«Այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, ոչ միայն անընդունելի է իր բովանդակային եւ կեղծ տեղեկությունների առումով, այլ ուղիղ միջամտություն է նախաքննական մարմինների աշխատանքին»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ խմբակցությունում դատապարտում են ահաբեկչությունը, այդ թվում նաեւ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչությունը, բռնության ցանկացած գործադրումը, սակայն այն, ինչը ներկայացվում է քննարկման՝ ուղղորդում է եւ ուղիղ միջամտություն իրավապահ մարմինների աշխատանքներին։
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այսօր 17․00-ին հրավիրված արտահերթ նիստին, որտեղ քննարկվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստը, որը կոչվում է՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության» մասին։ Նախագիծը երեկ է դրվել շրջանառության մեջ։
Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ նախագծի նպատակն է «դատապարտել ահաբեկչությունը ՀՀ-ի դեմ»։
Ալեն Սիմոնյանը հեգնեց Արծվիկ Մինասյանին՝ առաջարկելով՝ եթե հավատում է իր ասածին՝ գալ եւ քննարկման ժամանակ ասել այդ ամենը, ոչ թե հայտարարություն է անում՝ «Հայաստան» խմբակցության համար ևս մեկ լեգիտիմ հիմք ստեղծելով՝ դահլիճ չգալու համար։
Կարդացեք նաև
ԱԺ ««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, իրենք նույնպես արտահերթ նիստին չեն մասնակցի․ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իշխող կուսակցության քարոզչական շոուներին չի մասնակցում»։
Մանրամասները՝ տեսանյութում՝
Նկատենք, որ իշխող խմբակցության բերած նախագիծը վերաբերվում է վերջերս բացահայտված իբր «հեղաշրջման պլանին», որը նախաձեռնվել էր անցած տարի, Բագրատ սրբազանի նախաձեռնած ընդդիմադիր շարժման ժամանակ։ Այդ գործով կան մի շարք ձերբակալվածներ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ