Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակրոնությունից» մինչեւ «ՌԴ գործակալ»

Հուլիս 04,2025 10:00

Երբ բռնապետի մտքով ինչ-որ բան է անցնում անել, նա այդ գործողությունն իրականացնելու համար մշտապես ինչ-որ «հիմնավորումներ» է գտնում, երբեմն տարբեր եւ իրար հակասող: Պուտինն, օրինակ, սկզբից ասում էր, որ Ուկրաինայի դեմ իր սկսած պատերազմի նպատակն այդ երկրի «դենացիֆիկացիան» է: Բայց այդ «հիմնավորումն» այնքան էլ համոզիչ չէր, եւ դրանից հետո 4-5 տեսակի «փաստարկ» բերվեց, թե ինչու էր պետք հարձակվել հարեւան պետության վրա:

Ավելի փոքր մասշտաբի բռնապետերը հիմնականում զբաղված են «ներքին հակառակորդների» դեմ պայքարով: Փաշինյանին, օրինակ, դուր չի գալիս Մայր Աթոռի դիրքորոշումն Արցախի հարցում՝ նա կարծում է, որ այդ դիրքորոշումը խոչընդոտում է «խաղաղության օրակարգին»: Ի՞նչ անել: Սկզբից մեջտեղ բերվեց «կուսակրոնության ուխտը»: Բայց շատ արագ պարզ դարձավ, որ այդ «հիմնավորումը» զավեշտալի է՝ ինչո՞ւ է գործադիր իշխանության ղեկավարը հանկարծ որոշել հետաքրքրվել այդ հարցով, նախաձեռնող խումբ ստեղծել, ինչո՞ւ է որոշել խորանալ հոգեւորականների եւ Աստծո հարաբերությունների մեջ:

Քանի որ այդ հիմնավորումը «չանցավ», որոշվել է գնալ «աշխարհիկ» (այսինքն՝ ուժային) ճանապարհով. հայտարարվել է, որ կառավարությանը քննադատող հոգեւորականները ահաբեկիչներ են, որ Բագրատ սրբազանը ցանկանում էր նոր «հոկտեմբերի 27» սարքել եւ այլն: «Լայն զանգվածների» ներկայացուցիչները նման անհեթեթություններին հավատում են, բայց դատարանում, նույնիսկ փաշինյանական դատարանում, նման բան ապացուցելը շատ դժվար կլինի: Հիշենք, թե ինչ ճակատագիր ունեցավ, օրինակ, Արթուր Վանեցյանի «դավադրության» եւ «հիբրիդային պատերազմի» գործը: Բնականաբար, Սամվել Կարապետյանի «իշխանությունը բռնազավթելու» կոչերին նույն ճակատագիրն է սպասում:

Բայց դավադրություններ եւ մեղադրանքներ մոգոնելու եւ դրանց հիման վրա մարդկանց ազատազրկելու ու նրանցից սեփականություն խլելու առումով այսօրվա իշխանությունների երեւակայությունն անսպառ է: Ենթադրում եմ, որ ընդդիմախոսներին հետապնդելու հաջորդ «հիմնավորումն» է լինելու՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելը: «Գործակալական ցանց» բառակապակցությունը իշխանական քարոզիչները շատ են սիրում:

…Պետք է զգուշացնել Սամվել Ալեքսանյանին, որ հանկարծ «սխալ բաներ» չխոսի ու «սխալ տեղեր» չգնա: Թե չէ «Երեւան-սիթի»-ն «կպետականացնեն»: Ափսոս է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031