Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած արտահերթ նիստին, որի ժամանակ ներկայացվեց «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը, պատգամավոր Գեղամ Նազարյանը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հարց ուղղեց, թե հայտարարությունն ավելի ճիշտ չի՞ լինի առանց 6-րդ կետի ներառման։
Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ չի կարծում, թե առանց այդ կետի հայտարարությունը կլինի ավելի ճիշտ ու ավելի լավը։
«Սա այն հարցն է, որտեղ որ մենք հնարավորինս պիտի քիչ լղոզենք իրականությունը և հնարավորինս շատ մեր հանրության հետ ուղիղ խոսենք։
Եվ նորից կրկնում եմ, խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տապալման մասին, և բոլոր քաղաքական ուժերը պիտի դիրքավորվեն։ Քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, ովքեր ուզում են զբաղվել Հայաստանի ժողովրդի ճակատագրով կամ պիտի դատապարտեն ահաբեկչությունը, եթե չեն դատապարտում ու նույնիսկ լռում են, սեփական լռությամբ խրախուսում են ահաբեկչությունը։ Այլ տարբերակ պարզապես գոյություն չունի, որովհետև այս ահաբեկչության փափուշտը հասնելու էր նաև այն ուժերին, ովքեր լռում են»,- ասաց Հայկ Կոնջորյանը։
Կարդացեք նաև
Նա մեկնաբանեց, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության փամփուշտը նաև խոցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերին։
Ըստ նրա, դրանք փոխկապակցված են, և ահաբեկչության վերջնանպատակը պետության ու ժողովրդին զոհաբերելն է։
Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Ես հանձնաժողովի նիստին ասացի, որ եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ը չլիներ, մենք չէինք ունենա 44 օրյա պատերազմը, առավել ևս այդ ձևով։
Բայց ամեն դեպքում, երբ հայտարարության մեջ գրում ենք․ «Խիստ մտահոգիչ և դատապարտելի են ՀՀ նախկին ղեկավարների, նկատի ունեք նախագահների ու նրանց թիմակիցների ահաբեկչությունն արդարացնող կամ աջակցող հայտարարությունները։ Չգիտեմ, դուք տեսել եք, թե չէ, ես չեմ տեսել, որ օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը ահաբեկչությունն արդարացնող հայտարարություններ են արել, ոչ աջակցող, ոչ էլ արդարացնող հայտարարություն է եղել»։
Ի պատասխան՝ Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից ընթերցեց Միքայել Սրբազանի հարցազրույցներից մեկը։
«Պարոն Նազարյան, տեսեք, օրինակ՝ Միքայել Աջապահյանը հայտարարել է 2023 թվականին․ «Պարզ չէ, թե ես ինչ եմ ասում, քանի անգամ ասեմ, բացեիբաց ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասացի, նախագահներ Քոչարյանին ու Սերժին, լավ, դուք 10 տարի նախագահ եք եղել, դուք ձեզ կողմնակից, գաղափարակից մի գեներալ չունե՞ք ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ԱԱԾ-ում, որ կողքը կանգնեն ու հեղաշրջում անեն»։
Հետո Միքայել Աջապահյանը մի քանի անգամ կրկնել է և չի փոշմանել, իր խոսքերից հետ չի կանգնել։ Այսինքն նա ռազմական հեղաշրջման կոչ է արել այն բանին, ինչը որ Վազգեն Գալստանյանը պատրաստվում էր անել, և դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը և «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում էին իմպիչմենտ անելու շրջանակներում Միքայել Աջապահյանին առաջադրել որպես ՀՀ վարչապետի թեկնածու։
Բա դրանից առավել մեծ աջակցություն տեռորիզմին ո՞նց կարելի է գտնել ,պարոն Նազարյան, հենց դա է ամենամեծ աջակցությունը։
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, նա էլ իր ակնհայտ աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին, որը որ օրհնել է Բագրատ Գալստանյանի շարժումը, որը որ իր հերթին ծրագրել է այս ահաբեկչությունը։ Դրանից առավել ի՞նչ եք ուզում, ճշգրիտ հայտարարություն եք ուզո՞ւմ ման գալ, քաղաքականության մեջ մարդը կարող է կոչ անել ահաբեկչության՝ ուղիղ էդպես չասելով»։