Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլհամ Ալիեւի շահերից երբեք էլ չի բխել անկախ լրագրությունը»

Հուլիս 03,2025 15:41

Ըստ ադրբեջանցի լրագրող, բլոգեր Արզու Գեյբուլաեւայի՝ Ադրբեջանի իշխանությունների համար ուղղակի վարկանիշի հարց է եվրոպական շրջանակի մաս լինելը։

«Իլհամ Ալիեւի շահերից երբեք էլ չի բխել անկախ լրագրությունը»,- Ստրասբուրգում «Առավոտի» հետ զրույցում ասաց ադրբեջանցի լրագրող, բլոգեր Արզու Գեյբուլաեւան:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում նստաշրջանի օրակարգից դուրս անցկացվեց «Ադրբեջանում լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների կյանքին եւ անվտանգությանը սպառնացող վտանգներ» թեմայով լսումներ։ Իրավապաշտպաններ, ԵԽԽՎ պատվիրակներ քննադատեցին Ադրբեջանին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։ Այս քննարկմանը մասնակցում էր նաեւ Արզու Գեյբուլաեւան։

Նա լսումների ընթացքում մի շարք մեջբերումներ արեց ադրբեջանցի անկախ լրագրողների հարցազրույցներից եւ օրագրային գրառումներից, որտեղ պատմում են, թե ինչ հալածանքների են ենթարկվել Ադրբեջանում։

Արզու Գեյբուլաեւան ապրում է Թուրքիայում՝ Ստամբուլում։ Ֆրիլանս լրագրող է, լուսաբանում է Թուրքիայում, Հարավային Կովկասում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում կատարվող իրադարձությունները։

2014-ին Արզու Գեյբուլաեւան BBC-ի հրապարակած «Փոփոխություն բերող կանանց» ցուցակում էր։ 2009 թվականից նա գրում էր «Թռչող գորգեր եւ կոտրված խողովակներ բլոգում»։ Թղթակցում էր Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթին, որի համար նա շատ քննադատվել է։

Արզու Գեյբուլաեւայից հետաքրքրվեցինք՝ եթե Ադրբեջանը մեկուսացվի արեւմտյան հարթակներից, ավելի բարդ չի՞ լինի նրան ենթարկել պատասխանատվության, լրագրողը պատասխանեց. «Այս հարցն ունի շատ հասցեատերեր, որոնց մասին պետք է խոսենք առանձին-առանձին։ Իրականում Ադրբեջանում ապրող մարդիկ այս կազմակերպությանը մեծ նշանակություն չեն տալիս, քանի որ չեն հետեւում, թե ինչ է կատարվում այստեղ։ Հանրության մեծ մասը, մարդիկ, որոնք քաղհասարակության ներկայացուցիչներ են, իրավապաշտպաններ, նրանց համար էլ առանձնապես նշանակություն չունի այն, ինչ կատարվում է այստեղ։ Ադրբեջանի իշխանությունների համար ուղղակի վարկանիշի հարց է եվրոպական շրջանակի մաս լինելը»։

Արզու Գեյբուլաեւան համոզված է, որ Ադրբեջանի նկատմամբ պետք է քայլեր ձեռնարկվեն հենց այս կազմակերպությունում, ինչպես նաեւ այլ եվրոպական կազմակերպություններում. «Այդ քայլերը պետք է ձեռնարկվեն այն երկրների նկատմամբ, որտեղ կան մարդու իրավունքների խախտումներ։ Ես դիվանագետ չեմ, լրագրող եմ, ես չեմ որոշողը, թե ինչ ձեւով այդ քայլերը պետք է իրականացվեն։ Եթե կա բանակցություն Ադրբեջանի հետ շարունակել համագործակցությունը, պետք է լինի նաեւ նրա դեմ ձեռնարկվող քայլերի կոնկրետ ցանկ»։

Մեր այն փաստմանը՝ լսումների ընթացքում նշվեց, որ Ադրբեջանում ոչ մի անկախ լրատվամիջոց եւ լրագրող չի մնացել, Արզու Գեյբուլաեւան արձագանքեց. «Այս իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Ադրբեջանում այլեւս անկախ լրագրողներ չկան։ Անկախ լրագրությունը երբեք էլ այս իշխանության շահերից չի բխել։ Մենք դրանում համոզվել ենք տասնամյակներ շարունակ։ Այս իրավիճակը նրա արդյունքն է, որ բավարար քայլեր չեն ձեռնարկվել ադրբեջանական կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար»։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031