչի դեմ։ Սա որևէ սահմանների մեջ չի տեղավորվում։ Ճիշտ չեմ համարում իշխանության օրակարգերը սպասարկելու համար իրենց մասին խոսելը»,-նշում է մեր զրուցակիցը և այժմ սթափվելու կոչ է անում բոլոր այն մարդկանց, որոնք հօգուտ այս իշխանության են աշխատում։

Երբեմն մեր հասարակության հասցեին նույնպես մեղադրանքներ են հնչում, թե կարծես հարմարվել են ստեղծված իրավիճակին։ Հասարակության ներսում այն մտայնությունը կա նաև, որ եթե այսօր կալանավորվում են Եկեղեցու հոգևոր սպասավորներ, գործարարներ, մարդիկ, որոնք և՛ հեղինակություն ունեն հասարակության մեջ, և՛ մարդկային ու ֆինանսական լծակների են տիրապետում, ապա դրանից չի կարող խուսափել որևէ մի քաղաքացի, որը բողոքի ձայն կբարձրացնի։ Պողոսյանն ասում է՝ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի իր արժեքներով, հայացք գցի իր անցած ճանապարհին, ինքն իրեն հարց տա՝ ես մարդ եմ, որ վախկոտների կողքին է ապրե՞լ, թե՞ մարդ եմ, որը մտածում է՝ ես իմ սեփական արժեքն ունեմ։ ««Սրբազան շարժման» ժամանակ խոսվում էր այն գաղափարի մասին, որ տեղի ունեցող գործընթացները պետք է ավելի մաքրեն ու ազնիվ դարձնեն յուրաքանչյուր մարդու։ Ամեն մեկն իր արժեքներով պետք է ապրի, ուրիշներին չպետք է նայի։ Դու քո ճանապարհն անցիր, կողքինդ էլ նույն կերպ կվարվի, այն մյուսն էլ, և այդպես շարունակ։ Ի վերջո, քանի՞ հոգի կլինի, որոնց կարելի է ճնշել։ Օրինակ՝ հինգ հարյուր հազար մարդո՞ւ։ Այդքան տեղ ունե՞նք կալանավայրերում, թե՞ գուցե ստադիոնն են վաղը կալանավայրի վերածելու, այնտեղ են մարդկանց տանելու»,-ընդգծում է նա։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031