Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել միջազգային հեղինակավոր աքսելատորի՝ «Plug and Play»-ի հետ երկարաժամկետ պայմանագրի կնքման գործընթացը:
Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, դեռևս 2023-2024 թթ. նախարարությունը հանձն էր առնել աշխարհի թոփ 5 լավագույն աքսելերացիոն ծրագրեր իրականացնող ընկերություններից մեկին հրավիրել Հայաստան: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Plug & Play Germany GmbH» կազմակերպությունը, որը Հայաստանում 2024-2025 թթ. իրականացրել է 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիր՝ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Նախարարի խոսքով՝ համագործակցության շարունակականությունը կարևոր պայման է ստարտափ էկոհամակարգի հետևողական զարգացման համար։ Ըստ Մխիթար Հայրապետյանի, հիմք ընդունելով այն փաստը, որ «Plug and Play» կազմակերպության հետ արդեն իսկ առկա է հաջողված ծրագիր, կազմակերպությունը քաջատեղյակ է հայաստանյան շուկային և ստարտափ էկոհամակարգին՝ առաջարկվում է «Plug and Play»-ի հետ համագործակցությունը դարձնել շարունակական՝ հնարավորություն տալով ձեռք բերված արդյունքները զարգացնել առաջիկա տարիների ընթացքում: «Plug and Play»-ը Հայաստանում կհիմնի մասնաճյուղ և համագործակցության 3 տարիների ընթացքում աքսելերատորը կիրականացնի ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր: Միջազգային հեղինակավոր աքսելերատորի մուտքը և երկարաժամկետ գործունեությունը երկրում մեծ ազդեցություն կունենա ստարտափ էկոհամակարգի զարգացման և մրցունակության վրա:
Կարդացեք նաև
Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ սրանով արձանագրվում է՝ ոլորտի համաշխարհային խոշոր խաղացողներից մեկն արդեն ներկայություն ունի ՀՀ-ում:
Կպարզեցվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի ընթացակարգերը
Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության գործող ծրագրում։ Ըստ այդմ,
- ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն,
- ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը,
- սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական մնացորդը կարող է օգտագործվել 3 ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում և կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում,
- ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով,
- անհատական բնակելի տների կառուցման դեպքում՝ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև ֆիզիկական անձանց կողմից, բայց բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Սահմանվել է նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցության տրամադրման պարզեցված՝ առավել արդյունավետ ընթացակարգը, այսինքն՝ ոչ թե հիփոթեքային վարկավորմամբ, այլ անմիջապես գումարը վաճառողին փոխանցելու միջոցով՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում,
- փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները,
- հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի միաժամանակյա մեկնարկը տրվել է հուլիսի 1-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվում է 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1600 ընտանիք, իրացվել է ավելի քան 309-ը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էլ անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացին՝ ընդգծելով, որ հիմնական շահառուներից դիմումներն արտահերթ վերցնում են: Նախարարը նշել է նաև, որ վերջին ժամանակահատվածում բավական ինտենսիվացել են դիմումները. «Եթե վիճակագրությանն անդրադառնամ՝ արդեն իսկ ՀՀ նախագահի հրամանագրով 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ընդ որում՝ չունենք մերժումներ: Այս պահի դրությամբ ունենք 10 961 դիմում, ընդ որում, ի տարբերություն այլ անձանց, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում մենք 4,5 ամսվա փոխարեն շուրջ 1 ամսում ամփոփում ենք ամբողջ աշխատանքները և ներկայացնում: Դիմումներն ընդունվում են նաև շրջիկ սպասարկման գրասենյակներում: Ընդ որում՝ այդտեղ ժամանակացույցի առումով շատ ավելի ինտենսիվ գործընթացներ ունենք: Այսօր, օրինակ՝ Չարենցավանում ունենք շրջիկ սպասարկման գրասենյակներ, և եթե մեր հայրենակիցները ցանկություն ունեն, կարող են միանգամից մոտենալ և դիմումները ներկայացնել: Նշեմ նաև, որ ծնողների քաղաքացիության ուժով նաև 4400 անչափահաս արդեն իսկ անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով»:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցությանը և նշել. «Մենք արդեն ապրիլ ամսից պետք է վերանայված, ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեինք, բայց այս քննարկումները նաև առիթ դարձան, որ այն որոշակիորեն հետաձգեցինք ևս երկու ամսով: 40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց: Հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ: Հիմա աջակցության շահառուներն անչափահասներն են, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները: Այսինքն՝ հունիսին կստանան 40 հազար դրամ, արդեն հուլիս ամսից բոլորի համար 30 հազար դրամ կլինի մինչև տարեվերջ: Մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունն անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»:
Հաստատվել է ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիրը, որի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել այդ մասնագետների պրակտիկ փորձի շարունակականությունը: Այն հնարավորություն կտա ապահովել միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, ինչը խթան կհանդիսանա միջազգային նորարարական համակարգերին արագ ինտեգրվելուն։ Դասընթացների ընթացքում հնարավորություն կտրվի տեսական և գործնական մակարդակներում յուրացնել նոր մեթոդներ և կարողություններ՝ նպատակ ունենալով մարզումների անցկացումն իրականացնել այդ մեթոդներով մշակված և կազմված պլաններով։ Վերապատրաստումները միտված են նաև մարզաձևերի խթանմանն ու զարգացմանը, մասնավորապես՝ օլիմպիական մարզաձևեր պարապող մարզիչ-մանկավարժների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը՝ նպատակ ունենալով գտնել նոր լուծումներ սպորտի շարունակական զարգացման համար, ուսուցանել մարզչական մարտավարական հնարքների նորագույն մեթոդներ: Վերապատրաստման ծրագիրը իրականացվելու է տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից մշակված ուսուցման համընդհանուր չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան կազմված տեսական և գործնական դասընթացներով: Դասընթացները վարելու են արտերկրից հրավիրված համապատասխան մարզաձևերի բարձրակարգ մասնագետները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ վերապատրաստումն իրականացվելու է 3 օր տևողությամբ՝ ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով, խոսքը վերաբերում է, ընդհանուր առմամբ, այսօր մեր մարզադպրոցներում աշխատող 2100 մարզիչներին:
Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն իրականացվում է՝ հաշվի առնելով մարզիչների կարիքները: Ըստ վարչապետի՝ գիտելիքը, հմտությունը շարունակական գործընթաց է, որն անընդհատ պետք է լրացվի՝ ժամանակին համընթաց:
Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով: Արդյունքում՝ կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման: Ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի համար սահմանվել է պարտադիր պահանջ՝ եթե մինչև հաջորդ ատեստավորումը վերջինս գտնվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում, ապա արձակուրդից վերադառնալուց հետո անցնելով առարկայական պարտադիր վերապատրաստում, պարտադիր մասնակցում է կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը: Հստակեցվել են նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցչի՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում նույն կամ այլ առարկայի դասավանդման պահանջները։ Առաջարկվող փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացի իրավակարգավորումը կդարձնեն ավելի հստակ, իսկ ստեղծվող այլ իրավահարաբերությունները՝ հնարավորինս իրավաչափ։
Անդրադառնալով որոշմանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Նախորդ տարի, երբ մենք էլեկտրոնային եղանակով առաջին անգամ իրականացրեցինք ուսուցիչների կամավոր ատեստավորումը, պարզ դարձավ, որ բողոքարկման գործընթացը պիտի կիսենք երկու մասի: Պետք է առանձնացնենք բովանդակային բողոքարկումը, որը կարող է կապված լինել թեստի որևէ հարցի հետ, և կարող են ուսուցիչներն ունենալ հարցեր տեղում՝ էլեկտրոնային համակարգի տեխնիկական որոշ խնդիրների հետ կապված: Այստեղ հնարավորություն ենք տվել տեխնիկական հարցերի հետ կապված բողոքարկումն անել անմիջապես ատեստավորումից հետո, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվ արձագանքել ուսուցիչների բարձրացրած խնդիրներին և տեխնիկական հարցերը լուծել տեղում»:
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող:
Միասնական մոտեցում՝ ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացնելու ժամանակ
Գործադիրը սահմանել է ՀՀ տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը և ձևերը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգերը սահմանվում են Կառավարության առանձին որոշումներով, որոնք որոշ դեպքերում տարբերվում են միմյանցից և չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերին։ Վերոնշյալ որոշումներով սահմանված բաշխման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ միասնական մոտեցման բացակայությունը դժվարություններ է առաջացնում ինչպես գործարար միջավայրի, այդպես էլ ներմուծումը կարգավորող գործընթացում ներգրավված պետական լիազոր մարմինների համար։ Որոշման ընդունումը թույլ կտա միասնական մոտեցում ունենալ այն ապրանքների բաշխման նկատմամբ, որոնց հանդեպ համապատասխան որոշումներով սահմանվել են ներմուծման թույլատրելի ծավալներ կամ ներմուծման առանձնահատկություններ։ Կարգով, մասնավորապես՝ սահմանվում են «պատմական» և «ոչ պատմական» գնորդներ հասկացությունները, ոչ պատմական գնորդների համար հստակեցվել է ապրանքների բաշխման կարգը, նախատեսվում է դրույթներ՝ համաձայն որոնց տնտեսվարող սուբյեկտներն իրավունք կունենան հրաժարվելու իրենց հատկացված ծավալից՝ ամբողջությամբ կամ մասնակի, ինչպես նաև կսահմանվեն ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար հայտերի ներկայացման և լիցենզիաների տրամադրման ժամկետները։
Իրանական ծագման որոշ ապրանքներ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի
Կառավարությունը սահմանել է նաև 2025 թ. ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է, որ 2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Որոշմամբ սահմանում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի շրջանակներում առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Իրանից Հայաստանի տարածք ներմուծման ծավալների բաշխման կարգը:
Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1
Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի, ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության, բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։ Վերջին տարիներին արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էր Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։
Արտահանման արգելքի կիրառման արդյունքում զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները: Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2025 թթ. կատարվել են ներդրումներ ոլորտում, այդ թվում՝ օտարերկրյա («Ջի Թի Բի ստիլ», «Ձուլակենտրոն», «Էդմետ», «Ասկե գրուպ», «Տաշիր գրուպ», Քարակերտի քարաձուլման գործարան, «Ասեդլ»)։ Նշված ընկերությունները նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են։ Ըստ կանխատեսումների, նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն շուրջ 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ՝ 65-70%-ով, հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։ Ըստ այդմ՝ առաջարկվում է արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2025 թ. օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել 2025 թ. մայիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի նպատակն է Մ6 Վանաձոր (Մ-3 հատման կետ) – Ալավերդի – ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի 51․74 կմ երկարությամբ համապատասխան ճանապարհահատվածի հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացումը։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ներկայումս առաջացել է Վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է 2024թ. մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղի ունեցած հեղեղման արդյունքում վնասված Մ6 մայրուղու բարելավման աշխատանքների նախագիծը պատրաստելու և նախագծման համար պահանջվող Ձորագետ և Դեբեդ գետերի ջրաբանական մանրամասն հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ։
Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արձանագրությամբ սահմանվում է հատուկ մեխանիզմ՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս: Արտադրանքի սպառողների համար ռիսկերի լրացուցիչ նախազգուշացման և ուսումնասիրության ընթացքում անդամ պետությունների մտահոգությունների վերացման նպատակով, մասնավորապես՝ սահմանվում են գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծման դեպքում անդամ պետությունների տնտեսության ճյուղը որոշելու առանձնահատկությունները, մասնավորապես՝ առանձնացված մրցակցային շուկայի տարածքում օգտագործման համար մատակարարվող ապրանքների ներմուծման նկատմամբ հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի վճարման ընթացակարգերը:
Հավանություն է տրվել «ՀՀ-ի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև ստորագրված 2015 թ. հուլիսի 7-ի շրջանակային համաձայնագրում և կից դրամաշնորհային կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Նշված փոփոխությունները ուղղված են հստակեցնելու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված և շրջանակային համաձայնագրում ամրագրված հասկացությունները, ընթացակարգերը, կարգավորումները:
Այլ որոշումներ. խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը
Կառավարության որոշմամբ «Ջմետալ թրեյդինգ կոմպանի» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պողպատի շարունակական ձուլման արդյունքում ստացված քառակուսի կիսապատրաստուկների արտադրության համար՝ իրականացնելով 1.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 78 աշխատատեղ 105 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 120-ի՝ 110 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 91 մլն դրամ։
Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» որոշում, որով ՀՀ սեփականությունը հանդիսացող Արագածոտնի մարզի Ապարանի Հ. Ոսկանյանի անվան հ. 2 հիմնական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Մարշալ Բաղրամյան փողոցում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել և նվիրաբերել համայնքին՝ բարեկարգման աշխատանքների իրականացման, ճանապարհի, դրան հարակից անվտանգության գոտիների կառուցման և սպասարկման նպատակով։
Գործադիրի հավանությանն է արժանացել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է նորմատիվ իրավական ակտով նախատեսել լիազորող նորմ՝ Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանելու վերաբերյալ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ