-Ինչո՞ւ հայհոյեցիք Հովիկ Աղազարյանին, -այսօր այս հարցով ԱԺ նիստերի դահլիճից դուրս եկող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանին մոտեցան լրագրողները:
– Հովիկ Աղազարյանին չեմ հայհոյել, կարծում եմ՝ անաչառ լրագրողները սկզբում կհարցնեին՝ Հովիկ Աղազարյանն ինչո՞ւ շիշ շպրտեց: Ո՞վ է Աղազարյանն ու ինչու է նա Ազգային ժողովում, եթե շիշ է շպրտում: Որովհետեւ շիշ շպրտողն իր պատգամավորական արժանապատվության վրա է առաջին հերթին շպրտում: Այդքանից հետո ինձ զսպելով՝ իրեն ընդամենը կոպիտ դուրս եմ հրավիրել: Ինքը 15 տարեկան երեխայի պես…,- իր խոսքը չավարտած պատգամավորը լրագրողի դիտարկմանը արձագանքեց, թե շատ կոպիտ բառապաշարով խոսեց:
-Իսկ ի՞նչ բառապաշար էր: Դուք ոնց որ ավելի լուրջ բառապաշար եք լսել Լեւոն Քոչարյանից եւ մնացածներից սովոր կլինեք,- պատասխանեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Պարսիլյանը Աղազարյանին այսօր ասել էր «ս-ր եղիր»:
Կարդացեք նաև
-Շիշը շպրտո՞ւմ են մարդու վրա, ու այդքանից հետո 15 տարեկան երիտասարդի պես հրավիրում էր դուրս՝ հարցեր պարզելու: Ավելի մեղմ ո՞նց կարելի է ձեւակերպել կամ խնդրել մարդուն դուրս գա: Շատ լավ գիտեք, որ դա հայհոյանք չէ, կոպիտ արտահայտվելու ձեւ է: Ազգային ժողովի պատգամավորը չի կարող 15 տարեկան երիտասարդի պես ասել՝ արի դուրս գանք, հարցեր լուծենք: Ես իմ պատգամավորական մանդատը հարգում եմ, եթե դիմացինը ոչ իրենն է հարգում, ոչ իմը, մի քիչ կոպիտ է խոսքը ստացվում,- արդարացավ պատգամավորը:
Լրագրողներից մեկը պատգամավորից հետաքրքրվեց, իսկ սովորաբար նման դեպքերում ԱԺ պատերի տակ «ռազբորկան» շարունակվո՞ւմ է, թե ինչ լինում է նիստերի դահլիճում, դրանով ավարտվում է, ի պատասխան Պարսիլյանն ասաց. «Ես վաղուց ռազբորկաներ չեմ անում, որովհետեւ հատել եմ այն տարիքը… ես, համենայնդեպս, եթե դուրս գանք խոսենք էլ, ուրիշ խոսակցություն է լինելու…. երբեւէ որեւէ Հովիկ Աղազարյանների սադրանքներին չեմ տրվելու: Ես այդ նյարդերն ունեմ: Սա, իհարկե, սադրանք էր, իսկ նպատակը հետեւյալն էր. Հովիկ Աղազարյանենք զրկվել են քաղաքական քաշից, կուսակցություն են ձեւավորել, որը փորձում են վաճառել քաղաքական դաշտում: Այս պահին ոնց հասկանում եմ կամ գինը շատ ցածր է, կամ առնող չկա, ու մարդիկ պատրաստ են ամենածայրահեղ քայլերն անել: Ընդհուպ սեփական պետության դեմ ցուցմունք տալ, սեփական պետության դեմ կեղծ մատնություն անել, որ քաղաքական որոշակի գին ունենան ու կարողանան վաճառվել քաղաքական դաշտում: Իրենք երկրի ներսում են, կարծում եմ, փորձում գտնել հովանավորներ, բայց հասկանալով, որ ներսում գտնելու համար պետք է որոշակի արտաքին ուժերի ուղղվածություն ցույց տան, ծառայություն մատուցեն, փորձում են նաեւ դա անել»:
Անդրադառնալով անազատության մեջ գտնվող Միքայել սրբազանի՝ վարչապետի թեկնածուի շուրջ Աղազարյանի վաղը սպասվող խորհրդակցություններին, պատգամավորը նկատեց, որ Միքայել սրբազանը նախ եւ առաջ չի կարող թեկնածություն առաջադրել, որովհետեւ հոգեւորական է: Ըստ աթեիստ պատգամավորի՝ եթե Միքայել սրբազանը երդում է տվել Աստծուն ծառայել, ապա իր համար դժվար է պատկերացնել այդ երդումից հետ կանգնելը «Սա անընդունելի է: Աստծուն ծառայելը սառեցնելը ո՞րն է: Չեմ պատկերացնում նման իրավիճակ; Եթե մարդը լիներ աստվածավախ, պատկերացնում եմ՝ ինչ սարսափ էր ապրելու ինքը, եթե աստծուն է տվել ծառայելու, հետո հայտարարում է, որ ինքը սառեցնում է ծառայելու իր երդումը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ