-Ես գիտեմ՝ ինչու Նիկոլը մտավ հայկական սրբավայր ու հանգիստ այնտեղից դուրս եկավ: Ես գիտեմ՝ ինչու Նիկոլի բորենիները մինչեւ հիմա պատժված չեն: Այս ամենը տեղի ունեցավ, որովհետեւ մեր մեջ սուտ տարածողները մինչեւ հիմա չեն չեզոքացվել: ՔՊ ուսապարկերից զատ՝ նիկոլական քաղաքականությամբ զբաղվողներ կան, որոնք 2018-ին դիտավորությամբ Նիկոլին իրենց ձեռքերի վրա բերել են: Մի քանի օր է՝ ասում են, որ առաջին անգամ են այսպիսի ապօրինություն տեսնում իբր այս նիկոլաստրուկների կողմից: Այ Նիկոլներ, լա՞վ չեք, ոնց թե առաջին անգամ եք տեսնում: Բա Արմեն Գրիգորյանի հետ ինչպե՞ս վարվեցին, բա հարյուրավոր հայերի ինչպե՞ս են արգելում մտնել Հայաստան՝ պերսոնա նոն գրատա հայտարարելով, ովքե՞ր են պատասխանատվության ենթարկում սոցիալական ցանցերում Նիկոլի մասին ճշմարտությունն ասելու համար,- այսօր ուղիղ եթերով այս հարցադրումներն է առաջադրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
-Ինչո՞ւ ձեզ ձեռք չի տալիս խոստովանել, որ այս ամեն ինչը սկսվել է 2018 թվականի պետական հեղաշրջումից հետո: Չեք խոստովանում, որովհետեւ հենց այս ճշմարտությունն ասեք՝ դուք կվերջանաք: Դուք կհալվեք ձեր իսկ շաղ տված փրփուրների մեջ: Ձեզ հանձնարարել են ապրել ձեր ստի մեջ ու ամեն անգամ, երբ Նիկոլը մի նոր ստորություն է անում, ավելի բարձր գոռալ՝ զարմանալով, որ չէ, երբ մենք Նիկոլի կողքին էինք, ինքը նման բաներ չէր անում: Այդ նույն բանը փորձում եք այս մի քանի օրերի ընթացքում անել: Որովհետեւ քաջություն չունեք, անկեղծություն էլ հետը:
Ես ու մեր խմբակցության պատգամավորները նստած սպասում ենք ձեր նախագծին, որ ստորագրենք, որ ձեր մանիպուլյացիա սուտ հայտարարությունների փոխարեն՝ Նիկոլին ատող հայ ժողովրդին իրական լույսի շող տանք: Իրականում ցույց տանք, որ կա նախագիծ, ստորագրություններ եւ անուն: Բայց դուք այդպես էլ չուղարկեցիք, չբերեցիք այդ նախագիծը, որովհետեւ դա ձեզ պետք չէ, ձերը խաբկանքն է: Ստորագրեցինք, չստորագրեցինք, երաշխիքներ կան, վայ չէ, էլի աներաշխիք մնաց, դուք այս բառակույտի մեջ եք:
Փաստորեն Ռոբերտ Քոչարյանի պատգամավորներն ավելի շուտ հավաքվում են քննարկելու Նիկոլի հատուկ հանձնարարություններ կատարողի առաջարկները, քան՝ մեր: Ովքեր, իրենց ձեւակերպումն է, իրենց շարժումների ժամանակ գնացել են դեմ դիմաց Նիկոլի բորենիների հետ, ջարդուփշուր լինելով միայն նրա համար, որ այդ նույն երեկոյան գեղեցիկ ամբիոնից կարողանան նախարարական իրենց ծրագրերը ներկայացնել,- շարունակեց պատգամավորը: