Հայոց պատմական Անի մայրաքաղաքի Մայր տաճարը փուլ առ փուլ վերականգնվում է։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը։ Նշվում է, որ Անիի հնագիտական վայրը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016 թվականին գրանցվել է որպես Համաշխարհային մշակութային ժառանգություն։
Թուրքական լրատվամիջոցը գրում է, թե «մոտավորապես 100 հեկտար տարածքի վրա հիմնված Անին պարունակում է թուրք-իսլամական շրջանի կարևոր կառույցներ, ինչպիսիք են Էբուլ Մենուչեհր մզկիթը (Անիի Մեծ մզկիթ), որն Անատոլիայում կառուցված առաջին թուրքական մզկիթն է, սելջուկյան գերեզմանատուն և սելջուկյան դամբարաններ, ինչպես նաև քրիստոնեական շրջանի կրոնական կառույցներ, ինչպիսիք են Անիի մայր տաճարը (Ֆեթհիյե մզկիթ), Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրան Հոնենց եկեղեցին և Աբուղամրենց եկեղեցին»։
Ի դեպ, չի նշվում, որ քաղաքը հայկական, է, եկեղեցիները՝ նույնպես։ Անիի Մայր տաճարը լրատվամիջոցն անվանում է Ֆեթհիյե մզկիթ։ Նշվում է, որ այն կառուցել է Սմբատ 2-րդը 987 թվականին, շինարարությունն ավարտվել է 1010 թվականին Գագիկի 1-ի կնոջ՝ Կատրամիդեի կողմից։ Սակայն չի նշվում, որ նրանք եղել են հայ թագավորներ։ Ասվում է, որ ճարտարապետը Տրդատն է, որը վերանորոգել է Ստամբուլի Սուրբ Սոֆիա Մեծ մզկիթի գմբեթը։ Տրդատ ճարտարապետի ազգությունը նույնպես չի հիշատակվում։ Հայկական եկեղեցին 1064 թվականին մեծ սելջուկ սուլթան Ալփ Արսլանի կողմից վերածվել է մզկիթի, հայտնի է որպես Ֆեթհիյե մզկիթ, քանի որ Ալփ Արսլանն իր առաջին ուրբաթօրյա աղոթքը կատարել է այստեղ։
Վերականգնումը, որն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից՝ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի հետ համատեղ, իրականացվում է երեք փուլով: Ըստ լրատվամիջոցի՝ ավարտից հետո եկեղեցին որպես մզկիթ կրկին կբացվի այցելուների համար:
Կարդացեք նաև
Թարգմանությունը` factor.am-ի