Սկիզբը՝ այստեղ:
«Ղարաբաղի հարցի վերջնական լուծումից հետո Ռուսաստանին Բաքվի վրա ազդեցության ոչ մի լծակ չի մնացել», արձանագրում է Ադրբեջանի իշխանական մամուլը
«Ո՛չ ԽՍՀՄ-ն, ո՛չ էլ նրա իրավահաջորդ Ռուսաստանը իրական վտանգի պահերին չեն կարողացել պաշտպանել որեւէ պետության, որին դաշնակից են համարել», շեշտում է ադրբեջանական իշխանական մամուլը
Ադրբեջանում ընդդեմ Ռուսաստանի հակաքարոզչությունը վերջին օրերին դրսեւորվում է ոչ միայն տարբեր հրապարակային կարծիքների տարածմամբ, այլեւ իշխանական ԶԼՄ-ներում առաջնորդող հոդվածներով: Ադրբեջանի պետական լրատվական գործակալության՝ AZERTAC-ի կայքում Ռաբիլ Կաթանովը բացատրում է, թե ինչու ՌԴ-ում ընդդեմ ադրբեջանցիների գործողություններ իրականացվեցին: Նա գրում է, պարզ է, պատերազմն ունի սեփական գրված եւ չգրված օրենքները. «Պատերազմի ժամանակ օրենքները խստացվում են, ինչը, բնականաբար, հասկանալի է հասարակության համար. երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, եւ օրենքները պետք է ավելի խիստ լինեն: Դրանով պայմանավորված գործում է «տոտալ քարոզչությունն» ու «տոտալ վերահսկողությունը»:
Կարդացեք նաև
Այնուհետեւ հեղինակը շարունակում է, որ Ռուսաստանում բնակվող ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, ինչպես մյուս սփյուռքները, հաճախ ենթարկվում են ճնշումների, սակայն, ըստ հոդվածագրի` հունիսի 27-ին Եկատերինբուրգում ՌԴ-ի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի կողմից կատարված գործողությունն ունի «լուրջ քրեական բաղադրիչ»: «Ակնհայտ է, որ Կրեմլը պետք է ստեղծի հակամարտության նոր օջախներ՝ աղետը կանխելու համար։ Պատահական չէ, որ Հայաստանում ի հայտ եկած ռեւանշիստական միտումները նաեւ Ռուսաստանում վարած քաղաքականության արդյունք են»։ Ապա հավելում է. «Ո՛չ ԽՍՀՄ-ն, ո՛չ էլ նրա իրավահաջորդ Ռուսաստանը իրական վտանգի պահերին չեն կարողացել պաշտպանել որեւէ պետության, որին դաշնակից են համարել։ Սիրիայում տեղի ունեցածը հստակ դա ցույց տվեց։ Մինչ այդ, երբ Իրաքը, Աֆղանստանը, նախկին Հարավսլավիան, Վիետնամը, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ այլ երկրներ ենթարկվեցին ագրեսիայի, Ռուսաստանը մի կողմ քաշվեց՝ այդ պետություններին օգնելու փոխարեն։ Ռուսաստանի այս քաղաքականությունը թույլ չէր տալիս իր մերձավոր հարեւաններին միավորվել իր շուրջը։ Ընդհակառակը, այս պետություններն աստիճանաբար սկսեցին հեռանալ Մոսկվայից»։
Այնուհետեւ հոդվածագիրը նկատում է, որ հարեւան այն երկրները, որոնք շարժվում էին զարգացման ճանապարհով, հասնում էին տնտեսական հաջողությունների, բախվել են ռուսական դժգոհությանն ու ճնշմանը։ Հեղինակը մատնանշում է Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան։ «Ռուսաստանը հիանալի հասկանում է, որ այս պետությունները իրական սպառնալիք չեն ներկայացնում իր համար։ Օրինակ, 3 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանը չի կարող ռազմական կամ քաղաքական սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի համար։ Սակայն, չնայած դրան, Ռուսաստանը, որը Վրաստանի զարգացումը գնահատեց որպես սպառնալիք, գրավեց նրա տարածքի մի մասը, հարված հասցրեց նրա տնտեսությանը եւ երկիրը հեռացրեց զարգացման ուղուց։ Ղարաբաղը օկուպացիայից ազատագրելուց հետո Ադրբեջանը մտավ զարգացման նոր փուլ…», գրում է հեղինակը, ներկայացնելով Ադրբեջանի «ձեռքբերումները» տարբեր ոլորտներում, ապա եզրակացնում, որ հենց այդ պատճառով է Ռուսաստանը փորձում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, եւ նման դեպքերում Ռուսաստանը սովորաբար սկսում է «միգրանտների որսից»։
Հոդվածում հիշեցնում են Բաքվից Գրոզնի թռչող «ինքնաթիռի խոցումը» ու հավելում, որ Ռուսաստանը չի կարող նման ռեպրեսիվ միջոցներով զսպել ո՛չ ժողովուրդներին, ո՛չ պետություններին։ «ՌԴ-ի նման քաղաքականությունը ոչ թե ծառայում է տարածաշրջանում կայունությանը, այլ` առճակատմանը եւ վստահության կորստին: Եթե Մոսկվան ցանկանում է շարունակել տարածաշրջանային համագործակցությունն ու գործընկերությունը, ապա նախեւառաջ պետք է հրաժարվի դաշնակիցների նկատմամբ նման թշնամական մոտեցումից»:
Իսկ ադրբեջանական մեկ այլ իշխանական լրատվամիջոցի` Caliber-ի հոդվածագիրը գրում է, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղի հարցի վերջնական լուծումից հետո Ռուսաստանին գործնականում Բաքվի նկատմամբ ազդեցության ոչ մի լծակ չի մնացել», եւ Մոսկվայի միակ գործիքը` «Ռուսաստանի ներսում ադրբեջանական սփյուռքի նկատմամբ ռեպրեսիվ ճնշումն է»։ «Սակայն այս բոլոր փորձերը ապարդյուն են։ Ներքին քաղաքականությունը վերածելով այլախոհների նկատմամբ որսի, Կրեմլը ոչ թե ոչնչացնում է ինչ-որ մեկին դրսից, այլ քայքայում է հենց Ռուսաստանը ներսից»։ Հոդվածագրի փոխանցմամբ` «բռնաճնշումների հարվածների տակ փլուզվում է այն ամենը, ինչը դեռեւս պահում էր այդ երկիրը», «վստահության մնացորդները», «արդարության պատրանքն ու բազմազգ պետության գաղափարը»։ «Եթե այսպես շարունակվի, Ռուսաստանը կկորցնի ոչ միայն դաշնություն կոչվելու երեսպաշտական իրավունքը, այլեւ կկորցնի ինքն իրեն», գրում է ադրբեջանական իշխանական կայքը` սպառնալով ամփոփելով. «Մենք ամեն ինչ տեսնում ենք։ Մենք ամեն ինչ հասկանում ենք։ Անհրաժեշտության դեպքում կարձագանքենք` հանգիստ, ճշգրիտ եւ ցավոտ։ Որպեսզի Կիրիենկոյի կամ Մեդինսկու մնացած ատամներից մնան միայն բեկորներ»։
Վախվորած, զգուշավոր գնահատականներ ՌԴ-ից
Հարկ է նկատել, որ Եկատերինբուրգի իրադարձություններից հետո Ռուսաստանից հնչող գնահատականները բավական մեղմ էին ու զգուշավոր: Կարելի է պատկերացնել, եթե Հայաստանում նման ձեւով արձագանքեին Ռուսաստանի գործողություններին` ինչպիսի ուժգին հակահարված կլիներ ՌԴ-ից Հայաստանի վերաբերյալ բոլոր մակարդակներում` լրատվական, փորձագիտական դաշտից մինչեւ իշխանության ներկայացուցիչներ:
Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը համարում է, որ Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Նա նշել է, որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ չէ, որոնց անդամների վերաբերյալ օգտագործվում է ռազմավարական գործընկեր հասկացությունը։ Միեւնույն ժամանակ, նման անդամությունը չի պաշտպանում բացահայտ հակառուսական ուղեգծից, նկատել է նա։ Բացի այդ, Զատուլինը նշել է, որ հայ բնակչությունից Ղարաբաղի մաքրումից հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին։
Հունիսի 29-ին ԱՊՀ գործերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ ՌԴ իրավապահները կատարել են իրենց աշխատանքը՝ անկախ հանցագործների ազգությունից եւ կարիք չկա արձագանքել Ադրբեջանի իշխանությունների գործողություններին, քանի որ նման գործողությունները արդյունավետ չեն։ Վոդոլացկին նկատի էր ունեցել Ադրբեջանի մշակույթի նախարարության որոշումը, որով չեղարկվել էին Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները եւ նշել է, թե գերադասում են առաջնորդվել հետեւյալ սկզբունքով՝ «слон шагает, моська тявкает»։
Բաքուն հակահարձակման անցավ
Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին բավական կոշտ պատասխանել ՌԴ իրավապահների գործողություններին: Հունիսի 30-ին Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն իրականացրեց Ռուսաստանի պետական «Սպուտնիկ» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում, ձերբակալվեցին գործակալության Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Իգոր Կարտավիխը եւ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում էին, թե ձերբակալվել են «Սպուտնիկ Ադրբեջան»-ում «գաղտնի աշխատող Ռուսաստանի ԱԴԾ 2 գործակալներ»: Հուլիսի 1-ին արդեն Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 4 ամսով կալանավորեց «Սպուտնիկ Ադրբեջան»-ի տնօրեն Կարտավիխին եւ խմբագիր Բելոուսովին։
«Այն, ինչ տեղի է ունենում Բաքվում մեր ներկայացուցչության հետ, ընկալում ենք որպես անարդարություն։ «Սպուտնիկ Ադրբեջանի» լրագրողական աշխատանքի նկատմամբ ըստ էության դժգոհություններ չեն եղել եւ չկան։ Ձեւական կողմերը մենք պայմանավորվել ենք կարգավորել ապրիլի 8-ին Մոսկվա ժամանած Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի այցի ընթացքում՝ միջկառավարական համաձայնագրի կնքման միջոցով։ ՌԴ ԱԳՆ-ում այդ բանակցություններին ինքս եմ մասնակցել. Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այդ ժամանակ էլ պայմանավորվել ենք շարունակել «Սպուտնիկ Ադրբեջանի» աշխատանքը Բաքվի առաջարկած ժամանակավոր իրավական սխեմայով», – հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Ապա հավելել է. «Եվ հանկարծ խմբագրություն են մտնում Ադրբեջանի ուժայիններն ու մեր ստորաբաժանման ղեկավարությանը ձերբակալում են որպես «ԱԴԾ աշխատակիցների»՝ ձեռքերը ոլորած եւ գլուխներն իջեցրած, կարծես ահաբեկիչներ լինեն։ Ամեն ինչ կարծես միջպետական հարաբերությունները վատացնելու համար արվող միտումնավոր քայլ լինի…»:
Կիսելյովը փորձել է մեղմացնել լարումը, նկատելով, թե ուզում է հավատալ, որ սա այն դեպքն է, երբ, ինչպես ժամանակին Պուտինն է ասել` «среднее звено гуляет само по себе»։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հարաբերությունները նման բան չեն ենթադրում, շեշտել է նա։
«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», հայտարարեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտնեց. «Ավելի քան երկու ժամ է, ինչ Բաքվում աշխատող մեր դիվանագետները չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ»: Զախարովան՝ մեկնաբանելով «Սպուտնիկ» գործակալության խմբագրատանը սկիզբ առած խուզարկությունները, հավելել էր, որ ՌԴ դեսպանատան հյուպատոսական ծառայության աշխատակիցներին չեն թույլատրում հանդիպել ռուսաստանցի լրագրողների հետ։
Ավելի ուշ Մարիա Զախարովան հայտնեց, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը կանչվել է ԱԳՆ՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։ «Դեսպանը ԱԳՆ է կանչվել ռուսաստանցի այն լրագրողների անօրինական ձերբակալության առթիվ, որոնց գործունեությունը Ադրբեջանի իշխանությունների մոտ տարիներ շարունակ որեւէ դժգոհություն չէր հարուցում», նկատել էր Զախարովան։
Հունիսի 30-ին ռուսաստանյան լրատվականները հայտնեցին, որ Ադրբեջանում ձերբակալվել է ռուսական Ruptly վիդեոգործակալության աշխատակցուհի Այթեքին Հուսեյնովան, որը մասնավոր այցով է գտնվել այնտեղ: Խմբագրության խնդրանքով նա գնացել էր «Սպուտնիկ»-ի գործընկերների ձերբակալության վայր եւ նկարահանել բջջային հեռախոսով։ Այթեքին Հուսեյնովան Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքացի է։
Կրեմլը հույս ունի, որ Ադրբեջանի չափազանց հուզական արձագանքը կփոխարինվի ուղղակի շփումներով եւ պարզաբանմամբ, հուլիսի 1-ին հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում ընդունված կանոններին եւ նորմերին եւ, իհարկե, չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն եւ բնույթին»,- ընդգծել էր նա` հավելելով, որ Մոսկվան առաջիկայում ուղիղ շփումների արդյունքում ձգտելու է հասնել Բաքվում ռուս լրագրողների ազատ արձակմանը: Նկատենք, որ թե «Սպուտնիկ Ադրբեջան»-ի եւ թե Ruptly-ի լրագրողներին Բաքվում անվանում են «ԱԴԾ գործակալներ»։
Հուլիսի 1-ին Ադրբեջանից հաղորդեցին, որ քրեական գործ են հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ՝ Ադրբեջանի քաղաքացիների եւ ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների եւ առանձնահատուկ դաժանությամբ կանխամտածված սպանության փաստի առթիվ: Ադրբեջանի գլխավոր դատախազության պնդմամբ՝ ՌԴ ուժայինները խոշտանգել ու կտտանքների են ենթարկել ադրբեջանցիների անցած շաբաթավերջին Եկատերինբուրգում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ։
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունն էլ «ձեռքերը ծալած» չէր մնացել: Նույն օրը տարածվեցին տեսանյութեր, թե ինչպես են Բաքվում ձերբակալում ՌԴ քաղաքացիների, որոնք, ըստ Բաքվի` կասկածվում են «թմրանյութերի տարանցման եւ առցանց խարդախությունների մեջ»: Այնուհետեւ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին գաղտնի ձայնագրություն, ըստ որի` 2024թ. դեկտեմբերին կործանված ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռը` «խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգի կողմից՝ ՌԴ ՊՆ-ի հրամանով»։
Այս կադրերի հրապարակումից քիչ անց ՌԴ ԱԳՆ-ից հաղորդեցին, որ բանավոր նոտա է հղվել Ադրբեջանի դեսպանին: Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ էր հրավիրվել Բաքվի «ոչ բարեկամական գործողությունների եւ ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ»: Սակայն Բաքուն էլ իր «նոտան» հղեց: Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը: Բողոքը արտահայտվել է` Եկատերինբուրգում Սաֆարով եղբայրների խոշտանգումների եւ սպանության կապակցությամբ։
Նույն օրը երեկոյան Ռուսաստանում ու Ադրբեջանում իրավապահները զուգահեռ գործողությունների դիմեցին: Հաղորդվեց, որ Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Յուսիֆ Խալիլովը։ Ծնունդով Ադրբեջանից Յուսիֆ Խալիլովը տարածաշրջանի ամենամեծ՝ «Ալեքսեեւսկի» շուկայի համասեփականատերն է։ Նա տարածաշրջանում ադրբեջանական սփյուռքի վերահսկողն է: Նա ավելի ուշ ազատ արձակվեց։
Ապա համացանցում կադրեր հայտնվեցին Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար՝ Շահին Շիխլինսկու ձերբակալությունից։ Շիխլինսկու մեքենան կանգնեցվել էր «Բաքու Պլազա» առեւտրի կենտրոնի մոտ. անվտանգության ուժերը կոտրել էին ավտոմեքենայի ապակիները, տղամարդուն դուրս քաշել մեքենայից ու տապալել գետնին: Շիխլինսկին ձերբակալվել էր որդու հետ միասին, բայց ավելի ուշ նա եւս ազատ արձակվեց։
Ի դեպ, ռուս ռազմական թղթակից, բլոգեր, վերլուծաբան Յուրի Կոտենոկը տելեգրամյան իր ալիքում նկարագրելով Շիխլինսկու ձերբակալման կադրերը, նշել էր. «Կադրում ակնհայտորեն երեւում է իրավապահ մարմինների աշխատակցի դեմ մահափորձ։ Արդյունքում նա նույնպես վիրավորվել է։ Հայտնի է, որ վարորդը Շահին Շիխլինսկու որդին էր։ Հայտնի է նաեւ, որ հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել։ Ինչպե՞ս է դա ընդհանրապես հնարավոր…»։ Փաստորեն, Շիխլինսկու իրավաբան որդին, որը հորը կալանավորելիս գետնին էր տապալել ՌԴ ԱԴԾ սպային, նույնիսկ չի էլ կալանավորվել։ Սույն փաստն, ի դեպ, ռուսաստանյան տելեգրամյան ալիքներում մեծ դժգոհություն էր առաջացրել, եւ Յուրի Կոտենոկից բացի, այլ բլոգերներ եւս զարմանք էին արտահայտել, որ օրինախախտ երիտասարդը ոչ միայն ազատության մեջ էր, այլեւ հարցազրույցներ էր տալիս իրավիճակի վերաբերյալ:
Իսկ Շահին Շիխլինսկին հարցաքննվել էր մի քանի օր առաջ Եկատերինբուրգում անվտանգության ուժերի կողմից անցկացված խուզարկության ժամանակ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Ադրբեջանի ծագումով անձը նախկինում համարվում էր հնարավոր «շահառու» Յունիս Փաշաեւի սպանության գործում, որը 2001-ին փողոցում դանակահարվել էր։
Այնուհետեւ Ադրբեջանի ԶԼՄ-ները հրապարակեցին ՌԴ քաղաքացիների ձերբակալությունների կադրերը: Տեսանյութերի կադրերում ռուսաստանյան տելեգրամյան ալիքները ինդենտիֆիկացրել էին ՏՏ ոլորտի մասնագետների, երիտասարդ գործարարների: Նրանց բոլորի դեմքին բռնության հետքեր էին: Ծեծվածներից մեկն, օրինակ, 40-ամյա գործարար Անտոն Դրաչեւն էր, Ռուսաստանում Airo առցանց քիմմաքրման ընկերության համահիմնադիրը:
Ինչպես հաղորդում էին ադրբեջանական լրատվականները` Ռուսաստանի քաղաքացիները Բաքվում ձերբակալվել էին` «Իրանից թմրանյութերի տարանցման կասկածանքով»: Նրանք դատարան բերվեցին տեսախցիկների առջեւ: Բաքուն ակնհայտորեն դիտավորյալ հրապարակում էր նրանց դեմքը դատարանի դահլիճից` բռնության հետքերով: Հայտնի է, որ ՌԴ նշյալ քաղաքացիներից 8-ը, որոնց Բաքուն անվանում է «հանցավոր խմբավորման անդամներ», կալանավորվել են 4 ամսով։
Ռուսաստանի պաշտոնական պատասխանը Ադրբեջանի կողմից, մեղմ ասած, ոչ հարգալից գործողություններին, հնչեց հուլիսի 2-ին` Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մակարդակով. «Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար բարեկամական հարաբերությունները չափազանց կարեւոր են»։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2025