Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտում լինեմ թե գերեզմանում, պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չարից ազատագրված չէ Հայրենիքս և Պետությունս. Բագրատ սրբազանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

Հուլիս 03,2025 14:55

Սրբազան պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

Ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում…

Երիցս ճիշտ է ասված, որ «գողն է գոռում բռնեք գողին»։

Մեր Հայրենիքը, կյանքը, կենսագրությունը, պատիվը գողացած ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում։

Չարիքի մեքենան ամբողջ «ներշնչումով» շարունակում է ահաբեկչություն և սպառնալիք սփռել իր արբանյակներով և ստրուկներով, որոնց «աստվածը» իրենց փողի և կեղծիքի իշխանությունն է՝ այսպիսով ցանկանալով ևս մի քանի ակնթարթ երկարաձգել իրենց կառուցած ստի կայսրությունը։

Տեղեկատվական սուղ վիճակում՝ գտնվելով անհավասար հնարավորությունների դաշտում, կալանավայրի ազատության պայմաններում արտաքին «բանտի» հետ հարաբերության և սահմանափակ տեղեկություններիս միակ աղբյուրը իմ շնորհաշատ և նվիրյալ փաստաբան-իրավապաշտպաններն են, որոնք ոգի ի բռի պայքարում են ճշմարտության համար։ Այս վերջին երկու օրերին կրկին ցինիզմով և ստով միմյանց հերթ չտալով մեր կյանքի և կենսագրության ահաբեկիչները՝ իրենց հատուկ կերպով խախտելով բոլոր կարգերն ու սահմանները, անմեղների արյան խրախճանք են անում։

Ես չեմ խոսելու այն մասին, թե ինչ ծավալի ստախոսությամբ են նրանք զբաղված՝ սկսած ակնհայտ մոնտաժված ձայնագրություններից և դրանց համադրություններից, մինչև ԱԺ ամբիոն։ Ես խոսելու եմ, թե ինչ ենք մենք ուզում, որի համար ինչպես ասել եմ մեկ րոպե անգամ չեմ զղջում։

Միայն շատ կարճ գնահատական կտամ, որ եթե ես և մեր պայքարի համակիրները ահաբեկիչ և հանցագործ ենք, ապա ուրեմն փաստ է, որ 2018թ.-ին իշխանությունը զավթել են ահաբեկիչներն ու հանցագործները։ Միևնույն է, ինչ էլ անեք և ասեք, դուք արյունապարտ եք մեր ժառանգության և պատմության առջև՝ մեր հայրերի, բյուրավոր նահատակների և կորսված Արցախ Հայրենիքի նզովքի ենթակա, որն հավիտենապես դաջված է ձեր ճակատներին։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն ուժեղ, հզոր և անվտանգ Հայաստանի, որի սահմանները չեն փոփոխվում ըստ «ահաբեկիչի» ցանկության։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն կորսված Արցախի, հարյուր հազարավոր բռնագաղթված իմ քույրերի և եղբայրների, անտեր մնացած շիրիմների և սրբավայրերի, թշնամական բանտում կտտանքների ենթարկվող եղբայրների։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն իր սեփական և հայրենի պետության մեջ ազատ ու անհալածանք ապրող Սուրբ Եկեղեցու, որի զոհաբերությամբ է նաև վեր խոյացել Հայոց Պետականությունը։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարում եմ հանուն առողջ և արժանապատիվ երիտասարդ սերնդի՝ զերծ վախից, քծնանքից, ծուլությունից, թմրամոլության և խաղամոլության ախտից, որոնք վխտում են այսօրվա «իշխանությունների» շարքերում։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարելու եմ հանուն սիրո, հաշտության, արդարության և ճշմարտության, որոնք միակ և բացառիկ գրավականն են մեր ազգային և պետական կյանքի ամրության և գոյության։

Ես չեմ զղջում, որ պայքարել և պայքարելու եմ հանուն մեր հերոս նահատակ հայրերի, եղբայրների, զավակների, մայրերի, քույրերի և դուստրերի հեղած արյան արժևորման, որոնց առջև պարտավորություն եմ ստանձնել իրենց Հայրենիքը, իրենց իսկ հաղթանակը իրենց վերադարձնել։

Ես խոնարհ սրտով ցավում եմ այս պահին կալանավայրերում գտնվող մեր համակիրների և նրանց ընտանիքիների համար, ովքեր Հայրենիքը գրկած գտնվում են հալածանքի մեջ, որի համար ծնրադիր ներողություն եմ խնդրում պատճառված ցավի և նեղության համար։

Առաքելական խոսքին համահունչ՝ իմ և մեր կապանքները մեր փառքն են, որով դուք՝ ահաբեկիչներդ, հարստացրել և արժևորել եք մեր կենսագրությունը, որի մի ահռելի հատվածը հենց դուք եք կողոպտել։

Ասել եմ և կրկնում եմ վերստին՝ միայնակ լինեմ կամ ոչ, բանտում լինեմ թե գերեզմանում, պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չարից ազատագրված չէ Հայրենիքս և Պետությունս, քանզի Հաղթանակն այլընտրանք չունի…

02.07.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031