Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող լինել այնպիսի իրադրություն, որ մարդը բնակարանը կառուցի, վաճառի եւ Հայաստանից արտագաղթի»․ փոփոխություններ՝ արցախցիների բնակապահովման ծրագրում

Հուլիս 03,2025 12:38

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում ասաց․ «Գիտենք, որ այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակներում ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է 3-5 մլն դրամ՝ կախված նրանից, թե որ բնակավայրում է ձեռք բերվում կամ կառուցվում անշարժ գույքը։ Այս նախագծով առաջարկում ենք սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ։ Այս պահին եղած ցանկերում ներառված են 57 համայնքների 452 բնակավայրերում։ Մենք այս նախագծով առաջարկում ենք ցանկն ընդլայնել՝ 452-ի փոխարեն սահմանել 611 բնակավայրեր եւ այդ բնակավայրերի համար սահմանել 4 մլն դրամ։ Սահմանում ենք, որ ծրագրով նախատեսված երկրորդ եւ երրորդ փուլերը կմեկնարկեն միաժամանակ այս ամսվանից, այսինքն՝ արդեն մեկնարկել է, դիմումներն ընդունում ենք։ Այսինքն՝ ծրագիրն, ըստ էության, բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար եւ ծրագրին դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասաց նախարարը։

Նախագծով սահմանվում է հավաստագրի իրացման համար սահմանված դրական մնացորդի իրացման ընթացակարգ այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելի աջակցության չափից։

«Մենք հնարավորություն ենք տալիս այդ դրական մնացորդն օգտագործել երեք ուղղություններով՝ վերանորոգման վարկի ստացման, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման եւ կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման համար»,- ասաց նա։

Մեկ այլ կարգավորմամբ առաջարկվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով ծրագրին դիմած եւ շահառուի կարգավիճակ չստացած անհատական դեպքերի ուսումնասիրման նպատակով։

Ըստ կառավարության՝ 2025 թվականի հունիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել 1492 ընտանիք, որից 353-ը իրացրել են դրանք, ընդ որում՝ 292-ը անշարժ գույքի ձեռքբերման բաղադրիչով, 1-ը՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, 60-ը՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչով։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Քանի որ հարցեր շատ են տալիս, ես ենթադրում եմ, որ մենք նաեւ երաշխավորել ենք համակարգը, որ չի կարող լինել այնպիսի իրադրություն, որ, ամենայն հարգանքով որեւէ ընտանիքի նկատմամբ, բնակարանը կառուցի, վաճառի եւ Հայաստանից արտագաղթի։ Այդ մեխանիզմները բացառված են, ճի՞շտ է»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց․ «Մենք առաջին իսկ օրվանից տնօրինման իրավունք ենք տալիս՝ կառուցեց, ապրեց ընտանիքը, 10-րդ տարին կլրանա, այդ ժամանակ արդեն իրավունք կունենա անսահմանափակ ձեւով, այսինքն՝ առանց պայմանի որոշել այդ գույքի հետագա ճակատագիրը՝ վաճառել, ավելի լավը գնել եւ այլն։ Այսինքն՝ մենք առաջին 10 տարին կառուցված կամ գնված բնակարանում բնակվելու պայմանը սահմանում ենք ի սկզբանե։ Բոլորը դա գիտեն ի սկզբանե, գիտեն, որ դա իրենց տունն է, այնտեղ ապրելու են, 10 տարին լրանալուց հետո նաեւ կարողանալու են փոխել»։

Անդրադառնալով նոր բնակավայրերի ցանկին, որոնք 4 մլն դրամի սահմանաչափի մեջ են ներառվել՝ Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Մենք հենց սկզբից առանձնացրել էինք մարզեր, բնակավայրեր, որտեղ ունենք առավելագույնը 5 մլն դրամ աջակցության չափ։ Կային նաեւ այնպիսիք, որ 4 մլն դրամ էր սահմանված։ Եվ Երեւանում եւ հարակից մարզերում 3 մլն դրամ էր սահմանված։ Մենք երկար քննարկումներից հետո եկանք նրան, որ միայն Երեւանը եւ անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները թողեցինք 3 մլն դրամ, մնացած ամեն ինչը, եթե 5 մլն չէ, ապա 4 մլն է։ Այսինքն՝ մենք ունենք հիմա աջակցության 5 մլն դրամի չափով բնակավայրեր, դրանք առավելապես Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի եւ որոշ համայնքներ նաեւ Արարատի մարզերում են։ Ունենք 4 մլն, որոնք 600-ից ավելի բնակավայրեր են, իսկ Երեւանն ու Երեւանին անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները 3 մլն դրամ աջակցության գոտում են»։

«Օրինակ՝ Արարատի կամ Վայոց ձորի մարզում 6 հոգանոց ընտանիքը 30 մլն դրամ է ստանում։ Մեր փորձը ցույց է տալիս, որ 30 մլն դրամով իրատեսորեն կարելի է կառուցել տուն, ձեռք բերել կահույք ու հող։ Այսինքն՝ դա իրատեսորեն կարելի է կառուցել եւ ապրել։ Երեւանի դեպքում 6 հոգանոց ընտանիքը 18 մլն դրամ կստանա, բայց էլի ընտրության հարց է։ Կարող է ընտանիք կա, որը խնայողություններ ունի եւ ուզում է ավելացնել, Երեւանում ձեռք բերել, մենք բացարձակապես դեմ չենք դրան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բնակապահովման այս ծրագրից օգտվելու պարտադիր պահանջ է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց, թե այսօրվա դրությամբ քանի արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Նա ասաց, որ արցախցիների դիմումները արտահերթ են վերցնում։ «Ընդ որում, վերջին ժամանակահատվածում բավականին ինտենսիվացել են դիմումները՝ արդեն իսկ հանրապետության նախագահի հրամանագրով 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Ընդ որում, չունենք մերժումներ։ Զուգահեռաբար, եթե դիմումները նայենք, 10 961 դիմում ունենք այս պահին։ Ի տարբերություն այլ անձանց՝ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում մենք 4,5 ամսվա փոխարեն շուրջ 1 ամսում ամփոփում ենք ամբողջ աշխատանքը եւ ներկայացնում։ Այդ թվում՝ դիմումներն ընդունվում են նաեւ շրջիկ սպասարկման գրասենյակներում։ Նաեւ ասեմ, որ ծնողների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու ուժով նաեւ 4400 անչափահաս է անձնագրավորվել ՀՀ քաղաքացու անձնագրով»,- նշեց Արփինե Սարգսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031