«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից:
Ինչպե՞ս ճիշտ կազմել լիազորագիրը
Լիազորագիրը քաղաքացիաիրավական շրջանառության մեջ հաճախ օգտագործվող իրավաբանական փաստաթղթերից մեկն է, որը մեր կողմից բնորոշվում է նաեւ որպես «վստահության փաստաթուղթ»:
Եթե անձը հարգելի պատճառներով չի կարողանում անձամբ մասնակցել իր իրավունքներին եւ պարտականություններին վերաբերող ընթացակարգերին (օրինակ՝ անձը մեկնելու է երկրից, գտնվում է պայմանագրային կամ ժամկետային ծառայության մեջ, դատական պաշտպանության նպատակով դիմել է փաստաբանի եւ այլն), ապա նա կարող է տալ հատուկ գրավոր փաստաթուղթ, որը հաստատում է իր անունից գործելու ներկայացուցչի լիազորությունները:
Կարդացեք նաև
Այդ փաստաթուղթը լիազորագիրն է, որն անհրաժեշտ է իրավական նշանակություն ունեցող, նաեւ նոտարական ձեւ պահանջող գործարքներ կատարելիս։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի համաձայն՝ «Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջեւ ներկայացվելու համար»:
Լիազորագիրը հաստատում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձն ունի այլ անձի անունից պաշտոնական ներկայացուցչության իրավունք: Այն կարող է տրվել որոշակի ժամկետով եւ տարբեր նպատակներով՝ լիազորվողի երկրում պայմանագրեր կնքելու, գույք գնելու, դատարանում շահերը պաշտպանելու եւ այլ գործողությունների համար։
Լիազորագրին առնչվող թեմայի շրջանակներում քաղաքացիներին ավելի շատ հուզում է այն հարցը, թե ի՞նչ պետք է նշվի լիազորագրում եւ ինչպես ճիշտ կազմել այն
Լիազորագիրը վավեր է, եթե այն պարունակում է առնվազն հետեւյալ վավերապայմանները՝
- տրման ամսաթիվը,
- ամբողջական տեղեկություն լիազորողի եւ ներկայացուցչի մասին (անձնագրային տվյալներ, հաշվառման եւ բնակության հասցեն, ցանկալի է նշել նաեւ հեռախոսահամարը),
- ներկայացուցչի լիազորությունների ծավալն ու
- լիազորողի ստորագրությունը:
Տրման ամսաթիվ: Կարող է նշվել թվերով կամ՝ բառերով: Սա շատ կարեւոր տեղեկություն է, քանի որ լիազորագրի տրման օրվանից է հաշվվում ներկայացուցչի լիազորությունների ժամկետը։
Տեղեկություն լիազորողի եւ ներկայացուցչի մասին: Դրանք են՝ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը եւ վայրը, նաեւ՝ անձնագրային տվյալները:
Ներկայացուցչի լիազորությունները: Այն իրավունքները, որոնք լիազորողը փոխանցում է ներկայացուցչին, պետք է լինեն օրինական, իրականացվելի եւ կոնկրետ, այսինքն՝ նման գործողություն կատարելու համար օրենքով արգելք չլինի, այդ իրավունքը հնարավոր լինի իրականացնել, ինչպես նաեւ հստակորեն ու սպառիչ նշվի ներկայացուցչի լիազորությունների ծավալը:
Օրինակ, դուք կարող եք լիազորել անձին կնքել նվիրատվության պայմանագիր, վարձակալության տրամադրել բնակարանը կամ՝ ստանալ ծանրոց, բայց անհնար է լիազորել ինչ-որ մեկին ամուսնանալ կամ ստանալ անձնագիր:
Խորհուրդ է տրվում լիազորագրում նշել գործարքների կնքման առավելագույն գումարային չափը, նաեւ մանրամասն ու հասկանալի ձեւով նշել բոլոր օրինական պայմաններն ու սահմանափակումները, ինչպես նաեւ՝ արդյո՞ք ներկայացուցիչը կարող է այլ անձի վերալիազորել, թե՝ ոչ:
Կախված ներկայացուցչական լիազորությունների ծավալից, լիազորագրերը լինում են մի քանի տեսակի:
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ: Տրվում է մեկ իրավաբանական գործողության կատարման համար։ Օրինակ՝ ծանրոցներ ստանալու կամ՝ ուղարկելու լիազորագիր։
ՀԱՏՈՒԿ: Այս տիպի լիազորագիր տրվում է մի շարք նմանատիպ գործողություններ կատարելու կամ որոշակի ժամկետում նույն գործողությունը պարբերաբար կատարելու համար: Օրինակ՝ գործը վարել դատարանում, կադաստրում գրանցել անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, 6 ամիս ստանալ աշխատավարձը եւ այլն:
ԸՆԴՀԱՆՈՒՐ: Այս լիազորագրի դեպքում ներկայացուցչին տրվում է առավելագույն չափով լիազորություններ: Օրինակ՝ գույքի օգտագործում եւ վաճառք, լիազորողի շահերի ներկայացում բոլոր մարմիններում եւ կազմակերպություններում եւ այլն։
Պետք է հիշել, որ նոտարական ձեւ պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը: Սովորաբար այդպիսիք են անշարժ գույքի հետ կապված գործարքները:
Իսկ իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:
Ինչպես բիզնես գործունեության, այնպես էլ առօրեական իրավահարաբերությունների շրջանակներում տրվող լիազորագրի դեպքում խիստ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տրման ու գործողության ժամկետին, քանի որ երկար ժամկետով ու լայն լիազորություններով տրված լիազորագիրը կարող է խնդիրներ առաջացնել հենց տվողի համար: Լիազորագիրը ժամկետային փաստաթուղթ է, սակայն նրա գործողության առավելագույն ժամկետը սահմանափակված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել: Ընդ որում, եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից 1 տարվա ընթացքում:
Լիազորագրում պետք է նշված լինի նաեւ դրա կատարման տարին, ամիսը եւ ամսաթիվը, հակառակ դեպքում այն առոչինչ է:
Իսկ ի՞նչ պետք է իմանալ վերալիազորման մասին
Վերալիազորումը սկզբնապես լիազորված անձի լիազորությունների փոխանցումն է մեկ այլ անձի լիազորագիր տալու միջոցով:
Լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է: Սակայն կյանքում լինում են դեպքեր, երբ անձն օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չի կարողանում անձամբ կատարել լիազորագրում նշված լիազորությունները, հետեւաբար՝ առաջանում է վերալիազորման անհրաժեշտություն:
Վերալիազորումը կարող է կատարվել՝
- եթե ներկայացուցիչը լիազորված է վերալիազորել,
- եթե հանգամանքների բերումով ներկայացուցիչը ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար:
Լիազորություններն այլ անձի փոխանցողը պետք է այդ մասին տեղեկացնի լիազորողին եւ նրան անհրաժեշտ տեղեկություններ հաղորդի այն անձի վերաբերյալ, ում փոխանցված են լիազորությունները:
Այս պարտականությունը չկատարած լիազորություն փոխանցողը պատասխանատվություն է կրում այն անձի գործողությունների համար, ում նա փոխանցել է լիազորությունը` որպես իր սեփական գործողությունների:
Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը ենթակա է նոտարական վավերացման, եւ նոտարն այն վավերացնում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում: Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածից ավելի իրավունքներ, իսկ գործողության ժամկետը չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը:
Պետք է իմանալ, որ վերալիազորման կարգով տրված լիազորագրով նախատեսված լիազորությունների վերալիազորում չի թույլատրվում:
Պատրաստեց
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաեւ ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:
«Առավոտ» օրաթերթ
03.07.2025